accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Դեղերը Հայաստանում կա´մ անհրաժեշտ են, կա´մ` անվճար

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին: ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են օգտագործել մարմնի որոշ մկանները:

«Պոլիկլինիկայում չնչին, էժանագին դեղն են տալիս», «այդ դեղը չկա». համանման պատասխաններ են ստացել այն մարդիկ, ովքեր անվճար դեղեր ստանալու համար երբևէ դիմել են այս կամ այն բուժհաստատություն:

Չնայած հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ դեղորայքի անվճար կամ մասնակի փոխհատուցման կարգը սահմանվում է «Դեղերի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով (այն է՝ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցողները, հաշմանդամություն ունեցող երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի մեջ ընդգրկված մարդիկ կարող են սպասարկվել 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից), այդուհանդերձ, ոլորտում մի շարք բացթողումներ կան:

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը Վանաձոր քաղաքի պոլիկլինիկաների և դրանց կողմից տրամադրվող անվճար դեղերի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել և պարզել. գրեթե բոլոր պոլիկլինիկաներում կա դեղերի որակի, տրամադրմակ կարգի և այլնի խնդիր:

Նախ ուսումնասիրվել է, թե պոլիկլինիկաներում որտե´ղ է փակցված այն տեղեկատվությունը, որ վերաբերում է արտոնյալ պայմաններով դեղեր տրամադրելու կարգին: Արդյունքում պարզվել է.

«Թեև նման տեղեկատվություն կա, բայց A4 թղթի վրա է, փակցված՝ բարձր տեղում: Չտեսնող մարդիկ, առհասարակ, չեն կարողանում տեղեկանալ դեղերի տրամադրման կարգին, այնինչ դրանք պիտի փակցված լինեն այնպես, որ ընթեռնելի լինեն, այլապես միայն ձևական բնույթ  ունեն»,- ներկայացնում է ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանը:

Ապա անհատական հարցազրույցների և հարցաթերթիկների միջոցով հարցում է անցկացվել 100 մարդու շրջանում: Առաջին դեպքում ուսումնասիրվել է՝ որքանո՞վ է հանրությունը տեղեկացված արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կարգին, երկրորդով՝ ի՞նչ հաճախականությամբ են մարդիկ դիմում դեղ ստանալու համար, և դրանք որքա՞ն են նրանց անհրաժեշտ:

2016 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Վանաձորի 5 պոլիկլինիկաներում անցկացված դիտարկումների համաձայն` հաշմանդամություն ունեցող շատ քիչ մարդիկ էին տիրապետում դեղերի տրամադրման կարգի և ձևերի մասին տեղեկատվությանը: Հարցվածների 90%-ը անտեղյակ է (այդ թվում 0-7 տարեկան երեխաների ծնողները), 70%-ը անհրաժեշտության դեպքում չի օգտվել այդ արտոնություններից: Տեղեկացված և արտոնություններից օգտվող քաղաքացիներից շատերն էլ բողոքում են, որ թեև դեղը տրամադրվում է, բայց շատ մեծ դժվարությամբ կամ պահանջվածից շատ քիչ:

Վանաձորի N3 պոլիկլինիկա դիմած անձանցից մեկի հայրը հաշմանդամության 3-րդ խումբ ունի (կաթված), մայրը՝ հիպերտոնիկ հիվանդություն (սրտի առիթմիա, նաև ինֆարկտ է ունեցել):

 «Պոլիկլինիկայում չնչին, էժանագին դեղն են տալիս: Պատահում է, որ 3 ամիսը մի անգամ 10 հատ են ուղարկում: Հորս դեղերը ընդհանրապես չեն տալիս, մի դեղ անգամ չեմ ստացել նրանցից,-պատմում է մեր զրուցակիցը:  – Անվճար դեղ ստանալու համար ամեն շաբաթ դիմում էի, բայց պատասխանում էին՝ ամիսը մեկ անգամ է տրամադրվում, մենք կզանգահարենք, բայց չէին զանգում, կա՛մ պատճառաբանում էին՝ «դեղ չեն ուղարկել», «չկա», կա՛մ տալիս են երկու անուն դեղ, որն էլ, ըստ բժշկի ցուցման, ոչ մշտական պետք է օգտագործել» :

Այս դեպքում, ամսվա կտրվածքով 30-40 հազար դրամ է ծախսվում անհրաժեշտ դեղերի համար, սակայն դա գերազանցում է իր ծնողների ստացած թոշակի չափին:

 «Բացի այդ, ծնողներիս ուղեկցում եմ բժշկի, թեև գիտեմ` որոշ ծառայություններ անվճար պիտի տրամադրվեն, բայց չեն արվում: Տան միակ աշխատողը ես եմ, շատ հնարավորություններ չունեմ, բայց վճարում եմ դրանց համար, ի՞նչ անեմ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ օրինակ, «Ռիբոկսինը» թանկ դեղամիջոց չէ, բայց անվճար չի տրամադրվում, փոխարենը պոլիկլինիկայում որոշ դեղեր վաճառվում են:

