accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հարցուպատասխան հաշմանդամության ճանաչման գործընթացի մասին

0

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականից փոփոխություններ են նախատեսվում: Ծրագիրը 1 տարի կփորձարկվի, ապա դրա արդյունավետությունը վերլուծելով պարզ կդառնա՝ կշարունակվի՞ հաշմանդամության ճանաչման նոր ձևաչափը, թե՞ նախընտրելի կմնա այսօր գործող տարբերակը: Նախագիծը դեռ քննարկվում է ու դեռ չի հաստատվել կառավարության կողմից:

Հաշմանդամության ճանաչման գործող ու սպասվելիք կարգերի մասին մանրամասնում է ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը:

  • Գործընթացն այսօր

Ինչի՞ց է սկսվում հաշմանդամության ճանաչման գործընթացը:

Եթե անձը որևէ առողջական խնդիրներ ունի, ապա առաջին քայլը, որ պետք է անի, դիմի բժշկի: Նշանակություն չունի` ընտանեկան բժիշկն է, թե լիցենզավորված մասնավոր կամ պետական որևէ բուժհաստատությունում աշխատող բժիշկը: Վերջինս ախտորոշում է, բուժական պրոցես իրականացնում, և եթե անձի առողջական վիճակը չի բարելավվում, այսինքն՝ որևէ հիվանդության հետևանքով օրգանիզմի որևէ ֆունկցիայի կայուն խանգարում է դիտվում, առնվազն 3 ամսվա դիտարկումից հետո բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր է տրվում:

Ինչի՞ց է սկսվում բժշկասոցիալական փորձաքննությունը:

Առաջին քայլը բժշկից ուղեգիր ստանալն է: Չափահասների համար լրացվող ուղեգիրը 088 ձևն է, անչափահասների համար՝ 088-1-ը: Բժշկական լիցենզավորված հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը լրացնում, կնքում է ուղեգիրը, ապա անձին ուղղորդում իր բնակության վայրի տարածքը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով: Վերջինիս նախագահն ուսումնասիրում է ներկայացրած փաստաթղթերը, դրանց լիարժեքության դեպքում անձի դիմումի հիման վրա վարչական վարույթ է հարուցում: ԲՍՓ նախագահն օր, ժամ և վայր է նշանակում փորձաքննության համար:

Ի՞նչ է ներկայացնում բժշկասոցիալական փորձաքննությունը:

Նշված օրը, նշված ժամին ու նշված վայրում անձը ներկայանում է ԲՍՓ հանձնաժողով: Հանձնաժողովում աշխատող բժիշկ-փորձագետներն ուսումնասիրում են անձի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, լսում նրա գանգատները, գրանցում են հիվանդության անամնեզը՝ պատմությունը (առաջացումը, զարգացումը, ստացած բուժումները և այլն): Ապա հանձնաժողովի բոլոր անդամներն օբյեկտիվ զննում են իրականացնում, որպեսզի կարողանան կլինիկափորձագիտական ախտորոշում տալ (հիվանդության տեսակը, ընթացքը, բարդությունները և օրգանիզմի այն ֆունկցիան, որը տուժել է): Դրանից հետո հանձնաժողովը որոշում է, թե ըստ ՀՀ Կառավարության ընդունած` հաշմանդամության գործող սահմանման չափորոշիչների` ի՞նչ հաշմանդամություն պետք է ճանաչվի:

ՀՀ ում ո՞վ է համարվում հաշմանդամություն ունեցող անձ:

Ըստ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` հաշմանդամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:

Հաշմանդամության քանի՞ խումբ է առանձնացված:

ՀՀ-ում հաշմանդամության 3 խումբ է առանձնացված: Խմբերը տրվում են ըստ օրգանիզմի տվյալ ֆունկցիայի խագարման աստիճանի: Պետք է նշել, որ հաշմանդամության խմբերը տրվում են ժամկետով և անժամկետ: 1-ին խումբը սահմանվում է 2 տարի, 2-րդ և 3-րդ խմբերը` 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալու դեպքում նոր փորձաքննություն է նշանակվում: Գործող կարգի համաձայն՝ կարող են նաև միանգամից անժամկետ սահմանվել:

18 տարին չլրացած անձանց խումբ չի տրվում: Նրանք պարզապես հաշմանդամության կարգավիճակ են ստանում, բայց կարողանում են օգտվել անվճար սահմանված բոլոր ծառայություններից: Անչափահասներին տրամադրվող կենսաթոշակը ևս ֆիքսված է:

