accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հարցուպատասխան պետական նպաստի մասին

0

Ի՞նչ է պետական նպաստը:

Պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է և ուղղված է անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելուն կամ դրա վատթարացումը կանխելուն, սոցիալական ապահովության իրավունքի իրականացմանը:

Ովքե՞ր կարող են նպաստ ստանալ:

Պետական նպաստի իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող և բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող մարդիկ:

Պետական նպաստի քանի՞ տեսակ կա:

  • ընտանեկան նպաստը,
  • սոցիալական նպաստը,
  • հրատապ օգնությունը,
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստը,
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը,
  • ժամանակավոր անաշխատունակության նպաստը,
  • ծերության նպաստը,
  • հաշմանդամության նպաստը,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստը,
  • թաղման նպաստը:

Ի՞նչ պետք է անել նպաստ ստանալու համար:

 

Որո՞նք են մերժման հիմքերը:

  • պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմքերի բացակայությունը
  • անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելը,
  • ոչ հավաստի տվյալներ ներկայացնելը:

Ի՞նչ է ընտանեկան նպաստը

Ընտանեկան նպաստը տրվում է բնակչության ամենախոցելի ընտանիքներին, իսկ ընտանիքների խոցելիության աստճանը որոշվում է` հիմք ընդունելով ընտանիքում սոցիալապես խոցելի անդամների թիվը (հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ մոր երեխաներ և այլն), առավել խոցելի տարածաշրջաններում բնակվելու իրողությունը, բնակարանային պայմանները, ընտանիքում միջին ամսական եկամուտը և այլ չափորոշիչներ:

Ինչպե՞ս է կատարվում ընտանիքի անապահովության գնահատումը:

Ընտանիքի անապահովության միջին միավորը հաշվարկելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների ընդհանուր գումարը պետք է բաժանել ընտանիքի անդամների թվի վրա: Ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելիս պետք է նկատի ունենալ, որ օրենքի իմաստով ընտանիքի անդամ չեն համարվում`

  • ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները,
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները,
  • ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները,
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները:

Այսպիսով, եթե ընտանիքի անդամների անապահովության միավորների համագումարը ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու արդյունքում ստացված միավորը գերազանցում է պետության կողմից տվյալ տարվա համար նախատեսված ընտանիքի անապահովության նվազագույն շեմը, ապա տվյալ ընտանիքը կարող է օգտվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից:

Ընտանիքի անապահովության գնահատման մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև ներկայացված են մի քանի բնութագրիչներ.

  • ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
  • ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը,
  • բնակավայրը,
  • ընտանիքի բնակարանային պայմանները,
  • անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը,
  • ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը,
  • անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը,
  • ապրանքների ներմուծման կամ արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի կողմից մաքսային վճարումներ կատարելը,
  • ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը,
  • հեռախոսակապի համար ընտանիքի միջին ամսական վճարումները,
  • ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպես նաև համապատասխան սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը,
  • ընտանիքի եկամուտը:

Դիմումից հետո ի՞նչ ժամկետում է կայացվում որոշումը:

Դիմելու օր է համարվում դիմում-հայտարարագրի սկզբնական ներկայացման օրը (նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը): Տարածքային կենտրոնը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

Ինչպե՞ս է որոշվում ընտանեկան նպաստի չափը:

Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. ընտանիքում 18 տարին չլրացած անդամի բացակայության դեպքում այն սահմանվում է 13.500 ՀՀ դրամ:

  • 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրամադրվող հավելավճարը կազմում է 5500 դրամ,
  • այն բազմազավակ ընտանիքներում, որտեղ կան 18 տարին չլրացած չորս և ավելի անդամներ, 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձի համար նախատեսվող հավելավճարի չափը կազմում է 6500 դրամ,
  • բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը կազմում է 6000 դրամ,
  • բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքի (18 տարին չլրացած չորս և ավելի 13 անդամ ունեցող) 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը կազմում է 7000 դրամ:

Ի՞նչ հիմքով կարող է դադարեցվել ընտանեկան նպաստի տրամադրումը:

  • ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
  • սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
  • ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
  • ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Ո՞ւմ է տրվում է հաշմանդամության նպաստը:

Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին:

Հատուկ հաստատությունում բնակվող անձին հաշմանդամության նպաստ չի նշանակվում և չի վճարվում:

Որքա՞ն ժամանակով է տրվում հաշմանդամության նպաստը:

Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Հաշմանդամության նպաստ ստանալու դիմումի կարգը և ժամկետները:

  • Հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե անձամբ դիմել է տարածքային բաժին և դրական պատասխան է ստացել:
  • Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա:
  • Հաշմանդամության նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):
  • Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Վերը նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշմանդամության նպաստ ստանալու համար:

Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է.

  1. դիմում,
  2. անձը հաստատող փաստաթուղթ:

Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.
  • օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • Հանրային ծառայությունների համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտը:

Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը, բացի նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը:

Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`
  • օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
  • հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).
    • օտարերկրյա քաղաքացին`
  • օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
  • այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում:

Վերը նշված ցանկով սահմանված փաստաթղթերն ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարը կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկը:

Ի՞նչ կարգով է դադարեցվում և վերականգնվում հաշմանդամության նպաստի տրամադրումը.

  • նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
  • նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.
  • օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` ՀՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.
  • նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կամ միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.
  • ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.
  • նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
  • նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.
  • նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.
  • նպաստառուին կենսաթոշակ նշանակելու դեպքում.
  • սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստ նշանակված լինելու դեպքում:

Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

  1. հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա հետևյալ ժամկետներում.
  • 3 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից,
  • 12 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում,
  • 12 ամսվա ընթացքում հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դիմելու օրվանից, եթե դիմել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո՝ երեք ամիս անց.
  1. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
  1. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում:
  1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամության ճանաչման դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված չափով:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.