accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Վարտգեզ Գասպարի․ սովորեցինք, որ ամեն ինչ քայլ առ քայլ պետք է անել

0

Քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարին մեզ հետ կիսվել է իր պատմությունով՝ կապված մասնավորապես որդու՝ Լևոնի հետ։

Պետք է արձանագրեմ, որ տղայիս՝ Լևոնի հետ կապված աշխատանքների ծանրության մեծ մասը կնոջս՝ Անահիտի վրա է, որովհետև սոցիալական հարցերի լուծումը, ինչպես շատ այլ ընտանիքներում, առաջնահերթ է լինում տղամարդու համար, և միայն դրանից հետո մնացած բաները։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղից մարդիկ մեծ թափով արտագաղթում են, որովհետև ապրուստի միջոց չունեն։ Ես իմ առջև խնդիր եմ դրել, որ չեմ գնալու Հայաստանից։ Եթե չեմ գնալու, ուրեմն ամեն ինչ պիտի անեմ, որ մինիմալ կենցաղային բաներն ապահովեմ։ Անահիտի հետ հանդիպման օրվանից 30-40 տարի առաջ էսպիսին ենք եղել. պարտիզան ենք եղել, հանուն նպատակի, հանուն գաղափարի, էսպես ենք ապրել տասնամյակներ։ Լևոնը ոչ իր ընտրությամբ համակերպվել է էս վիճակին։ Էդպես է ստացվել։ Ես բավականին բացթողումներ եմ թույլ տվել՝ կապված Լևոնի հետ, օրինակ՝ դպրոցի, դասերի, ուսուցիչների հետ կապը պահելը և այլն։ Ավելի շատ զբաղվել եմ աշխատանքով, հետո էն ամենով, ինչը Անահիտը պլանավորել կամ հանձնարարել է ինձ։

Երբ Լևոնը երկու տարեկան էր, մենք տեղափոխվեցինք Հայաստան։ Աուտիզմի ախտանշանները երևի դեռ այդ ժամանակ կային, բայց մենք այնքան էլ ուշադիր չէինք։ Հայաստանում դա խորացավ։ Լևոնը երեք տարեկան էր, երբ ոստիկանական բռնությունների հետ կապված ես հացադուլ արեցի 35 օր, և էդ վիճակը շատ ազդեց նրա վրա։ Հացադուլի ժամանակ ես ավելի ինքնամփոփ էի, իմ գաղափարների ու մտքերի մեջ, անուշադրության էի մատնել Լևոնին, Անահիտն էլ ակամա ուշադրությունն ինձ վրա էր կենտրոնացրել։ Այդ ընթացքում Լևոնը շատ ընկճվեց. Մենք դա զգացինք ավելի ուշ։ Հացադուլից 3-4 ամիս անց մենք մի օր գնացել էինք կենդանաբանական այգի, ես նկատեցի, որ Լևոնը ոչինչ չի տեսնում, տեսա, որ նրա հայացքը դեպի անորոշություն-անհայտությունն է։ Դա ինձ համար ամենացավալի ցնցող պահն էր, ու իմ մեջ մի բան կոտրվեց։ Ցավալի էր տեսնել, որ քո երեխան տարբերվում է մյուսներից։

Ի տարբերություն շատերի, ովքեր ամեն ինչ անում են իրենց մերձավորների, երեխաների համար, բայց ուրիշների նկատմամբ զրոյական վերաբերմունք ու հոգատարություն են ցուցաբերում, ես հակառակն եմ արել։ Եթե ձմեռը տանը ցուրտ է, Անահիտին ասում եմ, ի՞նչ կա որ, Գյումրիում էլ մարդիկ էս պայմաններում են ապրում։ Նույնը երեխայիս նկատմամբ եմ արել։ Մտածում եմ, որ էնքան երեխաներ շատ բաներից են զրկված, թող իմ երեխան էլ այս մի բանը չունենա։ Մարդիկ կան, օրինակ՝ ուժային կառույցներում, որ անօրինական գործողություններ, բռնություններ են կիրառում այլոց նկատմամբ (ինչն ազդում է նաև զոհի ընտանիքի վրա), որից հետո, օրինակ՝ էդ քննիչը դուրս ա գալիս բաժնից, ու իրա ընտանիքի հետ գնում ա զբոսանքի, պաղպաղակ ա առնում իր երեխայի ու կնոջ համար ու ապրում անհոգ։ Գուցե այս այլանդակություններից է իմ մեջ ձևավորվել մաքսիմալիստական մոտեցումը, որ իմ երեխան բոլորի երեխաների նման է։ Այս առումով իմ վերաբերմունքը մի քիչ բալանսավորում է Անահիտը։

