accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Մանկապարտեզից դպրոց սահուն անցման նախադրյալները Հայաստանում

0

Մանկապարտեզից դեպի դպրոց անցումը բարդ շրջան ու փորձառություն է յուրաքանչյուր երեխայի համար: Կարիքների և անհրաժեշտ միջավայրի բացակայության դեպքում այն կարող է էլ ավելի խնդրահարույց լինել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

2006 թվականից ուժի մեջ մտած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը հիմք է հանդիսանում բոլոր երեխաների համար հավասար կրթական հնարավորություններ ստեղծելուն։ Սակայն 2015 թվականին բրիտանական Enabling Education Center-ի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական անցումը Հայաստանում» հետազոտությունը փաստեց, որ 2010-ին Հայաստանի կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ՝ կրթության իրավունքին վերաբերող, հոդվածը բավարար չափով չի իրացվում ոչ միայն դպրոցներում և համալսարաններում, այլև նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Խնդիրը օրակարգային դարձնելու նպատակով «Հույսի կամուրջ» ՀԿ-ն մշակեց «Ներառական կրթական միջավայրն ընդլայնող քաղաքականություն» փորձնական ծրագիրը, որի նպատակը բոլոր, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների` մանկապարտեզից դեպի դպրոց սահուն անցումն ապահովելն է։

Ծրագիրը համակարգող հանձնաժողովն իբրև խնդիր է սահմանել ներառական ուսուցման և ուսումնառության բարելավումը, նախապես ընտրված յոթ մանկապարտեզներում, նախակրթարաններում և տարրական դպրոցներում ծրագրի շրջանակներում մշակված սահուն անցման մոդելի փորձարկումը, ձեռք բերված հմտությունների փոխանակումը։

Մանկավարժների, նախադպրոցական ուսումնական հաստատություններում և տարրական դպրոցներում երեխաների հետ աշխատող մյուս մասնագետների վերապատրաստումը, շահագրգիռ ու ներգրավված կողմերի պարբերական հանդիպում-քննարկումները, մանկապարտեզից դպրոց տարվող պորտֆոլիոները (հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում նաև` անհատական անցումային պլանները) «Ներառական կրթական միջավայրն ընդլայնող քաղաքականության», սահուն անցման հիմնական միջոցներն են:

«Մինչ մեր ծրագիրն էլ մեր երկրի դպրոցներն ու մանկապարտեզները առաջին դասարանցիներ հավաքելու համար, հունվար ամսից սկսած հետազոտում էին՝ հարևանությամբ ի՞նչ մանկապարտեզներ կան, հավանական քանի՞ երեխա կարող է իրենց դպրոց գալ, բայց այստեղ նպատակն ավելի շատ երեխա բերելն էր, քան երեխայի անցումը սահուն և արդյունավետ կազմակերպելը,- նշում է նախագծի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանը: – Սա արդեն համակարգված մոտեցում է, հստակ է յուրաքանչյուր քայլի պատճառը, հետևանքն ու ակնկալվող արդյունքը»:

Հռիփսիմե Նազարեթյանը նշում է, որ մեկ ծրագրով ներառական կրթության բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ, այս ծրագիրը, սակայն, Հայաստանում մատչելի կրթության իրացման գործում կարևոր ներդրում կլինի. վերապատրաստումները կզարգացնեն աշխատակիցների՝ երեխաների հետ ներառական սկզբունքով աշխատելու հմտությունները, ավարտական խմբակների սաներին հատկացվող անհատական պորտֆոլիոները ոչ միայն կարձանագրեն երեխաների զարգացումն ու կարիքները, այլև ուսումնասիրության ռեսուրսային հիմք կհանդիսանան հաջորդ կրթական օղակի ներկայացուցիչների համար։

Նշանակալի է, որ թե՛ երեխաները, թե՛ ծնողները նախապես ուսումնական հաստատություններ այցելելու, մյուս երեխաների, նրանց ծնողների հետ ծանոթանալու, տեղանքն ուսումնասիրելու և համայնք ձևավորելու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում հարմարվելու շրջանն ավելի վաղ կսկսվի, բուն կրթական փուլը՝ ժամանակին, իսկ մշակված ուղեցույցի միջոցով նախադպրոցական ուսումնական հաստատությունների և տարրական դպրոցների ուսուցիչները կկարողանան կրթական գործընթացները կառուցել ինտերսեկցիոնալ սկզբունքներով։

Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և ծնողների կանոնավոր հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն կտան կողմերին ոչ միայն իրազեկ լինել երեխայի զարգացմանը, այլև համատեղ մշակել վերջինիս կարողությունների լավագույն դրսևորմանը նպաստող առաջարկներ և պայմաններ։

«Ծրագրի ավարտին, երբ կունենանք փոփոխված չափորոշիչներ, մտածելակերպ, գործելակերպ, հմտություններ, կկարողանանք ասել, որ հաջողված փորձը հնարավոր կլինի տարածել երկրի այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում»,- նշեց Հռիփսիմե Նազարեթյանը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.