accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Կյանքը դիալիզի հետ

0

Երիկամները բուժելու համար դիալիզ ստանալիս հավանաբար ձեր ամբողջ ժամանակը ֆիզիկական առողջությունը վերականգնելու վրա եք ծախսում: Ինչ խոսք, դա կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև ձեր հոգեբանական և զգացմունքային կայունությունը:

Դիալիզը թեև կյանքի համար սպառնալիք չէ, բայց հիմնովին փոխում է այն: Ձեր հոգեկան առողջության մասին հոգալով, անհրաժեշտության դեպքում օգնության դիմելով` դուք կարող եք լիարժեք կյանքով ապրել, անկախ այն բանից, որ դիալիզի կարիք ունեք: Նախ և առաջ պետք է հիշել, որ առաջինը չեք ու ոչ էլ վերջինն եք լինելու: Աշխարհում ձեզ պես, ձեր խնդիրներն ու դժվարություններն ունեցող հազարավոր մարդիկ են ապրում:

Զգացմունքների խառնաշփոթ

Դիալիզը ժամանակատար է ու մեծ աշխատանք է պահանջում: Բուժման ամբողջ ընթացքում հարկավոր է ուշադրությամբ հետևել սննդակարգին ու ընդունած հեղուկների քանակին: Նոր սննդակարգին, օրակարգային փոփոխություններին վարժվելու համար ժամանակ ու ջանքեր են հարկավոր:

Իմանալով, որ դիալիզի կարիք ունեն, մարդիկ բուռն հույզեր են ունենում: Հաճախ առաջին արձագանքը շոկային է լինում: Մարդիկ սկզբում կա՛մ չեն ընդունում իրականությունը, կա՛մ ոչ մի կերպ չեն կարողանում արձագանքել: Զայրույթը, հուսահատությունն ու տխրությունը, ցավի զգացումը նորմալ են այն մարդու համար, ում նոր են հայտնել խնդիրների մասին: Մարդիկ հայացք են գցում անցյալին, հասկանալու համար, թե ինչ սխալներ են կատարել ու ինչ կարող էին անել:

Զգացմունքները, սակայն, միշտ չէ, որ բացասական են: Մարդիկ, ովքեր նախապես գիտեին, որ հնարավոր է՝ դիալիզի կարիք ունենան, այդ ժամանակ ավելի թեթևացած են զգում իրենց: Օրինակ՝ երիկամի փոխպատվաստման ակնկալիք ունեցող մարդիկ հակասական զգացողություններ են ունենում. վախ, անհանգստություն և, դրանց զուգահեռ՝ նաև լավատեսություն: Ինչ զգացողություններ էլ ունենաք, պետք է կարողանաք ընդունել ձեր նոր կարգավիճակը, համակերպվել ու սկսել մտածել ապագայի մասին, այն մասին, թե ինչպես եք ձեր առօրյան համադրելու դիալիզի հետ: Պետք է քայլեր ձեռնարկել ընկճվածությունն ու հուսահատությունը հաղթահարելու համար:

Ի՞նչ անել սթրեսից ու բացասական մտքերից ազատվելու համար

Զբաղվեք այն ամենով, ինչ հաճույք է պարգևում ձեզ: Մի՛ թողեք, որ դիալիզը խոչընդոտի սիրելի գործով զբաղվել: Շատ կարևոր է շարունակել տեղ տալ նախքան դիալիզն ունեցած նախասիրություններին: Պետք է պարզապես դրանք համապատասխանեցնել ձեր նոր օրակարգին ու դիալիզի պահանջներին: Կարող եք շարունակել աշխատել, շփվել ընկերների հետ: Մարդիկ, ովքեր առաջ գնալու քայլեր են կատարում, անկախ դիալիզից, ավելի երջանիկ ու առողջ լինելու մեծ հնարավորություն ունեն:

Կրթվեք: Տեղեկություններ հավաքեք ու հարցեր տվեք դիալիզի մասին, որպեսզի հասկանաք խնդրի էությունն ու կենսակերպի փոփոխությունները, որ բուժման գործընթացը բերում է իր հետ: Գրի առե՛ք բոլոր հարցերն և բժշկին այցելելիս փորձեք պարզաբանում ստանալ: Ձեր խնդրի և առհասարակ դիալիզի մասին ամբողջ ինֆորմացիային տիրապետելով՝ դուք ավելի ինքնավստահ կլինեք ու ավելի հեշտությամբ կվերահսկեք թե՛ ձեր զգացմունքները և թե՛ օրգանիզմը:

