accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Ավագանու 258 թեկնածուից հաշմանդամություն ունեն երկուսը

0

Ովքե՞ր են ավագանի դառնալու ցանկություն հայտնել: Ո՞ւմ հնարավորություն կունենան ընտրել երևանցիները մայիսի 14-ին: Արդյոք հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացված կլինե՞ն այս մարմնում:

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել են երկու կուսակցություն և մեկ դաշինք: «Ելք» դաշինքից առաջադրվել է 63, «Երկիր ծիրանի» կուսակցությունից՝ 50, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ 195 թեկնածու: «Երկիր ծիրանին» քաղաքապետի պաշտոնում տեսնում է Զարուհի Փոստանջյանին, «Ելքը»՝ Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ն՝ կրկին Տարոն Մարգարյանին:

Չափահաս երևանցիների շրջանում հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են շուրջ 7 տոկոս՝ 58.786 անձ, մինչդեռ թեկնածուների ընդհանուր թվում միայն 0,7 տոկոսն ունի հաշմանդամություն:

Այսինքն՝ կուսակցությունները ձախողել են ներկայացուցչական ցուցակներ ունենալը: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող թեկնածուները և այդ ոլորտում աշխատող մարդիկ ենթադրյալ անցողիկ տեղերում չեն: Օրինակ՝ ՀՀԿ-ում նրանք զբաղեցնում են 107 և բարձր տեղերը, մինչդեռ ավագանին կազմված է 65 անդամից:

Թեկնածուներից ովքե՞ր ունեն հաշմանդամություն

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ից առաջադրվել է հաշմանդամություն ունեցող ընդամենը մեկ անձ:

Նա Աղվան Մխիթարյանն է, որը զբաղեցնում է ցուցակի 135-րդ հորիզոնականը: Հանրությանը քիչ հայտնի Աղվան Մխիթարյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում: Նա «միլիցիայի մանկական սենյակի տեսուչի» և «գեղարվեստական ձևավորողի» որակավորում ունի, աշխատել է Հայէլեկտրամեքենաշինական գործարանում, Նորք-Մարաշ թաղապետարանում՝ որպես թաղապետի տեղակալ և թաղապետի գլխավոր խորհրդական:

«Ելք» դաշինքով առաջադրվել է Զարուհի Բաթոյանը, ով երկար տարիներ զբաղվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի անդամ է: Աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում, համակարգել է Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի աշխատանքները: Նաև «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: Ցուցակում 15-րդն է:

Ի դեպ, ավագանու նիստերը տեղի են ունենում մի հարկում, որտեղ վերելակ չկա:

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու հաշմանդամություն ունեցող թեկնածուների մասին տեղեկություններ չկան: Կուսակցությունն օրենքով սահմանված կարգով չի պատասխանել տեղեկություն ստանալու հարցմանը՝ խախտելով տեղեկություն ստանալու մեր իրավունքը:

Ո՞վ ինչ փորձառություն ունի այս ոլորտում

Անուշ ՍարգսյանՀՀԿ-ից առաջադրվել է ժեստերի լեզվի թարգմանիչ Անուշ Սարգսյանը: Կրթությամբ լոգոպեդ է: Աշխատել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ում, «Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատ» ՍՊԸ-ում: 2010 թվականից աշխատում է նաև «Հայաստանի խուլերի միավորման կենտրոնական վարչությունում»՝ որպես նախագահի ժեստերի լեզվի թարգմանիչ և օգնական: Ըստ կենսագրության՝ 2014 թ. ստացել է միջազգային կարգի ժեստերի լեզվի թարգմանչի որակավորում: Նա ցուցակում 124-րդն է:

Հակոբ ԱբրահամյանՀանրապետականի ցուցակում է նաև Հակոբ Աբրահամյանը: Նա «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» և «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունների հիմնադիր նախագահն է:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ է: Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամ է:

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի և տարբեր միջազգային կազմակերպությունների պատվոգրերով: Նա ցուցակում 107-րդն է:

Արամ ՍուքիասյանԲացի ոլորտում աշխատող մարդկանցից, Հանրապետական կուսակցության ցուցակում է նաև Արամ Սուքիասյանը, ով 2015 թվականին կասկածի տակ էր դրել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը. «Արդյոք ճի՞շտ է, որ առաջին դասարանցի առողջ երեխան մտնում է դպրոց, իր նստարանի կողակցին՝ իր դասընկերոջը, տեսնելով այդ վիճակում, իսկ վիճակը ձեզ քաջածանոթ է: Արդյոք հոգեբանական խնդիր չի՞ ապրում այդ վեց տարեկան երեխան, արդյոք սա մտահոգիչ չէ՞: Թե՞ մենք մտածում ենք այդ հաշմանդամ երեխայի մասով, բայց մենք անհրաժեշտություն ունենք նաև հոգ տանելու առողջ երեխայի հոգեբանական խնդրի մասին»:

Հիշեցնենք, որ այս հայտարարությունից հետո Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը հորդորել էր Տարոն Մարգարյանին` հրապարակել քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցի շուրջ և վերանայել անձի և պաշտոնի նպատակահարմարությունը: Քաղաքապետարանը բաց նամակն անարձագանք էր թողել, սակայն Արամ Սուքիասյանին հաջորդիվ կարելի էր տեսնել հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին: Օրինակ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ուսուցիչներին վկայականներ հանձնելիս, «Հույսի կամուրջ» ՀԿ 20-ամյակի միջոցառմանը և այլն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.