accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

Դասագրքերի վճարների հարցը՝ Սահմանադրական դատարանում

0

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Դիսըբիլթի ինֆո» հասարակական կազմակերպության բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձր դասարանի աշակերտների համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:

Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար։

Օգոստոսի 30-ին Պաշտպանին ուղարկված բողոք-դիմումում «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն խնդրել էր քննարկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության անգործությունը՝ կապված հանրակրթական ուսւմնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի ձևաչափերով դասագրքերի հասանելիության հետ։ Այս հարցի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.