accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Տարածական կողմնորոշման մասին հայերեն ձեռնարկը՝ արդեն հասանելի

0

Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներն այսուհետ կարող են առաջնորդվել նոր ձեռնարկով:

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների 14-րդ հատուկ դպրոցը հրատարակել է «Չտեսնող և մնացորդային տեսողություն ունեցող երեխաների տարածական կողմնորոշման զարգացմանն ուղղված մեթոդական ձեռնակը»։ Այն որպես ուսումնաօժանդակ նյութ երաշխավորվել է կրթության և գիտության նախարարի հրամանով:

«Քանի որ մենք գնում ենք համընդհանուր ներառում, միտք առաջացավ մեր տարիների փորձն ամփոփել այս ձեռնարկում: Տարածական կողմնորոշման թեման ենք ընտրել, քանի որ այն կենսական նշանակություն ունի չտեսնող մարդկանց համար»,- ասում է ձեռնարկի համահեղինակ, դպրոցի հատուկ մանկավարժ Անդրանիկ Գրիգորյանը:

Լեհ մասնագետների փորձին սեփականը գումարելով` 14-րդ հատուկ դպրոցի տիֆլոմանկավարժներ Սոֆյա Մովսիսյանը, Նաիրա Ստեփանյանը, Մարիաննա Գալստյանը նպատակ են ունեցել ձեռնարկի միջոցով ևս մեկ քայլ կատարել տեսողության խնդիրներ ունեցող երեխաների խնդիրների նվազեցման նպատակով.

«Ձեռնարկն արժեքավոր նյութ է Հայաստանում տիֆլոմանկավարժության զարգացման ճանապարհին: Այն կօգնի երեխաների հետ աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ հաղթահարելու, ծնողների իրազեկվածության մակարդակը կբարձրացնի և կօգնի գնահատման կենտրոնին ֆունկցիոնալ գնահատման հարցում»,- հավելում է Գրիգորյանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ապագա տիֆլոմանկավարժներն այսուհետ գիտելիքների մեծ պաշարով կմտնեն դպրոց։ Հեղինակները համոզված են, որ մասնագետներից բացի ձեռնարկն օգտակար կլինի նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին ու ընտանիքի անդամներին:

«Չտեսնող և մնացորդային տեսողություն ունեցող երեխաների տարածական կողմնորոշման զարգացմանն ուղղված մեթոդական ձեռնարկի» կազմման աշխատանքներին չեն մասնակցել հաշմանդամություն ունեցող մարդիկ, քանի որ, ըստ կարծիքի, այնտեղ տեղ գտած մեթոդներին նրանք էլ մինչ այդ ծանոթ չեն եղել:

Այս ձեռնարկը ենթակա է վաճառքի, ու ստացված հասույթի 40%-ը նվիրաբերվելու է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար սոցիալական և կրթական ծրագրեր իրականացնող «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամին:

Գրքի արժեքն է 3000 դրամ է և այն հնարավոր է գնել 14-րդ հատուկ դպրոցից: Հասանելի է նաև գրքի բրայլյան տարբերակը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.