accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Քվոտայի պահանջը կասեցվել է. կառավարությունը խոչընդոտներ է բացահայտել

0

Կառավարությունը որոշել է կասեցնել քվոտայի պահանջը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: Այն կասեցված կմնա այնքան ժամանակ, մինչև քվոտայի համակարգի առավել նպատակային ներդրման և գործարկման համար կապահովվեն օրենքով սահմանված անհրաժեշտ հիմքերն ու մեխանիզմները:

Հիշեցնենք, որ քվոտայի պահանջը սահմանված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով: Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանված է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար:

Հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն ուժի մեջ էր մտել 2016 թ. հունվարի 1-ից: Այսինքն՝ հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պետք է ապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածությունը աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում են, որ այս փուլում դեռևս առկա են որոշ օբյեկտիվ խոչընդոտներ»:

Կառավարությունը խմբավորել է 6 հիմնախնդիր, որոնք արվել են իրենց ուսումնասիրությունների հիման վրա:

Առաջին խնդիրն այն է, որ պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան լիարժեք հնարավորություն չի տալիս հաշվարկելու քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը: Խնդիր է նաև, որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ ոստիկանությունում աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են, ինչն անհնար է դարձնում քվոտավորման ենթակա աշխատատեղերի հաշվարկը:

Կառավարությունը հիշատակում է նաև իր իսկ ընդունած խտրական որոշումները, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք չունեն աշխատելու որոշ պետական կառույցներում՝ զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայություններում և այլն:

Ըստ կառավարության հիմնավորման՝ գործատուները նաև չեն տիրապետում իրենց աշխատողների` հաշմանդամություն ունենալ-չունենալու մասին տեղեկությանը: Որոշման մեջ նշվում է. «[Կան] տնտեսության ճյուղային առանձնահատկություններով պայմանավորված՝ առանձին ճյուղերում ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջի կատարման օբյեկտիվ, լրացուցիչ դժվարություններ»:

Կառավարությունը հիմնախնդիր է համարել նաև քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը:

Կառավարությունը, փաստորեն, կրկին փաստեց այն դիտարկումները, որ այս փոփոխությունն իրականացվել են առանց նախնական ուսումնասիրությունների: Գործադիր մարմինը նաև նախընտրել է կասեցնել քվոտան, այլ ոչ թե, օրինակ` այն որոշումները, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող զբաղեցնել մի շարք պետական պաշտոններ:

Այսօր ընդունված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում արդեն արված մասնահանումները արտաբյուջետային միջոցներից կվերադարձվեն կատարած կազմակերպությունների հաշվեհամարներին:

Կառավարությունը նախատեսում է նորից քննարկումներ իրականացնել՝ խոստանալով հասարակական կազմակերպությունների լայն մասնակցություն:

Հետգրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում առաջին կիսամյակի հրապարակված վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում արդեն պարզել էինք, որ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը պետական կառույցներում գրեթե կրկնակի է, քան պետք է ապահովեր օրենսդրական այդ նախաձեռնությունը: Այսինքն՝ պահանջվող թիվն արդեն ապահովված էր, բացառությամբ մի քանի կազմակերպությունների, ինչպիսիք են` ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը, Սահմանադրական դատարանը, արդարադատության նախարարությունը, ՀՀ նախագահի աշխատակազմը և այլն:

Հրապարակումը կարող եք կարդալ այստեղ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.