accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Պետպատվեր կամ շաբաթներ և անվերջ զանգեր տեղեկանքի համար

0

328 հազար քաղաքացի նախորդ տարի օգտվել է պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից: Սեփական փորձով պարզեցինք, թե ինչ դժվարությունների են հանդիպում մարդիկ՝ փորձելով օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից:

Ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում քաղաքացիները այս ծառայություններից օգտվելիս:

Ոչ տեղեկացվածություն, անվերջ զանգերի ու ճշտումների շրջափուլ

Առաջին օղակը, որին դիմում են քաղաքացիները առողջական որևէ խնդիր ունենալիս, տարածքային պոլիկլինիկան է: Բժշկական հաստատություններում առաջին նախադասությունն է. «Կան ծառայություններ, որոնց համար պետք է վճարել»:

Երբ քաղաքացին հայտնում է, որ ընդգրկված է հատուկ խմբում ու կարող է օգտվել անվճար բուժօգնությունից, հնչում է հետևյալ պատասխանը. «Մենք չենք կարող ասել՝ այս ծառայությունից կարո՞ղ եք անվճար օգտվել, թե՞ ոչ, ինքներդ ճշտեք»:

Այստեղից սկսվում է զանգերի ու փաստաթղթերի ուսումնասիրման անվերջանալի թվացող շղթան: Զանգ՝ առողջապահության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովության տարածքային կենտրոնի տեսուչին և այլն: Պարզելուց հետո, որ քաղաքացին կարող է անվճար օգտվել տվյալ ծառայությունից, հաջորդ հարցն է առաջանում՝ ո՞ր հաստատությունում: Սկսվում է զանգերի նոր շրջանը։

Նշենք, որ սա միայն այն դեպքում, երբ քաղաքացին տեղեկացված է իր՝ անվճար բուժօգնություն ստանալու իրավունքի մասին ու փորձում է մանրամասները ճշտել:

Ի վերջո, համապատասխան բժշկական հաստատությունը գտնելուց հետո ստանում է պահանջվող փաստաթղթերի ցանկը, որի մեջ ներառվում է տեղեկանք այն մասին, որ ինքը որոշակի սոցիալական խմբի անդամ է:

Տեղեկանքի հետքերով, կամ սպասիր 15 օր

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է այցելել սոցիալական ապահովության տարածքային կենտրոն, դիմում գրել այն մասին, որ քեզ անհրաժեշտ է տեղեկանք տվյալ բժշկական հաստատություն այցելելու համար: Այնուհետև 15 օրվա ընթացքում հայտնում են, որ տեղեկանքը պատրաստ է: Այսինքն՝ պետք է մինչև 15 օր սպասել ինչ-որ ծառայությունից օգտվելու համար:

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հետազոտության ու ամեն բուժհաստատություն այցելելու ժամանակ պետք է ներկայացնել առանձին տեղեկանք և ամեն անգամ սպասել այդ 15 օրը, քանի որ տեղեկանքի վրա նշվում է կոնկրետ այն հաստատությունը, որին պետք է ներկայացնել։ Հնարավոր չէ միևնույն տեղեկանքով կամ դրա պատճենով անցնել բոլոր ստուգումները: Եթե քաղաքացին պետք է տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հաստատություններում մի քանի հետազոտություններ անցնի, ամեն անգամ պետք է այս ընթացակարգով սպասի տեղեկանքի տրամադրմանը:

Խնդրի վերաբերյալ հարց ուղղեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Հարցին ի պատասխան նշեցին՝ խնդրով զբաղվում են։

«Թվայնացման և տեղեկանքների տրամադրման խնդիրները քննարկվում են, կտրվեն համապատասխան լուծումներ»,- նշված է պատասխանի մեջ:

Հրապարակումն իրականացվել է «Ավելի հասցեական և մատչելի առողջապահական և սոցիալական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ենթածրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը»: Նախաձեռնությունն իրականացվում է Օքսֆամի «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.