accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Արամ Կիրակոսյան. Հոգեկան առողջության բեմադրված ու վավերագրական փորձառություններ

0

Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը հոգեկան առողջության թեմային անդրադառնալու երկու փորձ ունի: Առաջինը` «Խելագարանք» շարքը, գեղարվեստական-իմիտացիոն բնույթ ունի, երկրորդը` «Գեղեցիկ մարդիկ» շարքն ու ֆիլմը` վավերագրական:

Սկզբում Արամը լուսանկարել է հոգեկան առողջության խնդիրներ չունեցող մարդկանց, ովքեր սպիտակ զսպաշապիկ են հագնում, ներկայանում իրենց պատկերացրած կերպարով: Արդյունքներն արտացոլում են զանգվածային մշակույթի կողմից հոգեկան առողջության շուրջ ստեղծվող կարծրատիպերը` մտասևեռ/մտացրիվ հայացք, մարմնի անկանոն դիրք, կիսավեր շենք, ճիչ, զսպաշապիկ:

Խելագարանք

«Խելագարանք» շարքից

Հաջորդ փորձառությունը նախևառաջ հենց լուսանկարչի պատկերացումներն ու կարծրատիպերն է կոտրել:

«Երբ առաջին անգամ հոգեբուժարան գնացի, ոչինչ չէի պատկերացնում: Նախ գնացել եմ Սովետաշեն, հետո` Ավան: Սովետաշենը ծանր էր, զգալիորեն ծանր, չէի պատկերացնում, որ այդպես է: Ես ուղղակի որոշել, վեր եմ կացել ու գնացել, այնպես չէ, որ այնտեղ ինչ-որ մեկին ճանաչում էի:
Պատկերացնում էի, որ այնտեղ մարդիկ աֆեկտի մեջ են, անընդհատ գոռում են, գլուխները պատին են տալիս, ինչպես ցուցադրվում է ֆիլմերում, բայց ընդհանրապես նման բան չկա»:

Մեջտեղում՝ Արամ Կիրակոսյանը

Մեջտեղում՝ Արամ Կիրակոսյանը

Հաստատություն մուտք գործելն ի սկզբանե հեշտ չի եղել: Առաջին լուսանկարներն արվել են դրսից:

«Սկզբից չթողեցին ներս մտնել, դրսից նկարեցի: Ճշտեցին` լրագրո՞ղ եմ, թե՞ չէ, մի քիչ հանգստացան ու ցրեցին: Մի տարի փորձում էի մտնել հոգեբուժարան, չէր ստացվում, որովհետև «տնօրենը միշտ տեղում չէր»: Հետո ընդհանուր ծանոթ գտա, բացատրեցի տնօրենին, որ չեմ ուզում որևէ վատ բան անել: Եթե պատերը վատ վիճակում են, պայմաններ չկան, կադրում արդեն երևում է, ավելորդ անգամ չեմ նկարի, ինձ հետաքրքրում են մարդկանց պատմությունները»:

Արամն այցելության ընթացքում ապրել է հաստատության կանոններով` առանց հաղորդակցության միջոցների, սուրճի: Առաջին երկու շաբաթը պարզապես զրուցել է մարդկանց հետ, հետո սկսել լուսանկարել` հաշվի առնելով նրանց ցանկությունն ու կարծիքը:

«Մոտ երկու ամիս գնում էի հոգեբուժարան: Առաջին երկու շաբաթը ոչինչ չեմ լուսանկարել, պարզապես խոսել եմ մարդկանց հետ: Ծխախոտ էի տանում, միասին ծխում էինք: Սկզբից բժիշկների հետ հերթափոխի էի մասնակցում, հարցրին` բժի՞շկ ես, ասացի` չէ, մյուս օրը հարցրին` ուսանո՞ղ ես, ասացի`չէ, երրորդ օրը հարցրին` հիվա՞նդ ես, եկել ես պառկե՞ս, ասացի` գրեթե: Հետո պատմեցի, որ լուսանկարիչ եմ, գիտեին, որ ֆիլմ եմ նկարում: Աշխատել եմ չխախտել որևէ մեկի իրավունքները: Օրինակ` մի տղա դեմ էր, որ իր հորը նկարեմ, դեմքը խամրեցրել եմ: Մարդիկ կային, որ սկզբում չէին ուզում իրենց նկարեմ, բայց հետո համաձայնեցին, որովհետև հասկանում էին, որ ինչ-որ բան է կատարվում, որից անմասն են մնում»:

Գեղեցիկ մարդիկ 3 , Արամ Կիրակոսյան

Ուշագրավ է, որ լուսանկարիչը 2013-ին կայացած ցուցադրության ժամանակ համադրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և չունեցող մարդկանց լուսանկարները, ինչից հետո հասկացել է, որ մարդկանց ընկալումն ուղղակիորեն կապված է երևակայությունների հետ, որոնք միշտ չէ, որ իրական են:

Շարքից հետո ֆիլմի ստեղծման գաղափարը պայմանավորված է պատումի ներկայացման հեղինակային ընտրությամբ: Ֆիլմը, որ կոչվում է «Գեղեցիկ մարդիկ», հեղինակի կարծիքով` ծնողի մասին է, որովհետև բոլորը կարոտում էին իրենց մայրերին: Այս հանգամանքով է պայմանավորված երաժշտության ընտրությունը` օրորոցայինը:

Գեղեցիկ մարդիկ 1, Արամ Կիրակոսյան

2014-ին «Գեղեցիկ մարդիկ» կարճամետրաժ ֆիլմը հաղթել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կազմակերպած երիտասարդ վավերագրողների մրցույթի «Լավագույն պատմություն» անվանակարգում:

Թեև հեղինակը հավատում է, որ լուսանկարչությունը կարող է փոփոխություն բերել, բայց խնդիր լուծել՝ համոզված չէ: Արդյոք հնարավո՞ր է նման բան Հայաստանում:

«Եթե Հայաստանում այդպիսի բան լինի, ես շատ ուրախ կլինեմ, բայց Հայաստանում նման բանի չեմ հավատում: Այս շարքն ու ֆիլմը հետաքրքրեցին մարդկանց, հարցնում էին` թե որտեղ է, բայց խիստ կասկածում եմ… Եթե այդքան մարդկանցից, ովքեր տեսել են, գոնե մեկ-երկու հոգի գնա այնտեղ, կմտածեմ, որ լավ է, արժեր»:

Գեղեցիկ մարդիկ 2 , Արամ Կիրակոսյան

Փորձառության ընթացքում Արամը ոչ միայն լուսանկարների ու ֆիլմի միջոցով է վավերագրել պատումը, այլև մտապահել բաներ, որոնք մտորելու տեղիք են տալիս` ինստիտուցիոնալ միջավայրից մինչ ներառում ու ճարտարապետություն:

«Այստեղ հոգեբուժարանը առանձնացնում են, կտրված է ամեն ինչից, և դա վատ է: Սովետաշենը գնում ես, չգիտեմ, որքան կանգնում ես, ու չոլի մեջտեղում շենք է: Ո՞նց կարող է այդտեղ մարդն իրեն լավ զգալ: Մյուս կողմից` այդտեղից դուրս գալուց հետո պայմաններ չկան, որպեսզի նրանք հասարակությանը ներառվեն, ու մարդը ստիպված նորից վերադառնալու է այդտեղ: Նույնը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում, ում շուտով պիտի նկարեմ: Նրանք ապրում են ինչ-որ շենքում, գործարան կա, որտեղ երբեմն-երբեմն պատվեր է լինում, նրանք աշխատում են, և վերջ, կտրված են հասարակությունից: Սա եկել է խորհրդային ժամանակներից: Եթե հասարակական ներառում չկա, չի կարող մարդկանց մոտ որևէ բան դեպի լավը փոխվել»:

Գեղեցիկ մարդիկ 4 , Արամ Կիրակոսյան

Արամ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.