accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Ի՞նչ են առաջարկում 9 քաղաքական ուժերը հաշմանդամություն ունեցող անձանց

0

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները պատրա՞ստ են ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը։ Disabilityinfo.am-ն ուսումնասիրել է նախընտրական ծրագրերը՝ պարզելու համար, թե որքանով են դրանցում արտացոլված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու կարիքները։

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերը ներկայացված են ըստ քվեաթերթիկների հերթականության։

ԵԼՔ«Կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով գործակալություն, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրության պահանջների խախտման դեպքում կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է «Ելք» դաշինքի ծրագրում։

«Ելք» դաշինքը նախատեսում է ստեղծել նաև հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բոլոր փուլերում հաշմանդամություն ունեցող ուսանողների որակյալ և մատչելի կրթության ապահովմանն աջակցելու համար։

Դաշինքն առաջարկում է ծննդատներում ներդնել հոգեբանի ինստիտուտ` կանխելու համար նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ, և ստեղծել ընտանիքների աջակցության մշտական ծառայություն, զարգացնել խնամատարության և որդեգրման ինստիտուտները:

Փոփոխություններ կարիք են տեսնում նաև զինված ուժերում․ «Կերաշխավորվի զինվորական պարտականությունների կատարման ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած պայմանագրային զինծառայողների՝ զինված ուժերի համակարգ վերադարձի հնարավորությունը՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ, իսկ առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով շարունակական կրթությանը և զբաղվածությանը»։

Ի դեպ, միայն այս դաշինքն է հրապարակել նախընտրական ծրագրի հայերեն ժեստերի լեզվով տարբերակը:

«ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ, աուդիոտարբերակը և հայերեն ժեստերի լեզվով տարբերակը հասանելի է այստեղ:

 ԱԴԿ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարևոր է համարում որակյալ և մատչելի հանրակրթությունը և գտնում է, որ պետք է «ապահովել հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքը իր բնակավայրում և իր հասակակիցների հետ», իսկ «մարզային մանկավարժական համալսարաններում պետք է բացվեն համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունից բխող մասնագիտացումների որակավորում ապահովող ֆակուլտետներ»։

Հաշմանդամություն ունեցող անձանց մյուս իրավունքների մասին կուսակցությունը նախընտրական ծրագրով ոչինչ չի առաջարկում։

Նախընտրական ծրագրից բացի, կուսակցությունը հրապարակել է նաև կառավարության գործունեության նախընտրական ծրագիրը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց մասին որևէ հիշատակում չկա:

«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

ՀՎԿ

«Ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում: Պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրում հաշմանդամների կողմից ստեղծված ձեռնարկություններին կամ հաշմանդամ աշխատակիցներ ունեցող ընկերություններին: Կառավարությանն առընթեր հատուկ պետական մարմնի ստեղծում, որը կզբաղվի հաշմանդամների խնդիրներով՝ ներառյալ կրթության, առողջապահության, զբաղվածության խնդիրները և այլն»,- առաջարկում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

«Հայկական վերածնունդը» խնդիրների լուծումը տեսնում է հաշմանդամության կենսաթոշակների բարձրացման, այլ ոչ թե, օրինակ, մատչելի միջավայրի ապահովման մեջ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխատում է հաշմանդամություն ունեցող 205.200 անձանց մոտ 9%-ը։ Այսինքն՝ հարկային արտոնությունների տրամադրումը գործատուներին պատկերացնելն անիրատեսական է՝ հաշվի առնելով այդ մեծ թիվը։

ՀՎԿ նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

ԾԱՌՈՒԿՅԱՆ

«Ծառուկյան դաշինքի» ծրագրում ևս ապահովված չէ ներառականության սկզբունքը։ Նրանք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին անդրադարձել են կարծրատիպային բառապաշարով և մեկ հռչակագրային կետով. «Արմատապես վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների) նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը»։

«Ծառուկյան դաշինքի» նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

ՀԱԿ_ՀԺԿ

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի ծրագրում հաշմանդամություն ունեցող անձանց մասին հիշատակումներ չկան. նրանք անտեսանելի են։

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

 ՀՀԿ

«Կրթությունը պետք է լինի որակյալ և հասանելի բոլորի համար»,- ասվում է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ծրագրում, բայց թե ինչ քայլեր են ձեռնարկվելու հասանելիությունն ապահովելու ուղղությամբ, պարզաբանված չէ։ ՀՀԿ-ն չի խոսում նաև կրթության ներառականության, այն է` մատչելիության մասին։

ՀՀԿ-ն առողջապահության հատվածը սկսում է հետևյալ նախադասությամբ. «Մեզ անհրաժեշտ է առողջ քաղաքացի…»։ Հավանաբար դրական միտում ունեցող այս տողը հիշեցնում է Սպարտան, որտեղ առողջությունն էր մարդու օգտակարության չափանիշը։

ՀՀԿ նախընտրական ծրագրի կառուցվածքի հիմքում կարծրատիպերն են։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին անդրադարձել են միայն «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտ» ենթավերնագրի տակ՝ անտեսելով մշակույթի, երիտասարդության, տնտեսության, գյուղատնտեսության, արդարադատության ոլորտներում։

Ընտրվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների բավարար մակարդակի ապահովման նպատակով ՀՀԿ-ն նախատեսում է կատարելագործել իրավական դաշտը` ձեռնարկելով հետևյալ քայլերը․

  1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող օրենսդրության ընդունում։
  2. Հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների ներդրում՝ հստակ սահմանելով և սահմանազատելով «հաշմանդամություն ունենալը», «հիվանդ լինելը» և համապատասխան ծառայությունների փաթեթների տրամադրում։
  3. Հաշմանդամության սահմանման նոր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործառույթների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրում։

Պետք է նշել, որ տարիներ շարունակ չարչրկված և խտրական օրենքի նախագիծը արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Ծրագրային երկրորդ կետը նույնությամբ նախկինում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և տեղ գտել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականում։ Բայց թե երբ «հաշմանդամություն ունենալը» և «հիվանդ լինելը» տարանջատված չեն եղել` անհասկանալի է։ ՀՀԿ նախորդ տարիների գործունեությունից կարելի է ենթադրել, որ խոսքը հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող մարդկանց թիվը կտրուկ նվազեցնելու ցանկության մասին է:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ, աուդիոտարբերակը՝ այստեղ։

ՀԿԿ

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում ևս հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի չեն առնվել։ Ծրագիրն՝ այստեղ:

ՕՐՕ«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը նախատեսում է «Հանրակրթության մասին» օրենքում կատարել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կապահովեն պետության կողմից վավերացված «Կրթություն բոլորի համար» միջազգային կոնվենցիայով ստանձնած քաղաքականությունը»: Կրթության ոլորտի փոփոխություններում, սակայն, ներառական կրթության մասին ոչ մի ակնարկ չկա, բացի այն, որ պետք է «վերանայել ներառական կրթության ֆինանսավորումը»։ Ի դեպ, վերանայման գործընթացն արդեն իսկ սկսվել է։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)  կուսակցությունն իր ծրագրում հաշմանդամություն ունեցող անձանց հիշել է մեկ անգամ, այն էլ` կարծրատիպային և նեղ բառապաշարով, ոչ հստակ գործողություններով. «Օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը»։

ՀՅԴ նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.