accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Վերականգնողական փուլից միշտ չէ, որ հրաշքներ պետք է սպասել

0

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վնասվածքաբան օրթոպեդ, բժշկական գիտություների թեկնածու Կարեն Պողոսյանը 2016-ի ապրիլին Գորիսում պատերազմի դաշտում տասնյակ վիրահատություններից հետո առանց ավելորդ շքեղության առօրյա աշխատանքին է վերադարձել:

Ինչպե՞ս ստացվեց, որ ընդգրկվեցիք Գորիս գործուղվող բժիշկների խմբում:

Հրամանն առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանինն էր: Բոլոր կլինիկաներից որոշակի թվով մասնագետներ պետք է գործուղվեին Գորիսի բժշկական կենտրոն ու պահեստային խումբ ձևավորեին: Օրթոպեդիկ բժշկական կենտրոնի տնօրեն Վաչագան Պետրոսովիչը զանգահարեց ու ասաց, որ իմ մեքենայով պետք է Գորիս գնամ: Ապրիլի 3-ի գիշերն արդեն այնտեղ էինք:

Այդ օրերին քանի՞ վիրահատություն եք կատարել:

4-ի առավոտից մեծ թվով վիրավորներ ունեինք: Որոշեցինք, որ հիվանդների մի մասին տեղում մասնագիտացված օգնություն պետք է ցույց տանք և ոչ թե Երևան ուղարկենք: Կարծում եմ` ճիշտ որոշում էր, քանի որ այդպես թուլացնում էինք կենտրոնական հոսպիտալի ծանրաբեռնվածությունը և օգտվում էինք արագ բուժօգնություն ցույց տալու կարևոր հանգամանքից: Այդպես ինֆեկցիան չէր հասցնի օրգանիզմում զարգանալ: Որոշեցինք, որ ավելի արդյունավետ էր մասնագիտական, ոչ թե նախնական օգնություն ցուցաբերելը: Հստակ թիվ չեմ հիշում, բայց մոտ 12 վիրավոր ընդունեցինք:

Աշխատում էինք առանց սրահից դուրս գալու, և հետո գործընկերներս ասացին, որ 26 ժամ անընդմեջ վիրահատել էինք: Ես չէի զգում: Հետո միայն, երբ հրադադարի լուրը լսեցինք՝ հոգնածություն զգացի, ծնկներս ցավում էին: Միջին բուժանձնակազմը հիանալի աշխատեց, թեև 12 ժամ անց հերթափոխ կազմակերպվեց, բայց կանանցից և ոչ մեկը, անկախ ոտքերի այտուցներից, չդժգոհեց: Շատ կարևոր էր Գորիսի բժշկական կենտրոնի այն ժամանակվա գլխավոր բժիշկ Ալեքսանդր Խաչատրյանի աշխատանքը, քանի որ ապահովեց տեխնիկական բազան ու կոորդինացրեց բժիշկների աշխատանքը:

Բժշկի համար տարբերություն կա՞` վիրահատարանում զինվորակա՞ն է, թե՞ շարքային քաղաքացի:

Իհարկե կա: Բուն վիրահատության ժամանակ չկա, բայց բժիշկն էլ մարդ է, էմոցիաներ ունի, և հոգեվիճակի փոփոխություն միանշանակ կա: Պատասխանատվություն ես զգում ու, զինծառայողների տարիքը հաշվի առնելով, փորձում ես գիտելիքներդ առավելագույնս օգտագործել, որպեսզի հետագա բարդություններ չլինեն: Լարվածությունն ավելի շատ էր ապրիլյան քառօրյայի ժամանակ, դեպքերը շատ էին ու կողմնորոշվելու, աշխատելու, խորհրդակցելու ժամանակը քիչ էր: Կլինիկայում հանգիստ պայմաններում աշխատանք չէր, որ կարողանայիր հետաձգել կամ գործընկերոջդ առաջարկեիր այդ մի դեպքով զբաղվել: Լարվածությունը մեծ էր, քանի որ չգիտեինք, թե հետո ի՞նչ ծավալի աշխատանք պետք է կատարեինք, չգիտեինք, թե ե՞րբ հրադադար կլիներ: Առաջին մի քանի րոպեներից հետո աշխատանքային սովորական ռիթմ էր դառնում, փորձում էինք ամեն ինչ հասցնել:

Վիրահատարանում 26 ժամ անցկացնելուց, հոգնածությունից հետո ինչի՞ է սպասում բժիշկը:

Կոնկրետ այս դեպքում` միանշանակ հրադադարի լուրն էր, որ հանգստացրեց մեզ: Ուրախ ենք, որ տղաների մոտ որևէ բարդություն չառաջացավ: Եզակի դեպքեր էին, քանի որ հրազենային բազմաթիվ վիրավորումներից հետո հետվիրահատական խնդիրների առաջ չկանգնեցինք: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նորից աշխատելու:

Տղաներին ինչպե՞ս օգնեցիք հարմարվել նոր կարգավիճակին, օրինակ՝ աջակցող սարքերին:

Իմ կարծիքով` հոգեբանական լուրջ արգելքների առաջ չկանգնեցին մեր վիրավորները: Հենց սկզբից նրանց հանգստությունն անգամ մեզ էր ուժ տալիս, որովհետև խուճապ ու սարսափ որևէ մեկի աչքերում չկային: Վերականգնողական շրջանն էլ բավականին թեթև անցավ: Նրանք բուժանձնակազմի ուշադրությամբ էին շրջապատված, ու որևէ մեկը միայնություն չզգաց: Խնամքի, սննդի կամ որևէ այլ բանի կարիք չզգացին, թեև տարբեր մարզերից էին ու ընտանիքներից հեռու:

Առհասարակ ինչպե՞ս եք մարդուն պատրաստում հետվիրահատական հնարավոր բարդություններին:

Դժվարությամբ: Օրինակ` անդամահատումների ժամանակ բարդ է մարդուն նախապատրաստել: Հայկական մտածողությունն այս դեպքում օգնում է, թույլ է տալիս անմիջական լինել հիվանդի հետ: Նրա ցավը քո սեփականի պես ես ընդունում, ու հիվանդները շատ արագ հասկանում են քեզ: Դեպքեր են լինում, երբ փորձում ես ձգձգել, բայց հիվանդն ինքն է ասում, որ արդեն պատրաստ է:

Չգիտեմ` ինչ ենք ասում: Անհատական է, կախված հիվանդի հոգեբանությունից, կրթվածությունից, հոգեվիճակից: Հարմարվում ենք նրան:

Հայաստանյան համալսարանական կրթությունը ցույց տալի՞ս է հիվանդին մոտենալու ճանապարհը:

Իմ ուսանողական տարիներին միանշանակ տալիս էր, բայց ոչ ակադեմիական կրթության հաշվին, այլ մեր փորձառու դասախոսների: Անգամ ընդհանուր բժշկություն ուսումնասիրող դասախոսից հոգեբանություն էինք սովորում, հիվանդին մոտենալու ձև, վարվելակերպ:

Հիմա արդեն լուրջ փոփոխություններ եմ նկատում ուսումնական ծրագրերում, և եթե մենք այդ ամեն ինչը ինքներս էինք քաղում դասախոսներից, հիմա ուսանողին առանձին տրվում է: Մեր ուսանողական տարիների հետ համեմատ ԵՊԲՀ-ն մի քանի քայլ առաջ է այսօր:

Ապրիլյան քառօրյայի հետևանքով վիրավորվածներից շատերը վերականգնողական բուժումը դրսում են շարունակում: Ինչո՞ւ:

Իմ կարծիքով` խնդիրը զուտ հոգեբանական է: Երբեմն ծնողները, հարազատները պահանջում են, որ իրենց որդիները դրսում բուժում ստանան: Չեմ կարծում, որ դրսում շատ լուրջ տարբերություն կա մեր մոտեցումների կամ մեր հնարավորությունների նկատմամբ: Մեզ մոտ տպավորություն է, թե դրսում ամեն ինչ հնարավոր է անել: Հարազատը պահանջում է, ու որպեսզի տպավորություն չլինի, թե չցանկացան, չուղարկեցին, բավարարվում է նրանց պահանջը: Արդյունքների առումով մեծ տարբերություն չէր լինի, եթե Հայաստանում մնային:

Անվստահությո՞ւն է հայաստանյան բժիշկների նկատմամբ:

Ոչ: Պարզապես սահմանները բաց են, ու մարդիկ ուզում են այլ բան փորձել, ենթադրյալ ավելի որակյալ բուժօգնություն ստանալ: Մեր բժիշկների նկատմամբ վստահությունը շատ բարձր է:

Հնարավո՞ր է վերականգնողական լիարժեք բուժում ստանալ Հայաստանում:

Տեխնիկական մասով զարգացած երկրների հետ համեմատած գուցե բացեր կան, բայց մասնագետների առումով թերացում չկա: Վերականգնողական բուժման արդյունավետությունը կախված է ստացած վնասվածքից, բարդության աստիճանից: Վերականգնողական փուլից միշտ չէ, որ հրաշքներ պետք է սպասել:

Ինչի՞ կարիք ունեն մեր օրթոպեդիան ու մեր օրթոպեդները:

Տեխնիկական հագեցվածության: Կլինիկաները թեև օր օրի զինվում են տեխնիկապես, բայց ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք: Մասնագետներն էլ հիվանդների վստահության կարիքն ունեն:

Լավ կլիներ, որ բժիշկն անկախ լիներ ֆինանսական հարցերից, դրանց կառավարումից: Բժշկի համար կարևոր չէ, թե ով կվճարի` ապահովագրական ընկերությո՞ւնը, թե՞ պետությունը: Բժիշկը չպետք է դրան խառնվի, քանի որ երբեմն նյարդերն են տեղի տալիս, վիրահատություններն են հետաձգվում:

Բժշկի համար երբևէ սովորական դառնո՞ւմ է իր աշխատանքը:

Սովորական երբեք չի դառնում: Փորձիդ հաշվին ավելի հանգիստ ես մոտենում հիվանդին, բայց յուրաքանչյուր հիվանդ իր առանձնահատկություններն ունի, ու սովորական չի կարող դառնալ: Ինքս լսում եմ նման խոսակցություններ ու կարծում եմ` երևակայական ֆոնի վրա պտտվող խոսակցություններ են: Օրինակ` ասում են, թե բժիշկ կա, որ վիրահատարան մտնելուց առաջ ալկոհոլ է օգտագործում, բայց երբեք չեմ տեսել ու չեմ լսել նման բան:

Իսկ դուք արարողակարգ ունե՞ք:

Հատուկ ոչինչ չեմ անում: Վիրահատությունից առաջ գործողություններս եմ պլանավորում, հետո՝ դեռ այդ մտքերն են, վերլուծում եմ, թե ինչ արեցի ու ինչն ավելի լավ կարող էի անել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.