Այս հարցում Անի Գաբրիելյանը կարևորում է հատկապես թերապևտների մոտեցումը, որովհետև վերջիններս են դեղերը դուրս գրում, տեղյակ են թաղամասի հիվանդների կարիքներին:

«Շատ հաճախ նրանք չեն էլ ասում, որ նման կարգ կա, իսկ դեղի կարիք ունեցողն էլ, որ գիտի իր արտոնության մասին, դիմում է և լսում մի պատասխան՝ այդ դեղը չկա: Պոլիկլինիկաները դեղեր ձեռք են բերում իրենց թաղամասերի բնակիչների կարիքներին համապատասխան, բայց երբևէ կարիքների գնահատում չի արվել  (սա չի վերաբերում, օրինակ՝ շաքարային դիաբետ, մանկական ուղեղային կաթված ունեցողներին)»,- նշում է Անին:

Հարցին` եղե՞լ են դեպքեր, երբ անվճար տրամադրվող դեղը չհասնի հասցեատիրոջը, ՀԿ փոխնախագահը պատասխանում է.

«Եղել է, որ ձգձգել են, ուշացրել, անորակ դեղեր են եղել, բայց տրվել են: Ի դեպ, եթե մարդասիրական օգնություն է եղել, շատերին կանչել և ջերմիջեցնող, ցավազրկող դեղեր են տվել: Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ կան, որ միշտ դիմել են իրենց թաղամասի պոլիկլինիկա` դեղ ստանալու համար ու, առհասարակ, չեն ստացել»:

Նրա խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում շատ են եղել բողոքները փոխարինող դեղերի հետ կապված, հատկապես՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ծնողներից. «Ստիպված ֆոնդեր ենք հայթայթել, ու որակյալ դեղեր գնել նրանց համար»:

Խնդրի առնչությամբ զրուցեցինք մի ծնողի հետ, ում երեխան մանկուց հաշմանդամություն ունի: «Կեպպրա» դեղամիջոցն անվճար չի տրամադրվում, իսկ պետպատվերի շրջանակում նշանակված «Կարբամազեպին» փոխարինող դեղը արդյունք չի տվել»,- ասում է նա:

 Ծնողը փոխարինողները ստացել է Վանաձորի N4 պոլիկլինիկայից, ինչից հետո դիմել է երևանյան բուժհաստատություններից մեկը, որտեղ բժիշկը խորհուրդ է տվել ձեռք բերել օրիգինալը: Դա ծնողից ամսական պահանջում է շուրջ 120 հազար դրամ, ինչը վերջինիս համար մտահոգիչ է. գումարը մեծ է, ինքը չի աշխատում:

 Disabilityinfo-ն զրուցել է նաև Երևանում բնակվող ծնողի հետ, ով ևս կանգնած է անվճար դեղեր ստանալու խնդրի առաջ:

 «Իմ երեխաներն աուտիզմ ունեն: Շատ հիպերակտիվ երեխաներ են, ուստի հանգստացնող դեղորայք են նշանակել, որոնք գերմանական կամ իտալական արտադրության են, դրանցից Հայաստանում չկան: Այնպիսի դեղ չկա, որ հավասարազոր լինի ու անվճար, իսկ փոխարինող հայկական դեղերը, խմած-չխմած, օգուտ չեն տալիս: Ամսական մոտ 30 հազար դրամ եմ ծախսում դեղերի համար»,- ասում է նա:

Թե ի՞նչ դեղեր են անհրաժեշտ աուտիզմ և/կամ հիպերակտիվության համախտանիշ ունեցող երեխաներին, և դրանցից որո՞նք  են ընդգրկված անվճար տրամադրվող դեղերի ցանկում, պարզեցինք «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի հոգեբույժ Կարինե Լուլեջյանից.

«Աուտիզմի դեպքում դեղորայք չկա, որ ասենք՝ աուտիզմի դեղ է: Եթե երեխան զուգահեռ ունի նաև ցնցումներ, այս դեպքում հարկավոր է հակացնցումային դեղ, եթե գերակտիվ է՝գերակտիվության դեմ: Հակացնցումային դեղերից հիմնականում լինում է «Կարբամազեպինը»: Գերակտիվության պարագայում մենք օգտագործում ենք նեյրոլեպտիկներ: Սա միշտ չէ, որ լինում է:

Հիպերակտիվության համար նախատեսված միակ դեղը, որ կարող է լինել պոլիկլինիկաներում, «Ռիսպերիդոնն» է, այն էլ` ոչ բոլոր տեղերում: Ուրիշ դեղեր չկան, որ կարելի է նշանակել: Կան փոխարինողներ, բայց պոլիկլինիկաներում անվճար շատ քիչ դեղեր կան, ես նույնիսկ դժվարանում եմ անուններ ասել»:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.