accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հանրապետական առաջնությունների փոխարեն մեզ ոչինչ չտվող փառատոններ են կազմակերպվում

0

Թեև Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն արդեն 20 տարեկան է, այնուամենայնիվ, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի զարգացման մասին խոսելը դժվար է: Մեր երկիրն առաջին անգամ 1996-ին մասնակցեց պարալիմպիկ խաղերին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 20 տարում պարալիմպիկի մասնակից մեր մարզիկների թիվը նվազել է. եթե առաջին տարիներին Հայաստանն առնվազն 5 մասնակից է ներկայացրել, ապա վերջին` Բրազիլիայի ամառային խաղերում, ընդամենը 2 մասնակից է մեկնել մեր երկրից:

Պատճառների, բացթողումների և ձեռքբերումների մասին զրուցել ենք 2009-ին հիմնադրված Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի քարտուղար և համահիմնադիր Վարդուհի Արամյանի հետ:

- Ի՞նչ է անում Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան պետական մարմինների հետ համագործակցության համար:

- Ազնիվ կլինեմ ու ասեմ, որ մեր պետությանը հետաքրքիր չեն մեր կառույցն ու մեր ծավալած գործունեությունը: Սա բնավ էլ անձնական կարծիք չէ: 2013-ին անցկացրել ենք «Հաշմանդամ երիտասարդները սպորտում» ուսումնասիրություն, որում մեջբերված է նաև նախարարության աշխատակցի հայտարարությունը: Այնտեղ հստակ ասվում է, որ պետությունը հաշմանդամային սպորտի զարգացման պատասխանատուն չէ: Պետությունը ցանկանում է հնարավորինս հեռու մնալ այդ պատասխանատվությունից, քանի որ դա ֆինանսական լրացուցիչ միջոցներ է պահանջում, լուրջ համակարգի ներդրման կարիք կա: Դեռևս 2005-ին մշակվել է բավականին վատ հնչող «Հաշմանդամ և արատներ ունեցող երեխաների սպորտային մարզումների կարգ» կառավարության որոշումը, որում նշված է, որ պետք է լրացուցիչ խմբեր բացել կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին կցել մյուս խմբերին, ավելացնել մարզիչների թիվը, նրանց ավելի շատ վարձատրել: Դեռևս 11 տարի առաջ ինչ-որ բան գրվել է, նշանակում է` կարիք է եղել: Գրվածը, սակայն, երբեք չի գործել: Որքան էլ օրենքը վատն է, մինչև չգործի` չենք հասկանա, որ բացեր ունի ու պետք է փոխել:

Մենք փորձում ենք աշխատել այն մարզաձևերի շրջանակներում, որոնք որևէ մեկից կախված չեն: Փորձում ենք առաջնությունների մասնակցել, նաև ինքներս կազմակերպել: Մեր ծավալած գործունեության ճյուղերից մեկն առագաստանավային սպորտի զարգացումն է:

Առագաստանավ

- Կա՞ն մարզիկներ, որոնց հետ դուք աշխատում եք:

- Մենք ֆինանսավորում չունենք: Ֆեդերացիայի համար իրականում շատ դժվար է, այդուհանդերձ, չենք դադարում աշխատել: Օրինակ՝ մեր աշխատանքի շնորհիվ 2009-ին Հայաստան է բերվել բոչիա մարզաձևը, որը ֆիզիկական ամենածանր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է: 2010-ին Հայաստանի բոչիայի առաջին առաջնությունն է անցկացվել, որից հետո ամեն տարի ԼՂՀ-ում պետական ֆինանսավորում է տրվում մեր գործընկեր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, որն էլ կազմակերպում է առաջնությունը: Մեր ֆերեդացիան սպորտային մասի պատասխանատուն է:

Այսօր մեր ֆեդերացիան աշխատում է հաշմանդամություն ունեցող առագաստանավորդների հետ: Նրանք մարզվում են մեզ մոտ, բայց դեռ այն մակարդակը չէ, որպեսզի կարողանանք միջազգային ասպարեզ դուրս գալ: Դրա համար հատուկ գույք, հատուկ նավեր են պետք, որ մենք չունենք: Այնինչ դրանք արդեն 20 տարի պարալիմպիկ կոմիտեի բակում փտում են արևի տակ: Պետությունը պետք է համախմբի բոլորին, բայց չի անում, որովհետև իրեն ձեռնտու չէ:

- Փորձե՞լ եք համագործակցության եզր գտնել ու վերցնել նավերը:

- Փորձել ենք, ուզել ենք, խնդրել ենք, համոզել ենք՝ ապարդյուն: Նախարարությանը հորդորել ենք միջնորդել՝ ապարդյուն: Չեն ցանկանում համագործակցել, չեն ցանկանում նավերը տրամադրել և վերջ:

Սպորտ

- Ի՞նչ կասեք պարալիմպիկ մազաձևերի փառատոնի մասին:

