accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Թովմասյան

Մարզային թղթակից

Մարդիկ չգիտեն՝ ինչ է վերականգնողական անհատական ծրագիրը և ինչու է այն անհրաժեշտ

0

Հաշմանդամությունը ճանաչելու համար բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողով դիմած պոտենցիալ հաշվառվողը, ներկայացնելով 88 ձև, էպիկրիզ ու բժշկական այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ստանում է հաշմանդամությունը փաստող կամ մերժող եզրակացություն:

Անձի հաշմանդամությունը ճանաչելուց հետո նրան տրամադրվում է վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), որի համաձայն պետք է իրականացվի անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը:

«Հույսի Մեծամոր» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ նախագահ Մարգարիտա Սեդրակյանը նշում է, որ շատ դժվար է լինում աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ուղղորդել նրանց տարբեր պետական ծառայություններից օգտվելու, եթե չունեն ՎԱԾ, որը հաճախ է հանդիպում Արմավիրի, Մեծամորի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Այս իրավիճակի մասին Արմավիրի ԲՍՓ նախագահը պարզաբանեց, թե նման բան չի կարող լինել, որ իրենք չտրամադրեն ՎԱԾ, եթե հաշմանդամություն ունեցողն ինքը գրավոր չի հրաժարվել: Այնինչ ծրագիրը չունեցող անձանցից շատերն անգամ չգիտեն ՎԱԾ-ի գոյության մասին կամ որ իրենք պետք է դա ունենային, չգիտեն նաև, թե դա իրենց ինչին է պետք, ուր մնաց թե գրավոր հրաժարված լինեն:

«Նրանք չեն պատկերացնում, թե իրենց խնդիրն առաջիկայում ինչ լուծումներ կարող է ունենալ, իրենց համար նախատեսված ինչ պետական ծրագրեր կան, որոնց կարող են մասնակցել: Իսկ առանց ՎԱԾ-ի օրենքը թույլ չի տալիս ոչ մի պետպատվերի ծրագրից, օրթոպեդիկ պարագաներ ու լսողական սարքեր ստանալու հնարավորությունից օգտվել», - նշում է Մարգարիտա Սեդրակյանը, հավելելով, որ այսօր իրենց գործունեությունը մեծապես ուղղում են նաև մարդկանց՝ ՎԱԾ-ի մասին տեղեկացնելուն, որ անպայման պահանջեն:

Նման ուղղորդումներից հետո Մ. Սեդրակյանն արձանագրեց մի քանի դեպք, երբ երեխաների հաշմանդամությունը հաստատվել է, ու ծնողը ՎԱԾ է պահանջել: «Տարածքային ԲՍՓ-ում զարմացել են, թե ինչ եք անում, առանձնապես բան չկա գրելու, բայց տվել են. եթե պահանջում են, փաստորեն չեն մերժում»,- նկատում է Մարգարիտան:

ՎԱԾ-ում ընդգրկված ծառայությունների իրականացումն ու դրանց արդյունավետությունն էլ մեկ այլ խնդիր է: Մարզային վերականգնողական կենտրոններում մեծ հերթեր են, ու հիմնականում նշանակված բոլոր ծառայություններից շահառուն չի կարողանում պետպատվերի հիմունքներով օգտվել: Մյուս այլընտրանքը Երևանի վերականգնողական կենտրոններ դիմելն է, որտեղից հնարավոր  է ծառայություն ստանալ, բայց` դժվար. նրանք էլ շահագրգռված են, որ տեղի կառույցը մատուցի այդ ծառայությունները, իրենք ևս ծանրաբեռնված են:

Մյուս խնդիրը ՎԱԾ-ում նշված ծառայությունների ու իրականության մեջ անհամապատասխանությունն է. «Վերջերս մի դեպք ունեինք, երբ 2,5 տարեկան երեխային փորձաքննությամբ քայլակ էր նշանակվել: Տարբեր տեղեր հարցում արեցինք ու պարզեցինք, որ պետությունը բազայում չունի այդ տարիքի համար նախատեսված քայլակ. ավելի մեծ տարիքի համար են դրանք: Այսինքն՝ փորձաքննության անհամապատասխանություն կա առկա ռեսուրսների հետ: Հետաքրքրվեցինք, շուկայական արժեքը մոտ 100 հազար դրամ էր, ոչ փոքր գումար»,- պատմում է Մարգարիտան:

Վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգի մասին հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ։ 

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.