accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

ՀՀԿ-ն խաղահրապարակներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր կտեղադրի

0

Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որն ընտրում է քաղաքապետ և վերահսկողություն իրականացնում նրա գործունեության նկատմամբ: Մայիսի 14-ին երևանցիները հնարավորություն կունենան ընտրելու ավագանու թեկնածուներին։

Ի՞նչ են նախատեսել ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ։

«Ելք» դաշինքի ծրագիրը

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը

Ո՞վ կլինի քաղաքապետ, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում կրկին պատկերացնում է Տարոն Մարգարյանին։

Ի՞նչ ակնկալել Հանրապետական կուսակցությունից:

ՀՀԿ-ն 10 ծրագրային առաջնահերթություններից մեկն է համարել մատչելիությունը՝ առաջարկները զետեղելով «Մատչելի Երևան» խորագրում։ Հանրապետականները իրենց տեսլականում նշել են հայտնի ձևակերպումը. «Մենք համոզված ենք, որ եթե քաղաքը հարմար է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար, ուրեմն հարմար է բոլորի համար»։ Կուսակցությունը նշում է՝ իրենց տեսլականը հենվում է մարդակենտրոն մայրաքաղաք ունենալու հրամայականի վրա և որ այն արտացոլված է իրենց բոլոր ծրագրային դրույթներում։

2017-2022 թվականներին ՀՀԿ-ն առաջարկում է ավտոբուսներում տեղադրել կանգառների ձայնային ազդարարման համակարգեր, խաչմերուկներում կահավորել ձայնաազդանշանային լուսացույցներ, տեղադրել մայթերի ավարտի մասին զգուշացնող հատուկ գոգավորությամբ սալահատակներ։

Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար կուսակցության լուծումներն են՝ հանրային շենքերում ապահովել թեքահարթակներ, հասարակական տրանսպորտում շարունակել տեղադրել համապատասխան սարքավորումներ, հանրային տարածքներում ապահովել տեղաշարժման մատչելիություն, վերգետնյա և ստորգետնյա անցումներն ապահովել հատուկ սարքավորումներով և վերելակներով։ Ի դեպ, ՀՀԿ քարոզչական տեսահոլովակում պատկերված է նաև սայլակ օգտագործող (գուցե նաև միայն տեսահոլովակի համար) տղա, որին օգնում են օգտվել միակ վերելակ ունեցող վերգետնյա անցումից։

Կուսակցությունը խոստանում է նաև «խաղահրապարակներում տեղադրել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված խաղեր»։

Մատչելիության հատվածում ՀՀԿ-ն խոսում է նաև լուսավորության ապահովման, նստարանների և աղբամանների տեղադրման, հեծանվուղիների ստեղծման մասին։

Նախընտրական ծրագրի «Հոգատար Երևան» խորագրում առաջարկվում է. «Իրականացնել Երևանում բնակվող վետերաններին և հաշմանդամություն ունեցող մարդկանց արտոնությունների տրամադրման շարունակական ծրագիրը»։

«Մրցունակ Երևան» խորագրում ՀՀԿ-ի ծրագրերից մեկն է. «Մշակել և իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային միջավայր ներառելու պայմանների ապահովման հայեցակարգ»։

Առաջիկա հինգ տարիների համար կուսակցությունն առաջարկում է մեկնարկել դպրոցների շենքերում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովման ծրագիրը։

Կուսակցությունը առաջարկներից հետո թվարկում է նաև այն «ձեռքբերումները», որոնք գրանցել են 2013-2017 թվականներին՝ թեքահարթակներից մինչև 25 ավտոբուսները։ Թեև իշխող Հանրապետականը փորձել է մատչելիությունը դիտել ավելի լայն դիտանկյունից, սակայն չի կարողացել զերծ մնալ կարծրատիպային և ոչ նախընտրելի բառապաշարից։ Կուսակցությունը չի անդրադարձել, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մատչելի միջավայրի ապահովմանը և այլն։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.