Իսկ ընդհանուր առմամբ շատ բաներով ես էլ նման եմ բոլոր այն ընտանիքների հայրերին, որոնք ունեն աուտիզմ ունեցող երեխաներ։ Գուցե ես միայն տարբերվում եմ նրանով, որ կաշկանդված չեմ։ Սա իմ երեխան է, իմ տղան է։

Տեքստ

Սկզբում դժվար էր, բայց մեզ առաջին փուլում օգնեցին «Վորլդ վիժնի» մասնագետները, հատկապես Արմինե Գուլյանը։ Դրանից հետո Լևոնի հետ պարապեցին «Արեգնազան» դպրոցի դասատուները և հատկապես Լևոնի հիմնական ուսուցիչ Լիդյան: Շատ կարևոր էր սկզբնական շրջանում Լևոնի և մեզ հետ կատարվող աշխատանքը: Լևոնը շատ է սիրում երաժշտություն լսել, հեծանիվ քշել։ Շատ կարևոր բան եմ ուզում նշել․ մենք նրան 2-3 տարեկանից փորձում էինք հեծանիվ քշել սովորեցնել, ինչը չէր ստացվում։ Հետո, որ էդ հարցը լուծեց իր ուսուցիչը, մենք կարևոր բան հասկացանք: Սկզբում Լիդյան Լևոնին սովորեցրեց քշել ողորկ մակերևույթի վրա, որտեղ հեծանիվը չէր հանդիպում արգելքի, հետո սկսեց դրսում, նախ՝ երեք անիվներով, հետո՝ երկու և այլն։ Հիմա նույնիսկ բավական հմուտ է քշում, մարդկանց արանքով էնպես է անցնում, որ չենք էլ պատկերացնում, որ կկարողանար։ Այս պրոցեսը մեզ սովորեցրեց, որ ամեն ինչ քայլ առ քայլ պետք է անել։ Մենք՝ ծնողներս, դրա կարիքն ունենք, որ հասկանանք, սովորենք այդ ընթացքը պահպանելը։ Սովորենք, թե ինչպես պետք է մեր երեխաներին սովորեցնենք։

Ապագայի նկատմամբ մեր միակ մտահոգությունը Լևոնի ապագան է: Լևոնը քույր չունի, եղբայր չունի, իմ և Անահիտի ընտանիքի անդամներն ապրում են արտասահմանում:

Տեքստ

Ի՞նչ է պետք, որ Լևոնը և նրա նման մարդիկ Հայաստանում ապահով և լիարժեք ապրեն․ ամենակարևորը՝ մարդկային գործոնն է։ Մարդիկ, ովքեր ազնվությամբ կվերաբերվեն իրենց պարտականություններին։ Անբարեխիղճ և անազնիվ մոտեցման խնդիր կա ամբողջ աշխարհում, որը Հայաստանում ավելի դաժան է, գուցե նաև էն պատճառով, որ մենք աղքատ երկիր ենք։ Այսինքն՝ մարդը գալիս է, ինչ-որ պարտականություններ ստանձնում, բայց չի անում։ Ավելի շատ ձևերն ենք պահպանում, ոչ թե բովանդակությունը։ Ես դրանում տեսնում եմ մեր հասարակության թողտվությունը և իշխանության մեղքը: Պետական բյուջեից հաճախ գումարները ոչ նպատակային են ծախսվում, նույնիսկ հաշմանդամության ոլորտում տարբերակված մոտեցում գոյություն ունի։ Բացի այդ, ինչքան ՀԿ-ներ կան, էդ ՀԿ-ները ևս չեն ծառայում նպատակներին։ Պետք չի կաշվից դուրս գալ, պետք է ինչքան որ կաս, էդքան ներկայանաս. ինձ թվում է՝ դա շատ կարևոր է։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.