accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Անվճար դեղերի բաշխումը` ըստ իրականացված գնահատման

0

Հանրապետության բնակչության 31,8 տոկոսը անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու շահառու է: Ընդ որում, պետք է նկատել, որ բնակչության 21,3 տոկոսը, ըստ համապատասխան հատուկ խմբին պատկանելության, հանդիսանում է անվճար դեղ ստացող, 3,8 տոկոսը դեղերը կարող է ստանալ 50 տոկոս զեղչով, իսկ 6,7 տոկոսինը կարող է զեղչվել 30 տոկոսով:

«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» 2016 թվականի բյուջետային գնահատման համաձայն` հանրապետության բնակչության 7,6 տոկոսը հանդիսանում է հատուկ հիվանդությունների խմբեր ունեցող: Մյուս կողմից՝ 29,2 տոկոսն էլ, իր հերթին, պատկանում է հատուկ սոցիալական խմբերի:

Աղյուսակ 1

Բնակչության կառուցվածքն ըստ հատուկ խմբերում ընդգրկվածության

Հետազոտությանը նախորդած 12 ամիսների ընթացքում նրանցից 17,3 տոկոսը որևէ ձևով փաստացի իրացրել է արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իր իրավունքը: Մասնավորապես, առավելապես արտոնյալ պայմաններով դեղեր են ստացել «անվճար» ստանալու իրավունք ունեցող անձինք: Եթե նրանց 24,6 տոկոսն է օգտվել այդ իրավունքից, ապա 50 և 30 տոկոսով զեղչվելու իրավունք ունեցող անձինք, համապատասխանաբար, 6,4 և 0,3 տոկոսն է օգտվել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից:

Բնակչության կառուցվածքն ըստ անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքի և դրա իրացման, տոկոս

Բնակչության կառուցվածքն ըստ անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքի և դրա իրացման, տոկոս

Սոցիալական անապահով հատուկ խմբերում դեղերի ստացման ծառայություններից առավելապես օգտվում են հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես՝ 2-րդ խմբի՝ 42,9 տոկոս: Չաշխատող կենսաթոշակառուների դեպքում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 16,1 տոկոս: Երեխաների դեպքում արտոնյալ դեղերի ստացումը ևս տարածված չէ: Դրանից օգտվել են 0-7 տարեկան երեխաների 7,7 տոկոսը, հաշմանդամություն ունեցող երեխաների 18,2 տոկոսը, իսկ սոցիալական անապահով հատուկ խմբերում ընդգրկված երեխաների այլ խմբերը, կարելի է փաստել, գրեթե չեն օգտվել: Նկատենք, որ սրանց թվում են բազմազավակ ընտանիքների, միայնակ մոր, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները: Արդյունքում` սոցիալական անապահով հատուկ խմբերում ընդգրկվածների միայն 14,5 տոկոսն է օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:

Անվճար և արտոնյալ պայմաններով բաշխված դեղորայքը միջինում կազմել է շահառուներին անհրաժեշտ դեղորայքի 75 տոկոսը: Մասնավորապես, բաշխված դեղորայքը առավելապես մեծ ծածկույթ է ապահովել շաքարային և ոչ շաքարային դիաբետ, հոգեկան առողջության խնդիրներ և էպիլեպսիա ունեցող անձանց դեպքում:

Բաշխված դեղերը շահառուների 56 տոկոս դեպքերում կազմել են հիվանդին անհրաժեշտ ամբողջ դեղորայքը, 15,6 տոկոս դեպքերում՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 16,4 տոկոս դեպքերում՝ 50 տոկոսից պակաս:

Հաջորդ գծապատկերում ներկայացված են ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից բաշխված դեղորայքի շահառու ամենամեծ հինգ հատուկ խմբերը: Ստացվում է, որ դեղերի ստացման դեպքերի 48 տոկոսը բաժին է ընկնում շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցող անձինք, 14,4 տոկոսը՝ մինչև 7 տարեկան երեխաներին, հաջորդում են 3-րդ և 2-րդ խմբի հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք (հետազոտության մեջ դիտարկված է առաձին, և բաժանումը չի արվել խմբագրության կողմից):

Դեղորայքի ստացման դեպքերի կառուցվածքը

Դեղորայքի ստացման դեպքերի կառուցվածքը

Ինչպես հաջորդ աղյուսակն է ցույց տալիս, անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստացողների գոհունակությունը ծառայություններից բարձր չէ: Նրանց միայն 33,1 տոկոսն է «լիովին գոհ», 25,9 տոկոսն ունի տարբեր դժգոհություններ, իսկ 41,1 տոկոսը` «մասամբ գոհ» է:

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստացողների կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներ, տոկոս

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ստացողների կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներ, տոկոս

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.