accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Ովքեր և ինչպես են օգտվել բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններից

0

Կատարվել է պետության կողմից շարունակաբար իրականացվող «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» 2016 թվականի բյուջետային գնահատում, որը հեղինակել է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն: «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում բյուջետային ծրագրերի գնահատմանն ուղղված ուսումնասիրությունների բաղադրիչի ներքո: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամի հետ համագործակցաբար՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 11,2 մլրդ դրամ (առողջապահության պետական ծախսերի շուրջ 12,7 տոկոսը) ստացած ծրագիրը հանրապետության ամբողջ բնակչությանն ապահովում է ընդհանուր բնույթի արտահիվանդանոցային սպասարկման ծառայություններով: Այն համապատասխանում է քաղաքականությունների առաջնահերթություններին և ռազմավարական նպատակադրումներին, հասարակության և շահառուների իրական կարիքներին:

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիրը արտահիվանդանոցային ծառայությունների շրջանակում շարունակաբար իրականացվող բյուջետային ծրագիր է և նպատակ ունի ազդել հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացման, շտապօգնության անհարկի` քրոնիկական հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազեցման, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավման, ընտանեկան բժշկության համակարգի կայացման և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդման վրա:

Ծրագրի շահառուներն առավելապես աղքատ և սոցիալապես խոցելի խմբերն են: Գնահատման արդյունքում պարզվել է, որ արտահիվանդանոցային բժշկական օգնություն ստացած շահառուների 43 տոկոսը բնակչության ցածր եկամտային խմբերից են, իսկ 51 տոկոսը՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ: Գործնականում արտահիվանդանոցային ծառայություններից ավելի հաճախ օգտվում են քրոնիկական հիվանդություններ ունեցողները, տարեցները և 0-7 տարեկան երեխաները:

Ծրագրի շահառուները և ծառայությունների շրջանակը

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում ներառված է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ դեղորայքով ապահովումը:

---------1

Այս միջոցառմանն ուղղվելու է ծրագրային միջոցների 11,6 տոկոսը կամ 1,3 մլն դրամ:

2016-ին անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը 447.528 է: 1 բնակչի հաշվով միջին տարեկան ծախսը 2905 դրամ է, իսկ տարեկան ծախսը՝ 1,3 մլն դրամ:

Արտահիվանդանոցային ծառայություններ

Բնակչության առողջության առաջնային պահպանման տվյալներով` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններից օգտվողների 50,9 տոկոսը կազմում են հատուկ սոցիալական խմբերին պատկանող մարդիկ: Հաշմանդամություն ունեցող մարդիկ ընդհանուրի 32,9 տոկոսն են կազմում:

Untitled-1

Հիմնական առաջարկություններ

Գնահատման արդյունքները հիմք են տալիս պնդել, որ առողջության առաջնային պահպանման ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են. բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ, իսկ դրան ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ ունենան:

Գնահատման հեղինակները «Ծառայություններ» ծրագրի արդյունավետության բարձրացման կոնկրետ առաջարկներ են արել.

  • Իրականացնել զանգվածային միջոցառումներ, որոնք կբերեն.
    • բնակչության տեղեկացվածության և իրավունքների իրազեկման, ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ շահառուների դիմելիության աճին, առողջության առաջնային պահպանման համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը, շահառուների հետ հետադարձ կապի ապահովմանը:
  • Նախագծել բարեփոխումների փաթեթներ ամբուլատոր հաստատություններում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, հերթագրման և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ:
  • Մշակել և զարգացնել շահառուների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ:
  • Վերանայել անվճար և արտոնյալ պայմաններով բաշխվող դեղորայքի ցանկը, այն համալրել բարձր պահանջարկ ունեցող դեղորայքով և դարձնել առավել հրապարակային:
  • Միաժամանակ, ամբուլատոր հաստատության տեղեկությունների պատին բաշխվող դեղորայքի մասին հրապարակվող տեղեկատվությունը դարձնել հնարավորինս մատչելի և տեսանելի՝ նշելով կոնկրետ հիվանդությունների համար բաշխվող դեղամիջոցի/դեղամիջոցների անվանումները և չափաքանակները:
  • Մշակել մեխանիզմներ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների գործառույթներից դեղորայքի ձեռք բերումը և բաշխումը բացառելու համար:
  • Ապահովել արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների դիվերսիֆիկացվածության աճ՝ կարևորելով բոլոր սոցիալական և հիվանդությունների հատուկ խմբերի ընդգրկումը:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.