accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

«Ելքը» կհարմարեցնի արդեն իսկ առկա ավտոբուսների 40 տոկոսը

0

Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որն ընտրում է քաղաքապետ և վերահսկողություն իրականացնում նրա գործունեության նկատմամբ: Մայիսի 14-ին երևանցիները հնարավորություն կունենան ընտրելու ավագանու թեկնածուներին:

Ի՞նչ են նախատեսել ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ:

Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը

Ո՞վ կլինի քաղաքապետ, եթե «Ելքը» մեծամասնություն կազմի:

«Ելք» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում պատկերացնում է ԱԺ պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ ակնկալել «Ելքից»:

«Ելքն» առաջարկում է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վարչություն, որը կմշակի և կիրականացնի Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը: Երևանի քաղաքապետարանում նման փորձ արդեն իսկ կա: Այժմ, օրինակ` գործում է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:

Դաշինքն առաջարկում է մշակել մատչելիության համապարփակ պարտադիր նորմեր և մասնագիտական աջակցություն տրամադրել տարեկան առնվազն 450 կազմակերպությունների՝ իրենց ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու և նրանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու նպատակով:

Մինչև 2022 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար «Ելքի» թիմը կհարմարեցնի արդեն իսկ առկա ավտոբուսների 40 տոկոսը (շուրջ 270 ավտոբուս) և տրոլեյբուսների 100 տոկոսը (շուրջ 77 տրոլեյբուս):

Դաշինքը ոչ պակաս հեղափոխական մոտեցում է առաջարկում նախադպրոցական կրթության ոլորտում: Դաշինքի ծրագրային նպատակներից է հաշմանդամություն ունեցող երեխաների նախադպրոցական որակյալ և մատչելի կրթությունը Երևանի բոլոր 160 մանկապարտեզներում ապահովելը՝ ստեղծելով հավասար պայմաններ և ներգրավելով անհրաժեշտ մասնագետների:

Հանրակրթության ոլորտում դաշինքը հիմնախնդիրների լուծում է համարում խելամիտ հարմարեցումների տրամադրումը. «Երևանի 10 դպրոցում կներդրվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար խելամիտ հարմարեցումների ապահովման պիլոտային ծրագիրը և կմշակվի քաղաքային ռազմավարություն»:

«Ելքի» առաջնային խնդիրներից է նաև հայերեն ժեստերի լեզվի կրթությունը: Առաջարկվում է ստեղծել հայերեն ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որը կպատրաստի և կլիցենզավորի պրոֆեսիոնալ թարգմանիչներ և հնարավորություն կընձեռի հանրային ծառայությունների և կրթության ոլորտի անձանց անցնել ժեստերի լեզվի կարճաժամկետ դասընթացներ:

Դաշինքը խոստանում է ապահովել տեսողության խնդիր ունեցող անձանց համար տարածական կողմնորոշման ծառայությունների շարունակական տրամադրումը և նպաստել նրանց` համայնքում անկախ և ինքնուրույն կյանքին:

«Ելքն» իր ծրագրում չի անդրադառնում, օրինակ` հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Սակայն դաշինքը նշում է՝ այս ծրագիրը սպառիչ չէ, և դաշինքի ներկայացուցիչների ելույթներում բարձրացրած հարցերը անբաժան մասն են այդ ծրագրի:

«Ելքի» նախընտրական ծրագիրը, որը տեղադրված է pdf ձևաչափով, ի տարբերություն ԱԺ ընտրությունների, այս անգամ մատչելի չէ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.