accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Վերելակի ճակատագիրն անհայտ է. հաշմանդամություն ունեցող երեխային գրկած են իջեցնում

0

Ադամանդ Կանցյանը արդեն մի քանի շաբաթ է` 4-ամյա որդուն գրկած է իջեցնում-բարձրացնում՝ հաղթահարելով 8 հարկի աստիճանները. Օրբելի 6-րդ շենքի 3-րդ մուտքի վերելակը մոտ մեկ ամիս է` չի աշխատում:

«Մուտքի վերելակն անջատված է, շահագործել չենք կարողանում: Տղաս ամեն օր վերականգնողական կենտրոն, մանկապարտեզ է հաճախում, ու ստիպված նրան գրկած եմ իջեցնում»,- ասում է Ադամանդը:

Նոյն արդեն մի քանի ամիս է` սկսել է քայլել, բայց դժվարանում է 8 հարկ ոտքով բարձրանալ-իջնել:

«Վերելակն արդեն 2 օր չէր շահագործվում, երբ նամակ գրեցի Երևանի քաղաքապետարան: Պատասխանեցին, որ համապատասխան մասնագետը կարձագանքի, բայց արդեն ամսվա վերջին օրերն են, ու պատասխան չկա: Հարևաններն ասում էին, որ փորձնական կմիացնեն, բայց դա էլ չեղավ»,-  նշում է Նոյի մայրը:

Քաղաքապետարանի անպատասխան նամակից հետո Ադամանդը դիմել է նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Փորձաքննության բաժնից նրան պատասխանել են, որ շենքի վերելակն այլևս շահագործման ենթակա չէ:

Մոտավորապես 45 տարի շենքի բնակիչներին ծառայած վերելակի վթարային կարգավիճակի մասին ԱԻՆ-ի եզրակացությունը դեռևս ամսվա սկզբից ներկայացվել է համատիրությանը: Շենքի տեխնիկական մասի պատասխանատու և սպասարկող «Այգեձոր» համատիրության աշխատակից Հասմիկ Մկրտչյանը փաստում է, որ վերելակն այլևս շահագործման ենթակա չէ.

«Վերելակը մաշված է, ու միացնելու իրավունք չունենք: Մասնագետները գնացել ստուգել են ու համապատասխան եզրակացություն կազմել: Փորձեցինք որոշ մասեր փոխել, որպեսզի երկարացնենք վերելակի կյանքը, բայց ապարդյուն: Քանի դեռ այն ամբողջապես փոխված չէ, բնակիչները չեն կարող շահագործել, որովհետև վթարային է ու վտանգավոր կյանքի համար»:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը հարցի իր պատասխանն ունի. աշխատակիցը նշում է, որ տեղյակ են խնդրին, բայց այս պահին չեն կարող 38 հազար եվրոյին համարժեք դրամ (այդքան արժե մեկ նոր վերելակը) տրամադրել: Համատիրությանն առաջարկում են միջոցներ գտնել` վերելակի համար կենսական կարևորություն ունեցող մասերը փոխելու և շահագործման թույլտվություն ստանալու համար:

Փոքրիկ Նոյը դեռ որքա՞ն ժամանակ չի կարողանա առանց խոչընդոտների դուրս գալ տնից ու տուն վերադառնալ` կախված է խնդրի համար պատասխանատուների գործողություններից: Օրբելի 6-րդ շենքի 3-րդ մուտքի վերելակը 2016-ի ընթացքում տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված 1987 վերելակների այն 27 վերելակներից մեկն է, որոնց համար բացասական եզրակացություն է տրվել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply