accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Հարցուպատասխան հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի մասին

0

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է: Հանձնաժողովը հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգը:

Ե՞րբ է այն ստեղծվել:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի փետրվարի 25-ին վարչապետի որոշմամբ:

Որո՞նք են հանձնաժողովի խնդիրները:

Հանձնաժողովի խնդիրներն են՝

  1. աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը,
  2. վերլուծել իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակել,
  3. աջակցել հավասար պայմանների, հասարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովման, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը,
  4. աջակցել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանը,
  5. քննարկել հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցը:

Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները:

Վարչապետի 2017 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ` հանձնաժողովի անդամ է նաև Ջեմմա Բաղդասարյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր: Նա ներկայացված չէ լուսանկարներում, քանի որ այժմ պատգամավոր է, իսկ որոշումը թարմացման կարիք ունի:

Հանձնաժողովը ներկայացուցչական չէ: Ապահովված չէ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի հավասար մասնակցությունը:

Լուսանկարները՝ armenpress.am-ի, sputnik-ի, pan.am-ի, gornovosti.ru-ի, mtcit.am-ի, gov.am-ի, armlur.am-ի, iravaban.net-ի, mediamax-ի, hetq.am-ի, mlsa.am-ի:

Ի՞նչ հաճախականությամբ են հանձնաժողովի անդամները հանդիպում:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 4 ամիսը մեկ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:

Հանձնաժողովի նիստերը հաճախ հետաձգվում են՝ պայմանավորված նախագահի զբաղվածությամբ:

Ինչպե՞ս հետևել հանձնաժողովի գործունեությանը:

Հանձնաժողովի նիստերը բաց են, սակայն նախօրոք իրազեկում չի իրականացվում քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար:

Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Հաճախ ոչ բոլոր լրատվամիջոցներն են տեղյակ լինում հանձնաժողովի նիստերի մասին: Ուղիղ հեռարձակում չի իրականացվում: Ամեն դեպքում՝ նիստերի մասին տեղեկություն կարելի է գտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի «Պաշտոնական լրահոս» բաժնից:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները տեղադրվում են «Ազգային հանձնաժողովներ» բաժնում: Օրինակ՝ 2017 թվականի մայիսի 5-ին կայացած հանձնաժողովի նիստի արձանագրությունը մինչ օրս չի հրապարակվել:

Ինչպե՞ս կարող եմ նպաստել հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը:

  • Կարող եք դիմել հանձնաժողովի անդամներին՝ ձեզ մտահոգող հիմնախնդիրը նիստերի ժամանակ բարձրաձայնելու համար:
  • Ձեր դիմում-բողոքները, որոնք ուղղված են պետական կառույցներին, կարող եք ուղարկել նաև հանձնաժողովին: Հանձնաժողովը կպարտավորվի արձագանքել և առաջարկներ ներկայացնել տվյալ պետական կառույցին:
  • Ձեր իրավունքների խախտման դեպքում կարող եք դիմել հանձնաժողովին, որը կվերլուծի պատճառները և առաջարկություններ կներկայացնի:
  • Կարող եք 4 ամիսը մեկ անգամ տեղեկություն ստանալու հարցում ուղարկել նախարարություն՝ պարզելու ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
  • Կարող եք դիմել հանձնաժողովին՝ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով և այլն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.