Կապի մեջ եղեք մյուս մարդկանց հետ: Ընդունե՛ք ձեր զուգընկերոջ, ընտանիքի, ընկերների աջակցությունը: Անկե՛ղծ եղեք ձեր ապրումներն արտահայտելիս ու մի՛ վախեցեք օգնություն խնդրելուց: Բացատրե՛ք, թե հատկապես ինչի կարիք ունեք. ձեր մտերիմները, անշուշտ, կցանկանան օգնել, բայց, հնարավոր է՝ չիմանան՝ ինչպե՛ս:

Լրացուցիչ աջակցությո՛ւն փնտրեք: Որքան էլ ձեր ընկերներն ու ընտանիքը մտերիմ լինեն, գուցե հարմարավետ չզգաք նրանց հետ զրուցելիս, որովհետև մինչև վերջ չեն կարող ձեզ հասկանալ՝ ձեր իրավիճակում չգտնվելու պարզ պատճառով: Ձեր բժշկի հետ խորհրդակցե՛ք երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց աջակցության խմբեր գտնելու և անդամագրվելու համար: Սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում:

Խոր շունչ քաշեք ու փորձեք թուլացնել նյարդերը: Ֆիզիկական թեթև վարժությունները կարող են օգնել տրամադրությունը բարձրացնելու: Բժշկի հետ խորհրդակցե՛ք, որպեսզի խուսափեք հակացուցված վարժություններ կատարելուց:

Շարունակե՛ք օգտակար լինել այն մարդկանց, ում սիրում եք: Բարեգործությունն ու այլոց նկատմամբ հոգատարությունը թույլ կտան գիտակցել, որ շարունակում եք օգտակար գործով զբաղվել, որ արժեքներ ունեք, որ կարող եք նախկինի պես պատասխանատվություն ստանձնել ու պատվով հաղթահարել:

Դիմե՛ք մասնագետի օգնությանը: Հոգեբանները, սոցիալական աշխատողները և հոգեկան առողջության պահպանմամբ զբաղվող այլ մասնագետներ կօգնեն կառավարելու հույզերն ու դրական տրամադրվել:

Նշաններ, որ կհուշեն.  ձեզ օգնություն է անհրաժեշտ

Նորմալ է, երբ դիալիզին հարմարվելու շրջանում տրամադրության անկում եք ունենում, սակայն կան մարդիկ, որոնց մոտ դեպրեսիա է սկսվում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երիկամների քրոնիկական խնդիրներ ունեցող 5 մարդուց 1-ը դեպրեսիայի մեջ է: 2008-ին արված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ դիալիզ ստացող մարդկանց 40%-ը տագնապային աստիճանի անհանգստության մեջ է:

Դուք օգնության կարիք ունեք, եթե.

  • Հուսալքված եք
  • Հաճախ լարված եք կամ անհանգիստ
  • Շատ եք քնում կամ ավելի քիչ, քան նախկինում
  • Հաճախ դյուրագրգիռ եք ընկերների և ընտանիքի անդամների հետ
  • Հեռանում եք մարդկանցից կամ գործողություններից, որոնց նախկինում ավելի մոտ էիք
  • Գիտակցաբար անառողջ բաներ եք անում կամ դեղամիջոցները չեք ընդունում
  • Արդարանում եք բժշկի ցուցումներին չհետևելիս

Եթե անհանգստանում եք ձեր հոգեհուզական վիճակի համար, հիշեք, որ կան մարդիկ, ովքեր կարող են օգնել ձեզ: Սկսած ձեր կլինիկայի մասնագետներից մինչև անձնական հոգեբանները՝ կարող են օգնել ձեզ վերականգնելու հոգու հանգստությունն ու ավելի հավասարակշռված գործելու:

Դուք կարող եք նաև հակադեպրեսանտներ ընդունել, բայց ցանկալի է, որ առանց բժշկի ցուցումների չդիմեք այդ քայլին:

Առաջ շարժվեք

Նոր ու օգտակար սովորություներ որդեգրելը ժամանակատար է: Սխալվելու դեպքում ինքնախարազանմամբ մի՛ զբաղվեք: Սխալների մասին մտածելու փոխարեն ավելի լավ է հասկանաք, թե չսխալվելու համար ինչ կարող էիք անել ու այդպես առաջ շարժվել: Երիկամների քրոնիկական խնդիրները բարդ, բայց կառավարելի են: Ճիշտ կենսակերպի ու նպատակային աջակցության շնորհիվ կարող եք վերահսկել ձեր հոգեբանական ու ֆիզիկական առողջությունը: Դա է ներդաշնակ ու լիարժեք կյանքի բանալին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.