accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

8 կետ ՄԻՊ արտահերթ զեկույցից

0

Մարդու իրավուքների պաշտպանը հրապարակել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը։

Զեկույցը ներառում է ազատությունից զրկման վայրերում առողջության պահպանման իրավունքի ապահովման տարբեր բաղադրիչները, ինչպիսիք են՝ բժշկական օգնության և սպասարկման բավարար ծավալների, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ապահովումը, խնամքի ապահավումը։

Մենք առանձնացրել ենք 8 կետ ՄԻՊ արտահերթ զեկույցից։

  1. Քրեակատարողական հիմնարկներում, ստացիոնարներում և բուժիչ ուղղիչ հիմնարկներում ազատությունից զրկված անձինք պատշաճ պալեատիվ (ամոքիչ), հետվիրահատական, վերականգնողական բուժում չեն ստանում: Քրեակատարողական հիմնարկներում անձի առողջական վիճակի հետագա վատթարացման կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռք չեն առնում:
  2. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկոյան հերթափոխով աշխատող սանիտարներ չկան: Հաշմանդամություն ունեցող անձանց կենսական կարիքները հոգալուն մյուս ազատազրկվածներն են օգնում:
  3. Մի շարք քրեակատարողական հիմնարկներում պրակտիկա է ազատազրկված անձանց բուժօգնության կազմակեպությունը ազգականների կողմից բերվող դեղորայքով։ Արձանագրվել են դեպքեր, երբ ազատությունից զրկված անձանց մոտ եղել են դեղամիջոցներ, բայց դրանց օգտագործման անհրաժեշտությունը համապատասխան բժշկական ցուցմամբ ամրագրված չի եղել վերջիններիս բժշկական քարտերում։
  4. Բուժանձնակազմը չի այցելում խուց, և բժշկական օգնության կարիք ունեցող անձն անձամբ է գնում բուժկետ` հակառակ քայլելու հակացուցմանը:
  5. Հաշմանդամություն ունեցող կալանավորներից մեկը նշել է, որ խցի սանհանգույցից օգտվելու համար աստիճաններ պետք է բարձրանա: Դա դժվարին խնդիր է հենակներ օգտագործող մարդու համար:
  6. Ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են հասանելի հոգեբուժական ծառայությունները: Հոգեբուժական ծառայություններով ապահովված է միայն «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկները։
  7. Խնամքի կարիք ունեցող ազատությունից զրկված անձինք պատշաճ խնամքի կազմակերպման նպատակով չեն տեղափոխվել բուժական ուղղիչ հիմնարկ կամ քաղաքացիական բուժհաստատություն:
  8. Բուժզննման ընթացքում չի ապահովվում բժշկական գաղտնիությունը, և դա արվում է ոստիկանների ու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայությամբ: Վարչակազմը անձին նույնականցնում է մատնանշելով վերջինիս հիվանդությունը։

Զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ: Զեկույցն անմատչելի ձևաչափով է:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.