accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

ԴԱՀԿ-ը հաշմանդամություն ունեցող անձի կենսաթոշակը բռնագանձել է

0

«Երաշխավոր եմ կանգնել մի հոգու, վարկը չի մուծել, բանը հասել է դատարան, հետո` ԴԱՀԿ, ու կալանք են դրել թոշակիս (2-րդ խմբի հաշմանդամության համար ստանում է ամսական 19 հազար դրամ կենսաթոշակ,- հեղ.) քարտի վրա: Բանկի մուծումն անելուց հետո մնում էր ԴԱՀԿ-ին մուծվեր, թոշակս են քաշել տարել, ու գործը փակվել է: Չեմ բողոքել ոչ մի տեղ:

Վարկի մուծումը բանկում ենք արել, ԴԱՀԿ-ը միայն իրեն հասանելիք պարտքն է քաշել քարտից՝ վարկի 5 %-ի չափով՝ որպես իրենց ծախսերի փոխհատուցում: Դա էլ է մնում պարտապանի վրա (որպես երաշխավոր՝ հավասար պատասխանատվություն է կրել, -հեղ.):

Ես ֆինանսական կորուստ չեմ ունեցել, ինձանից գանձված բոլոր գումարները պարտապանը վերադարձրել է»,- պատմեց Disabilityinfo.am-ի զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ:

Այն հարցին, թե ինչո՛ւ չի բողոքել` վերականգնելու համար իր խախտված իրավունքը, հարցով պատասխանեց. 38 հազար դրամի համար ընկնեի քաշքշուկի մե՞ջ:

Մեր զրուցակցի կենսաթոշակի վրա բռնագանձում է տարածվել կատարողական ծախսերի համար (գույքային բնույթի պարտավորությունների դեպքում սովորաբար գումարի 5 %-ի չափով):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոց է համարվում նաև պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը: Նույն օրենքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ «կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են հաշմանդամություն ունեցող անձանց»:

«Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գևորգ Հակոբյանը Disabilityinfo.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե հարկադիր կատարման ծառայությանը չտեղեկացնեն, որ բռնագանձումն իրականացվելու է հաշմանդամություն ունեցող անձին վճարված գումարից, ԴԱՀԿ-ը դա ինքնուրույն ճշտելու պրակտիկա չունի:

«Բռնագանձումն իրականացվում է դատարանի տված կատարողական թերթի հիման վրա՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումով. վերջինիս մեջ գույքային բնույթի կատարողական գործողությունները շարադրված են կարգադրության ձևով՝ մի անձից մեկ այլ անձի օգտին գույք կամ դրամական միջոց բռնագանձել որոշակի չափով։ ԴԱՀԿ-ը չի տեսնում՝ ի՞նչ գումար է բռնագանձում: Եթե հարկադիր կատարման ծառայությանը չտեղեկացնեն, որ բռնագանձումն իրականացվելու է հաշմանդամություն ունեցող անձին վճարված գումարից, ապա ԴԱՀԿ-ը չունի դա ինքնուրույն ճշտելու պրակտիկա։

Բանկն իր հերթին հարկադիր կատարող չէ, նա չունի պարտականություն առանձնացնելու, թե ո՛ր գումարներից չի կարելի բռնագանձել, և այսօր տեխնիկապես չի էլ կարող։ Բանկը չի կարող չկատարել հարկադիր կատարողի որոշումը։

Եթե քաղաքացին դիմում ներկայացնի, հարկադիր կատարման ծառայությանը տեղեկացնի ու հիմնավորի, որ բռնագանձումն իրականացվել է հաշմանդամություն ունեցող անձին վճարված գումարից, և հետ պահանջի բռնագանձված գումարը, ԴԱՀԿ-ը պարտավոր է իր սխալն ուղղել»,- ասաց փաստաբանը:

Հակոբյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց վճարված գումարի վրա բռնագանձում տարածելը կանխելու կամ բռնագանձված գումարը վերադարձնելու համար արժի դիմել փաստաբանի։ Խորհուրդ է տալիս հարցը լուծել արտադատական կարգով, ինչն ավելի արդյունավետ և շահավետ է քաղաքացու համար. դատարան դիմելու դեպքում հարցն շատ ավելի ուշ է լուծվում և ավելի թանկ նստում։

«Արտադատական կարգով գործի լուծման համար կարելի է դիմում կամ բողոք ներկայացնել ԴԱՀԿ կամ արդարադատության նախարարություն, որոնք վարչական վարույթ հարուցելու և խնդիրը քննելու գործառույթ ունեն»,- նշեց նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ օրենսդրական բացեր չկան, խնդիրը օրենքների կիրառությունն ապահովելու մեջ է, պետք է ստեղծել կամ կատարելագործել համապատասխան մեխանիզմները:

«Ընդհանուր առմամբ խնդիրը կարող է լուծվել երկու համատեքստում. կարող են լրացուցիչ կարգավորումներ տալ, որպեսզի հարկադիր կատարողները տեսնեն՝ ի՞նչ գումարից են բռնագանձում (սա, կարծում եմ, իրատեսական չէ), կամ կարող են բողոքարկման համակարգը կատարելագործել` ավելի սեղմ ժամկետներում գործերը քննելով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դրա հնարավորությունը վարչական մարմնի արագ գործելու պարտականության համատեքստում: Երևի դա կլինի լավագույն լուծումը»,- եզրափակեց փաստաբանը։

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.