accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Անհատական օգնականի առաջին փորձը Հայաստանում

0

Շուրջ չորս տարի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների խմբի մտահղացմամբ և ակտիվ մասնակցությամբ իրականացրած, միջազգային փորձի վրա հիմնված մի շարք ծրագրերից հետո այս տարի «ՍՈՐՍ» հիմնադրամը կյանքի կոչեց երկու տարի հասունացող՝ ընտանիքին համալիր լուծումներ առաջարկող կարևորագույն մի ծրագիր. ինքնասպասարկման խնդիրներով հաշմանդամություն ունեցող երեխաներին անհատական մասնագիտացված օգնականի՝ պատրոնաժի տրամադրման ծրագիրը:

«Գաղափարը ծնվեց 2 տարի առաջ: Վերլուծեցինք մեր երեխաների և ընտանիքների առավել առաջնային կարիքները, ուսումնասիրեցինք զարգացած երկրների փորձը և եկանք եզրահանգման, որ առաջին քայլը պետք է լինի հենց այսպիսի մի ծառայություն, որտեղ շահառու կհանդիսանան ընտանիքի բոլոր անդամները: Եվրոպայի, Կանադայի, ԱՄՆ-ի ու զարգացած մյուս երկրների փորձը վերլուծելով` մեր ծրագիրը գրեցինք: Ի տարբերություն մեզ, այս երկրներում պետությունն ինքն է երեխային խնամող և ուղեկցող տրամադրում»,-նշում է հիմնադրամի ծնողական կոմիտեի անդամ Տաթևիկ Ստեփանյանը:

2016 թ. մարտից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց երկու փուլից բաղկացած այս ծրագիրը, որը տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող 32 շահառու ունեցավ:

Առաջին փուլում ներառված էր մասնագետների՝ մանկավարժների և բուժքույրերի վերապատրաստման երկամսյա գործընթացը: Այն կազմակերպվեց այս ոլորտի առաջատար բազմադիսցիպլինար կենտրոնների լավագույն մասնագետների կողմից 52 դասախոսությամբ և գործնական աշխատանքներով: Դա հաշմանդամություն ունեցող երեխայի անհատական օգնականի նոր հաստիք ձևավորելու առաջին փորձն էր Հայաստանում: Վերապատրաստվող աշխատողները համապատասխան մանկավարժական կրթություն ունեցող դիպլոմավոր մասնագետներ են, ինչպես նաև բուժքույրեր՝ դայակ աշխատելու նպատակով: Արդյունքում` 50 անհատական ուղղորդող մասնագետի հմտություններով տյուտոր/հատուկ մանկավարժ/ և հատուկ դայակ վերապատրաստվեց:

Քանի որ մասնագիտական վերապատրաստման դասախոսությունների շարքն անցկացրել են բժշկական և հատուկ կրթության ոլորտի երկրի լավագույն ներկայացուցիչները՝ որպես ունկնդիրներ դասախոսություններին մասնակցել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներ, ծնողներ, հիմնադրամի մյուս ծրագրի մասնագետներ:

Մեր երկրում աննախադեպ պիլոտային այս ծրագրի հիմնական քայլերը մշակվել են ծնողների՝ կյանքի ընթացքում ծագած խնդիրների ու սեփական միջոցներով դրանց լուծման փորձից ելնելով:

«Առաջին փուլի ավարտին հարցազրույցների արդյունքում ընտրվեցին հիմնական 15 և փոխարինող 5 անհատական օգնական՝ ուղեկցող և դայակներ, որոնք անցնող տարվա մայիսի 1-ից անցան աշխատանքի` յուրաքանչյուրը շաբաթական 3 օր երկու երեխայի խնամքն իրականացնելու նպատակով»,- հավելում է հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը:

Ծրագրի շրջանակներում անհատական օգնականը երեխային օգնում է ներգրավվել հասարակական կյանքում՝ զարգացնել սոցիալական հմտություններ, ըստ յուրաքանչյուրի կարիքի համապատասխան խնամք է իրականացնում, աշխատում առօրյա ինքնասպասարկման հմտությունների զարգացման վրա, տանը համապատասխան միջավայր ու խաղեր կազմակերպում, երեխային ուղղորդում դպրոց և քաղաքային միջավայր: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Վերջինիս կարիքների համապատասխան կուրատորները զարգացնող խաղերով, դիրքավորումների ճիշտ ուղղորդմամբ անհատական ծրագիր են կազմում: Դրանք շաբաթը մեկանգամյա այցերով վերլուծվում և վերահսկվում են կուրատորական թիմի կողմից:

Հիմնադրամի տնօրենը նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի առկայությամբ ընտանիքի բոլոր անդամների ուշադրությունը կենտրոնանում է տվյալ երեխային վերականգնողական անհրաժեշտ միջոցառումներով ապահովելու, երեխայի հոգեկան առողջության պահպանման ու նման խնդիրների վրա, և տարիների ընթացքում բոլորը մոռանում են, որ այդ նույն երեխան ծնողներ, հատկապես մայր ունի, ում նույնպես ուժերի վերականգնում է հարկավոր: Մայրիկներին ու ընտանիքի մյուս անդամներին աջակցելու գործում ծրագիրն արդեն իսկ հաջողություններ է արձանագրել:

«Մեր ծրագիրն ընտանիքին ինչ-որ չափով հնարավորություն ընձեռեց վերադառնալ բնականոն կյանք: Նոր աշխատատեղեր ստեղծվեցին մասնագետների համար: Շատ կարևոր է, որ մայրիկներն արդեն աշխատելու հնարավորություն ունեն, քանի որ այլևս ստիպված չեն ամբողջ օրը երեխայի կողքին լինել: Նրանք արդեն հնարավորություն ունեն հանդիպել իրենց ընկերների հետ, հյուր, խանութ գնալ` ու առանց շտապելու, երեխայի մասին անհանգստանալու»,- ասում է Մարինե Պարազյանը:

«ՍՈՐՍ»-ը պետական մարմինների հետ դեռևս չի համագործակցում: Հիմնադրամի անդամները հաջորդ տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հանդիպում-քննարկում կունենան՝ ակնկալելով, որ կազատվեն եկամտային հարկերի վճարից: Ըստ կազմակերպիչների` դա հնարավորություն կտա ծրագրում ավելի շատ երեխաներ ընդգրկել. «Փորձում ենք դեռևս մեր ուժերով վերականգնել այն խարխլված բջիջները, որոնք կանգնած են քայքայման եզրին»,- նշում է Պարազյանը:

Հիմնադրամի տնօրենը նշում է, որ կախված ֆինանսավորման հնարավորություններից` մտադիր են շարունակել ընդլայնել ծրագիրը: Նա կարևորում է Հայաստանում սոցիալական պատրոնաժի՝ անհատական ուղեկցողի ինստիտուտի ներդնումը, բայց միայն ձևական բնույթ չկրելու դեպքում: Թեև 2014-ի դեկտեմբերին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 19-րդ կետն ամրագրում է սոցիալական պատրոնի տրամադրումը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչությունը դեռևս լռում է: Այսօր նման ծառայություն հաշմանդամություն ունեցող երեխաներին պետությունը չի տրամադրում: Վարչությունից տեղեկացնում են, որ առաջիկայում պատրոնաժի ինստիտուտի ներդրման հեռանկար չկա:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.