- 18 տարի է՝ նույն բանն է: Փողոցից մարդկանց վերցնում, բերում են մասնակցելու: Դա որևէ լուրջ նպատակ չի հետապնդում, պարզապես ծախսվում են պետության հատկացրած գումարները: Ի՞նչ է արվում. փողը վերցնում տալիս են Կարմիր խաչ կոչվող բիզնես կենտրոնին: 3 օր այնտեղ լավ ժամանակ անցկացնելուց և մի փոքր էլ խաղալուց հետո ամեն ինչ վերջանում է, բայց երբեք այդ փառատոնից լավագույն մարզիկ չի ընտրվում: Պատճառն այն է, որ դա ուղղակի փառատոն է, իսկ եթե դրա փոխարեն առաջնություն անցկացվեր, ամեն ինչ այլ կլիներ: Գիտեք, սա արվում է նաև, որպեսզի որևէ տեղ որևէ ակումբ չզարգանա: Մարդիկ սարսափում են մրցակցությունից: Որքան լճացած մնա իրավիճակը, այնքան հեշտ կլինի պղտոր ջրում ձուկ բռնել:

- Որտեղի՞ց է սկսում պարալիմպիկ խաղերի հայաստանյան մարզիկների կարիերան:

- Նրանք մի օր ինչ-որ տեղից ուղղակի հայտնվում են շատ տարերայնորեն: Կարող ենք մի օր մարզիկներ ունենալ, մի օր էլ՝ չունենալ: Շատ նորմալ է, երբ մարդը ցանկություն է ունենում սպորտով զբաղվելու: Խոսքը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց: Երբ ձգտում կա, մարդը տարբերակ է գտնում մարզվելու, և նրանք, ովքեր որոշակի հաջողության են հասնում, մի օր հայտնվում են նաև պարալիմպիկ խաղերում: Մեր դեպքում պարալիմպիկ խաղերին մասնակցողները պրոֆեսիոնալ չեն: Դրա առաջին պատճառը հաշմանդամություն ունեցող երեխաների համար բաց, նրանց ընդունելու պատրաստ մարզական ակումբների բացակայությունն է: Երբ հաշմանդամություն չունեցող երեխան որևէ մարզական խմբակի անդամ է դառնում, որևէ մեկը չի ասում, որ նա մարզիկ է: Առաջին 2 տարում նա պարզապես խմբակի սան է: Ժամանակի հետ նա աստիճան առ աստիճան բարձրանում է ու որոշակի վարպետություն ձեռք բերում, դրանից հետո միայն մարզիկ է համարվում: Հաշմանդամություն ունեցող երեխայի համար այս պայմանները բացակայում են: Պետք է նշել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները վերջիններիս մարզաձևի պարապմունքների տանում են բացառապես առողջական նպատակներով: Խնդիրն այն է, որ մարզիչներն էլ են այդպես մտածում: Սա հասարակության մեջ մարդուն բժշկական մոդելով դիտարկելու սովորույթի արմատացած լինելու հետևանքն է: Այս պարագայում գերնպատակը ոչ թե մարդու կյանքի որակի բարելավումն է, այլ նրան ամեն գնով բուժելը: Արդյունքում ունենում ենք «չբուժված» մարդիկ ու չկայացած մարզիկներ:

Մյուս խնդիրը երկրում գործող մանկապատանեկան շուրջ 165 մարզադպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված խմբերի բացակայությունն է: Չկա նաև մոտեցում, քանի որ առանձին խումբ չունենալու դեպքում էլ տարբեր մարզաձևերում հաշմանդամություն ունեցող երեխաներին կարելի է ընդգրկել մյուս երեխաներից բաղկացած խմբերում: Ստացվում է, որ բոլոր երեխաների համար բացված պետական մարզադպրոցները իրականում բոլոր երեխաների համար չեն:

- Ի՞նչ ճանապարհ է անցնում մարզիկը պարալիմպիկ խաղերին մասնակցելուց առաջ:

- Որպես կանոն, մարզիկը պետք է պարալիմպիկ միջազգային կոմիտեի ցանկում գտնվող միջազգային որևէ մրցաշարի մասնակցություն ունենա, ապա այդ արդյունքով կարողանա հայտ ներկայացնել ու մասնակցել պարալիմպիկ խաղերին: Հայաստանի համար դա բարդ է, քանի որ միջազգային հարթակ մարզիկը պետք է դուրս գա ներքին մրցաշարերին մասնակցելու արդյունքում: Սա լուրջ խնդիր է, քանի որ դրանից առաջ մարզիկը նախ պետք է ներպետական առաջնությունների մասնակցի: Դրանք չկան մեր երկրում: Դրա պատճառն էլ պրոֆեսիոնալ մարզիկներ չունենալն ու այս ոլորտի բարձիթողի վիճակն է: Փակ շրջան է, ու հարցերը փոխկապակցված են, լուծումները՝ ևս: Հանրապետական հաշմանդամային առաջնությունների անցկացման փոխարեն մեզ ոչինչ չտվող, զարգացում չապահովվող փառատոներ են կազմակերպվում: Պետք է ակումբներ ստեղծվեն: Մարզադպրոցները պետք է բաց լինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, հանրապետական առաջնություններ անցկացվեն: Զարգացման այլ տարբերակ չկա: Ներսում ոչինչ չունենալու դեպքում ինչպե՞ս կարող ենք միջազգային ասպարեզ դուրս գալ: Ես ու ամբողջ ֆեդերացիան դեմ ենք, որ բյուջեի միջոցներն անիմաստ ծախսվեն՝ ոչինչ չտվող փառատոներ անցկացնելու համար:

- Այդ դեպքում ինչպե՞ս են մեր մարզիկները մասնակցում խաղերին:

- Հաշմանդամային սպորտի ընդհանուր կառուցվածքը բավականին բարդ է ու միանշանակ չէ: Մեզանում հստակ կառուցվածք չկա, այդ իսկ պատճառով այն երկրների շարքում ենք, որտեղ հաշմանդամային սպորտը պարզապես չի զարգանում, պայմաններ չկան, և այդ երկրները Պարալիմպիկ միջազգային կոմիտեից խրախուսվելով՝ խաղերին մասնակցելու վայրի քարտ են ստանում (wild card): Մեր երկիրը ներկայացնող մարզիկները պարզապես ստանում են մասնակցության իրավունք, այլ ոչ թե վաստակում: Նշեմ, որ այդ քարտերը բոլոր մարզաձևերի համար չեն, դրանք տրվում են հիմնականում ոչ մասսայական մարզաձևերի համար: Հայաստանը գրեթե մշտապես մասնակցում է հենց այդ քարտերի շնորհիվ: Սակայն, օրինակ՝ Լոնդոնի պարալիմպիկ խաղերին մեր լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը միջազգային մրցաշարերի մասնակցության հաշվին կարողացել էր ապահովել պարալիմպիկի մասնակցությունը:

Դահուկորդներ

- Ի՞նչ պետք է արվի սերնդափոխություն ապահովելու համար:

 – Պետք է ուշադիր ու հետևողական լինել նման դեպքում, բայց չի ստացվում: Ծրագրի քննարկում չի եղել ոլորտի կառույցների և կազմակերպությունների հետ, բացի այդ, ցանկացած առաջարկ պետությունը մերժում է, պատճառաբանելով, թե ինքը հաշմանդամային սպորտի պատասխանատուն չէ, ու նաև՝ համապատասխան միջոցներ չկան: Մենք ծրագիրը պատրաստ վիճակում ենք տեսել: Պետությունը ֆինանսավորում է մի քանի ՀԿ-ների (Խուլերի միջազգային սպորտային կոմիտեին, Հատուկ օլիմպիադաներ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար սպորտային կազմակերպությանը, պարալիմպիկ կոմիտեին, կույրերի միավորմանը), և երբ սկսում ես խոսել, քննադատել, ներկայացնում են այդ չորս կազմակերպություններին, ու սկսվում է նրանց պայքարն ընդդեմ ֆինանսավորում չստացող ՀԿ-ների:

Բայց շատ բան կարող ենք ունենալ: Հաշմանդամային սպորտին այսօր միայն պրոֆեսիոնալ մարզիչներ են անհրաժեշտ: Նրանք պետք է ոչ հաշմանդամային սպորտից գան, քանի որ դրսից նրանց չենք հրավիրելու: Հայաստանն այսօր ռեսուրսներ ունի, մարզասրահների, գույքի,  մարզիկների խնդիր չկա: Մենք պարզապես ժամանակ ենք կորցնում սխալ քայլերի հաշվին: Մենք շատ-շատ հետ ենք, քանի որ աշխարհը շատ ինտենսիվ քայլերով է առաջ գնում:

- Եթե ամփոփելու լինենք 2016 թվականի պարալիմպիկ խաղերը՝ գո՞հ ենք մեր արդյունքներից:

- Մենք պաուերլիֆթինգից (ծանրաձողի պառկած հրում) 96 կգ քաշային կարգում 5-րդ տեղ ունենք, որը վատ արդյունք չէ: Կարելի է շնորհավորել Գրետա Վարդանյանին: Մեր լավագույն արդյունքը՝ կրկին ծանրամարտից, 4-րդ հորիզոնականն է եղել Ատլանտայի պարալիմպիկ խաղերում՝ 1996 թ.: Լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանն էլ վերջին հորիզոնականով ամփոփեց խաղերը:

Նրանցից բացի, ունենք նաև արդեն 40-ամյա դահուկորդ Մհեր Ավանեսյանին, ով, ենթադրենք, կարողացավ նաև 2018-ի ձմեռային խաղերին մասնակցել: Իսկ հետո՞… Ովքե՞ր են նրանց փոխարինելու: Խնդիրն այն է, որ ոլորտը պետք է սպորտային հոտառություն ունեցող մարդիկ ղեկավարեն, որպեսզի զարգացում ունենանք:

Լուսանկարները՝ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի արխիվից

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.