accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Խնդիրները շաղկապված, ոչ թե առանձնացված. Երիտասարդական ֆորում Երևանում

0

Համաձայն «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ-ի կողմից շուրջ վեց ամիս իրականացվող «Կարևոր է յուրաքանչյուրը» Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագրի`գործազրկությունը, կրթությունն ու հմտությունների պակասը Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների առաջնային խնդիրներն են: Ծրագրի հայ, ուկրաինացի և մոլդովացի համակարգողները նախ կարիքների գնահատում են իրականացրել, ապա երիտասարդների հմտությունները զարգացնող դասընթացներ կազմակերպել:

«Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ տնօրեն Գրիգոր Երիցյանը փաստում է, որ համընդհանուր խնդիրները կրկնապատկվում են հաշմանդամություն ունեցող երիտասարդների դեպքում. «Եթե գործազրկության նվազեցումը կարող է լուծել տրանսպորտի գումար չունեցող երիտասարդի խնդիրը, ապա հաշմանդամություն ունեցող երիտասարդին նախ մատչելի տրանսպորտ է հարկավոր»:

Գրիգորն տարբեր ծրագրերի անցկացման վայրերի անմատչելիությունն իբրև հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցության առաջնային խոչընդոտ է դիտարկում, նշում, որ այս ծրագրի հանդիպումները հնարավորինս մատչելի միջավայրում անցկացնելու նպատակով ընտրել են գործընկեր կազմակերպությունների մարզային գրասենյակները. թե Երևանը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, մարզերում իրավիճակն ավելի բարդ է: Նրա գնահատմամբ` խնդրահարույց են նաև կարծրատիպերն ու մոտեցումները, որոնց հետևանքով հաճախ ընտանիքն ամաչում է հաշմանդամություն ունեցող անդամից, արգելում նրան դուրս գալ, նման ծրագրերի մասնակցել:

 Թե´ Երևանում, թե´ մարզերում երիտասարդների խնդիրները շաղկապված, ոչ թե առանձնացված, այլ համակարգային ներառում և լուծում պահանջող:

«Երիտասարդները միայն իրենց տարիքի պատճառով չէ, որ խտրականության են ենթարկվում, այլ որովհետև փախստական են, ունեն հաշմանդամություն, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ են, կին են և այլն»,- ընդգծում է Գրիգորը:

Համեմատելով մայրաքաղաքում և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ աշխատելու փորձառությունը` «Հայ առաջադեմ երիտասարդների» գործադիր տնօրենը նշում է, որ Երևանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի տեսանելի են, երիտասարդները` ավելի ակտիվ ու ներգրավված:

Սեպտեմբերի 29-ին Երևանում անցկացվող ֆորումին մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց Գրիգոր Երիցյանը չմտաբերեց, ասաց, որ այդ մասին չի հարցրել, բայց վստահեցրեց, որ երիտասարդներից կազմված աշխատանքային խմբերը կներառեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերն ու խնդիրները: Գրիգորը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից և հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպված ամենատարբեր միջոցառումները կարող են ավելի օգտակար լինել համայնքի համար, բայց համընդհանուր, ներառական ծրագրերը պակաս կարևոր չեն:

Ծրագրի արդյունքում պատրաստված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարության մշակմանն ընդառաջ: «Հայ առաջադեմ երիտասարդների» գործադիր տնօրենը նշում է, որ իրենց գործն առաջարկությունների միջոցով երիտասարդների ձայնը լսելի դարձնելն է, իշխանական սեկտորինը` մերժելը, (ծիծաղում է), բայց հուսով է, որ երիտասարդների կողմից արվող առաջարկները կարժևորվեն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.