accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

Արդյո՞ք նրանց ուզածը թոշակն է

0

Պաշտպանության նոր նախարարն արդեն ՀՀ նախագահին է ներկայացրել մի «փայլուն» գաղափար, որը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ըստ նախագծի` հաշմանդամություն ունեցող զինծառայողների սոցիալական աջակցությունն ապահովելու համար ՀՀ աշխատող քաղաքացիները ամսական 1000 դրամ տրամադրելով 20 տարի շարունակ կլուծեն նրանց ապահովագրավճարը, որը պետությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել այն գումարներով, որն այսպես թե այնպես հարկում է ՀՀ քաղաքացիներից: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ  հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքելու է կամավոր նվիրատվություններ:

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում քննարկման առարկա է դարձել նախատեսվող հիմնադրամի թափանցիկության հարցը, վստահությունը պետական համակարգի նկատմամբ, հարցեր են բարձրացնում նվազագույն աշխատավարձով ապրող մարդկանց մասին և այլն:

Վերը նշված խնդիրներից բացի, շատ կարևոր է հստակեցնել մի բան. նույնիսկ ամենամեծ գումարներով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձը չի կարող ինքնուրույն լուծել բազմաթիվ խնդիրներ, քանի որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, բացի սոցիալական հարցերից, նաև այլ իրավունքներ իրացնելու կարիք ունեն: Այս իմաստով բարձր թոշակը դեռևս չի կարող ապահովել մարդու արժանապատիվ կյանքը, քանի դեռ չկան վերականգնողական ծառայություններ, կրթություն,  մասնագիտություն ստանալու, աշխատելու, հասարակական և քաղաքական կյանքով ապրելու հավասար հնարավորություններ: Այսօր նույնիսկ ամենաապահովված հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում իրենց տանից դուրս գալու, տրանսպորտային և տաքսի ծառայություններից օգտվելու, մարզական և մշակութային կյանքով ապրելու խնդիր ունեն ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտների պատճառով, ինչը չի կարգավորվում օրենքով: Մարդը հնարավորություն չունի իր համայնքում հոգեբանական, վերականգնողական, առողջապահական, խորհրդատվական և այլ ծառայություններ ստանալու և ընդհանրապես չգիտի` որ հարցով ո՞ւմ դիմի և ինչպե՞ս լուծի նույնիսկ տարրական խնդիրները, օրինակ՝ ինչպե՞ս հարմարեցնի իր տունը, որտեղի՞ց մատչելի  տաքսի գտնի, այս կամ այն աջակցող սարքը ձեռք բերի, վերանորոգի և այլն: Այս պարագայում մեծ գումարները թոշակի տեսքով կարող են երկու գործառույթ իրականացնել. պարզապես «փակել» մարդու բերանը կամ ապահովել մեկ ուղղությամբ տոմսի գինը՝ ավելի հարմար և ապահով երկրում ապաստան գտնելու համար: Էլ ինչո՞ւ պետությունը չարչարվի, ջանքեր գործադրի և ստեղծի ծառայություններ, զարգացնի ենթակառուցվածքները, բարեփոխի օրենքները կամ ծրագրերը:

Ի վերջո, որևէ մեկը հարցրե՞լ է, թե ինչ են ուզում հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ովքեր նախկինում ծառայել են իրենց հայրենիքին, արդյո՞ք նրանց ուզածը թոշակն է:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.