accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

«Բալը թանկ է», կամ ինչպես է պետությունը տնտեսում 300 մարդու առողջության հաշվին

0

Հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի  քան 300 մարդու առողջությունը վտանգված է. 2015-ից մեկնարկած «Արտահիվանդանոցային ծառայություն «Զիպրեքսա» դեղով արդյունավետ բուժում» ծրագրի շրջանակում դեղի մատակարարումը 2017-ի փետրվարից դադարեցվելու է: Կառավարության ընդունած ծրագրով հնարավոր է եղել 305 մարդու որակյալ, արդյունավետ հոգեբուժական օգնություն ցուցաբերել:

«Զիպրեքսա» ընդունողները, նրանց ընտանիքներն ու «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կրկին ահազանգում են. ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է դադարեցնել ծրագիրը. «Գալիք տարվա փետրվարից 300-ից ավելի մարդ կդադարի անհրաժեշտ դեղորայք ստանալ: Դեռ 2016-ին մեծ պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել ծրագրի շարունակությանը, բայց այսօր էլ հարցը կրկին օրակարգային է մեզ համար»,- ասում է ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանը:

Առաջին անգամ չէ, որ պետությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց այլ` ավելի էժան դեղորայք է առաջարկում: Տարիներ շարունակ տարբեր երկրների արտադրած դեղամիջոցներ են տրամադրվել, տարբեր կազմակերպություններ են մրցութային ծրագիրը հաղթել, սակայն «Զիպրեքսան» շարունակում է նախընտրելի տարբերակ համարվել շահառուների համար. «Մեր շահառուները չեն ցանկանում փոխել դեղամիջոցը, քանի որ դա հանգեցնում է առողջական վիճակի վատթարացման: Նրանք նախընտրում են ստանալ այն դեղը, որը երկար տարիներ օգտագործել են: Օրինակ` 2015-ին բուժման ընթացքում 25 շահառու աշխատանքի է ընդունվել ոչ պետական հաստատություններում, 20-ը՝ պետական: 5 շահառու կարողացել է ընտանիք կազմել, 30-ն ուղղորդվել են աշխատանքի և զբաղվածության կենտրոն»,- նշում է Թուխիկյանը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Կարինե Թուխիկյանի հարցին պատասխանելով, «Զիպրեքսան» թանկ դեղ էր որակել և փոխարենը 300-ից ավելի մարդու սոցիալական արդարությամբ ուղղորդել Սևանի կամ էլ Նուբարաշենի հոգեբուժարաններ: Շահառուները, սակայն, համաձայն չեն նախարարի դիրքորոշմանը: Նրանք նշում են, որ վերջինիս ունեցած տվյալներն իրականությանը չեն համապատասխանում. 1 հատ 10 մգ ամերիկյան «Զիպրեքսան» ոչ թե 10, այլ 2,3 դոլար արժի (1150 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն): Ավելին, այդ դեղով 300 շահառուի ապահովելու դեպքում պետությունն իրականում 5 անգամ տնտեսում է, քանի որ բուժհաստատությունում 1 հիվանդի 1 օրվա ծախսն արժի 4950 դրամ: Կարինե Թուխիկյանը նշում է, որ «Զիպրեքսայի» շնորհիվ իրենց շահառուները հիվանդանոցային բուժման կարիք չեն ունենում:

Շահառուների պահանջը կամայական չէ. «Տարիներ առաջ տղաս այլ դեղեր է օգտագործել, բայց ազդեցությունն այնքան վատն է եղել, որ արդեն 5 տարի դրանց թողած հետևանքները չեն վերանում: «Զիպրեքսայի» փոխարեն այլ դեղամիջոց օգտագործելու դեպքում նա ավելի ագրեսիվ է դառնում, ձայներ է լսում ու վախի զգացում ունենում: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շնորհիվ դեռևս «Զիպրեքսա» ենք ստանում: Թեև մեծ ջանքեր պահանջվեցին, բայց գոհ ենք, որ մեր ձայնը լսելի եղավ: Տարբերությունն ակնհայտ է. տղաս հիմա ավելի հանգիստ է ու մարդկանց հետ շփման խնդիր չունի»,- նշում է շահառուներից մեկի մայրը: Ծրագրի դադարեցման դեպքում նա սեփական միջոցներով դեղը ձեռք բերել այլևս չի կարող. ստիպված կլինեն բռնել բուժհաստատության ճանապարհը:

Բարձրացված հարցին ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը հետևյալ պատասխանն է տալիս. «Զիպրեքսան» ու առաջարկված տարբերակներից, օրինակ` «Զոլաքսան» նույն դեղամիջոցներն են»:

Այս տարվա հոկտեմբերի 28-ից «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիան» շահառուների հետ սկսել է հերթական պայքարը: Նախ` բաց նամակ վարչապետի խորհրդական Գևորգ Մուրադյանին, ապա նաև` վարչապետ Կարեն Կարապետյանին, բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քայլերթ դեպի կառավարության շենք, առողջապահության նախարարի հետ հանդիպման փոխարեն զրույց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ. պատասխան, սակայն, դեռևս չկա:

«Ծաղիկ Վարդանյանը լսեց մեզ ու մեր շահառուներին, նրանց դիտարկումներն ու արդար պահանջը, ու ասաց, որ որոշում կայացնելուց առաջ ուսումնասիրություն կանցկացնեն, կստուգեն դեղի արդյունավետությունը: Անհասկանալի է, թե ինչո՞ւ են ամեն տարի այդքան մարդու անդունդի եզրին կանգնեցնում, չէ՞ որ կարելի է առանց մրցույթի պարզապես շարունակել այդքան արդյունավետ ծրագիրը»,- նշում է Կարինե Թուխիկյանը:

Մինչ ՀԿ նախագահը պատկան կառույցներից պահանջում է գոնե հետամուտ լինել խնդրին, արձագանքել, որոշում կայացնելու որոշակի ժամկետ սահմանել, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն, առողջապահության նախարարն ավելի էժան դեղ գտնելու իր տարբերակն է առաջ քաշում:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.