accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Կարո՞ղ եմ սեռական կյանքով ապրել, եթե էպիլեպսիա ունեմ

0

Էպիլեպսիա ունեցող մարդկանցից շատերը մտավախություն ունեն սեռական կյանք սկսելուց առաջ: Թվում է, թե հնարավոր չէ կամ նույնիսկ վտանգավոր է: Ամանդա Դենիսը «Ընտանիքի պլանավորման հասարակություն» կազմակերպության հետազոտությունների և գնահատման տնօրենն է և ստեղծել է GirlswithNerve կայքը։ Նա այդ խնդրի առաջ կանգնած դեռահասներից մեկն է ու իր փորձով պատասխանում է մտատանջող հնարավոր հարցին:

Առաջին անգամ էպիլեպսիա ախտորոշումը լսելուց հետո ինքս ինձ բազմաթիվ հարցեր տվեցի: Ի՞նչ պետք է անեմ ամոթս հաղթահարելու համար, երբ ընդմիջմանը, դասարանում, ավտոբուսի սպասելիս, աշխատավայրում, ընկերներիս տանը ցնցումներ սկսվեն: Ինչպե՞ս մարդկանց ասել, որ էպիլեպսիա ունեմ: Ի՞նչ հակաբեղմնավորիչ օգտագործեմ: Կարո՞ղ եմ երեխա ունենալ… և այսպես շարունակ:

Շատ հարցեր ունեի ու սկսեցի պատասխանները փնտրել էպիլեպսիա ունեցող աղջիկների առողջության մասին հրապարակումներ անող կայքերից:

Էպիլեպսիա ունեցող որևէ մեկին չէի ճանաչում, բայց պատասխանների կարիք ունեի: Սկսեցի որոնումներ կատարել, առողջապահության աշխատակիցների հետ հարցազրույցներ ունեցա, էպիլեպսիա ունեցող այլ մարդկանց հետ խոսեցի ու ներկայացնում եմ այն ամենը, ինչ ստացվել է դրանց արդյունքում:

Դու միայնակ չես

Աշխարհում 65 միլիոն մարդ էպիլեպսիա ունի: Դա այնքա՜ն շատ է: Առցանց կամ անձամբ աջակցող բազմաթիվ համայնքներ կան: Զարմացած էի, թե որքան օգտակար կարող է լինել էպիլեպսիա ունեցող մարդկանց հետ իմ խնդիրների մասին խոսելը: Էպիլեպսիան բազմաթիվ տեսակներ ունի, ու ապրումները շատ տարբեր են, բայց միշտ ընդհանուր ինչ-որ բան կա, ընդհանուր գիտակցում:

Դու կարող ես ժամադրության գնալ

Էպիլեպսիա ունեցող շատ մարդիկ սիրահարվում են, հարաբերություններ ունենում և ամուսնանում: Սկզբում գուցե վստահ չլինես, թե սիրելիիդ հետ ինչպես այդ մասին խոսես, բայց կարող ես հետևել մասնագետների խորհրդին ու ընտրել անկեղծությունը: Դա լավագույն տարբերակն է ու այդպես կարող ես պատասխանել նրա հարցերին, որոնք գուցե բարդ լինեն, բայց արժե, որ մարտահրավերն ընդունես:

Սեռական հարաբերության ընթացքում ցնցումներն անցանկալի են

Մասնագետներն ուսումնասիրել են ու պարզել, որ սա շատ-շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Ես քո փոխարեն չէի անհանգստանա։

Հակաբեղմնավորիչների լայն ընտրություն ունես

Հակաբեղմնավորիչների մասին խոսելիս պետք է նկատել, որ ցանկացած մարդու փորձն այս հարցում տարբեր է: Պետք է հաշվի առնել այն ուսումնասիրությունները, որ արվել են էպիլեպսիայի համար օգտագործվող դեղորայքի՝ հակաբեղմնավորիչ դեղահաբի վրա ունեցած ազդեցության մասին և հակառակը: Ստացվում է, որ պարույրն ու իմպլանտը լավագույն տարբերակներից են էպիլեպսիա ունեցող մարդկանց համար: Պահպանակները ևս հիանալի միջոց են, քանի որ ի տարբերություն մյուս տարբերակների պաշտպանում են նաև սեռավարակներից:

Եթե այլ բան ես ցանկանում ընտրել, օրինակ` օղակ կամ դեղահաբ, ապա պետք է վստահ լինես անվտանգության մեջ, քանի որ էպիլեպսիայի համար նշանակվող դեղորայքը և հակաբեղմնավորիչները հաճախ վատ համադրություն են: Դրանք կարող են ավելացնել ցնցումները կամ նվազ արդյունավետ լինել, ավելացնել անցանկալի հղիության ռիսկը: Ճիշտ ընտրության համար խորհրդակցիր բժշկի հետ:

Խոսիր բժշկի հետ

Մի քանի փորձից հետո միայն կարողացա ճիշտ մասնագետ գտնել: Այդ մասին էպիլեպսիա ունեցող այլ մարդկանցից էլ եմ լսել: Էպիլեպսիայի մասին բավականաչափ գիտելիքներ ունեցող մասնագետներ կան, բայց նրանցից ոչ բոլորն են խոսում սեքսի, հղիության կամ հակաբեղմնավորիչների մասին: Ջանքեր են պահանջվում այնպիսի մասնագետ գտնելու համար, ով էպիլեպսիայից բացի կյանքիդ մյուս դրվագներին էլ կանդրադառնա:

Դու բավարար ես

Դու բավարար ես այնքան, որքան կաս: Հավատա քեզ ու գտիր այլ մարդկանց՝ ծնողների, ընտանիքի, ընկերների, բժիշկների, ովքեր ևս կհավատան քեզ:

Աղբյուրը՝ stayteen.org

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.