Ի՞նչ ժամկետում է ԲՍՓ հանձնաժողովը պատասխանում դիմողին:

Փորձաքննության անցկացման օրվանից 1 ամսվա ընթացքում հանձնաժողովը դիմողին դրական կամ բացասական գրավոր պատասխան է տալիս:

Ո՞ր դեպքում կարող է փոխվել հաշմանդամության խումբը:

Օրինակ՝ եթե անձը 3-րդ խումբ է ստացել, բայց տարիների ընթացքում առողջական վիճակի վատթարացում է նկատվում, և ֆունկցիայի չափավոր խանգարումը դառնում է բացարձակ, փոխվում է նաև հաշմանդամության խումբը: Հակառակ դեպքում նույնպես կարող է փոփոխություն լինել. օրինակ՝ եթե մարդն 1-ին խումբ է ստացել, բայց տարիների ընթացքում վերականգնողական բուժման արդյունքում դրական շարժ է նկատվում, ապա բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում խումբը կարող է փոխվել:

  • Ի՞նչ փոփոխություններ կբերի նոր համակարգը

Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու 2017 թվականի պիլոտային ծրագրով:

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում 2017 թվականից բարեփոխումներ են նախատեսվում, թեև նախագիծը դեռ կառավարության կողմից հաստատված չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) հիման վրա մշակված մոդելը փորձնական բնույթ կկրի և կտարածվի միայն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմող անձանց վրա: Արդեն իսկ հաշմանդամության խումբ ունեցող անձինք, ովքեր հերթական փորձաքննության են ներկայանալու, ծրագրում չեն ներառվի: Պետք է նշել, որ նրանք միայն սեփական ցանկությամբ կկարողանան գնահատման նոր մոդելից օգտվել:

Ի՞նչ է ներկայացնում նոր մոդելը:

Հաշմանդամության սահմանումը, մոդելի ընդունման դեպքում, կփոխվի, ու առաջ կգա համամասնական սանդղակը: Անձի մարմնի կառուցվածքը, օրգանիզմի ֆունկցիաները, անձի կարողությունն ու կատարողականությունը և միջավայրային գործոնների ազդեցությունն առանձին են գնահատվելու, և եթե դրանց միասնական արդյունքները հավասարվեն սանդղակին, ապա անձին հաշմանդամության կարգավիճակ կտրվի:

Այս մոդելը հնարավորություն է տալիս գնահատելու անձի կարիքը և համապատասխան նպատակային ծառայություններ տրամադրել: Հաշմանդամության խումբ չստացած մարդուն ևս ծառայություններ են տրամադրվելու (դեղորայք, բուժում, պրոթեզ, օրթոպեդիկ կոշիկ և այլն), նա վերականգնողական անհատական ծրագիր կստանա` այլ առողջական խնդիրների կանխարգելման նպատակով: Մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը կհստակեցվի մոդելի ընդունումից հետո:

Հաշմանդամության երեք խմբի քաղաքականությունը պահպանվելու է:

Արդյոք կշարունակվի՞ հաշմանդամության կենսաթոշակի տրամադրումը:

Կենսաթոշակների հարցն օրակարգային չէ ու քննարկման դրված չէ: Բոլոր նրանք, ովքեր կենսաթոշակ են ստանում, կշարունակեն ստանալ: Նոր մոդելով փորձաքննվող անձինք հաշմանդամության ճանաչման դեպքում ևս կենսաթոշակ կստանան:

Արդյոք կարևորվելո՞ւ է անձի ինքնագնահատումը։

Նոր մոդելում ներառված է նաև ինքնագնահատման թերթիկը: Դիմում գրելու ժամանակ ԲՍՓ հանձնաժողովն անձին ինքնագնահատման թերթիկ է տրամադրելու: Նախքան փորձաքննությունն անձն ինքն իրեն է գնահատելու և արդյունքները ներկայացնելու է հանձնաժողովին: Բացի ինքնագնահատման թերթիկից, հաշվի է առնվելու նաև սոցիալական աշխատողի գնահատականը: Վերջինս տնայց է կատարելու և դիտարկելու է մարդու կենցաղային գործունեությունը: Երեխաների դեպքում էլ հաշվի են առնվելու բարոյահոգեբանական մանկավարժական կենտրոնների մասնագետների գնահատականները: Վերջիններս երեխային դիտարկելու են դպրոցական միջավայրում: Այդ եզրակացությունները միանալով ԲՍՓ հանձնաժողովի անդամների գնահատականներին` տալու են մարդու հաշմանդամություն ստանալու-չստանալու պատասխանը:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.