accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Անմատչելի Գյումրին «Մարիո» խաղի շրջափուլերում. Easy Life կազմակերպության նախաձեռնությունը

0

Մի խումբ գյումրեցի երիտասարդներ նախաձեռնել են, ինչպես իրենք են բնորոշում, «Մարիո» խաղի փորձություններով լի փողոցներով Գյումրիում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց տների ու բնակարանների հարմարեցման ծրագիր: Թիմի անդամները «Էմիլի արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրսային կենտրոնի նախկին սաներն են, ովքեր այժմ խմբվել են Easy Life հասարակական կազմակերպության շուրջը: Նախաձեռնության նպատակը Գյումրիում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի, ինքնուրույնության բարձրացումն է, միջոցը՝ տների, բնակարանների հարդարումն ու հարմարեցումը:

Գործունեության մեկ տարվա ընթացքում երիտասարդները Գյումրիում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց տները վերանորոգելու երկու փորձ են ձեռք բերել. մի դեպքում խոնավ պատերի ներսում բնակվող ընկերոջ սենյակն են կոսմետիկ հարդարել, մյուս դեպքում՝ հիմնովին փլուզել ու կառուցել շահառուի տան նախամուտքը, վերանորոգել ու ձևափոխել կտուրը, գազի խողովակաշարը, ջրի հոսքագիծը և զրոյից սանհանգույց կառուցել ոչ թե դրսում, ինչպես առաջ էր, այլ՝ ներսում: Հետագայում իրականացնելու համար, առաջնահերթության սկզբունքով, ևս չորս դեպք են առանձնացրել՝ Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդի խոհանոցը հարմարեցնել, սայլակով տեղաշարժվող շահառուի բնակելի շենքում վերելակ տեղադրել, կոսմետիկ հարդարել ևս երկու բնակարան:

Ծրագրի համակարգող Սուրեն Ավդալյանը, ով ընդգծում է, որ գիտի, թե ինչ է նշանակում հաշմանդամություն ունենալ, համոզված է, որ մատչելի ու վերանորոգված միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի իրացման, առաջնահերթ կարիքների ապահովման հիմքն է, ոչ պարզապես գեղեցիկ ու հաճելի միջավայրի ստեղծում. մի շահառուի համար այն արժանապատիվ կյանքի սկիզբ/գրավականն է, մյուսի համար՝ սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն:

«Երբ արմատապես հարմարեցնում ես շահառուի լոգարանը, այլևս ստիպված չի լինում հարմարեցված աթոռի միջոցով հոգալ իր կարիքները կամ լողանալ հարևանի տանը և ամաչելով խոսել այդ մասին: Երբ հարդարում, կահավորում և հարմարեցնում ես խոհանոցը, շահառուն հնարավորություն է ստանում իր խոհարարական կարողությունները զարգացնելու միջոցով սեփական բիզնեսը սկսելու մասին մտածել, երբ նախամուտքի մոտ թեքահարթակ ես կառուցում, հաշմանդամություն ունեցող անձը ներսուդուրս անելու համար այլ մարդկանցից կախվածության մեջ չի լինում, չի զգում նրանց օգնության, միջամտության կարիքը: Մեզ համար կարևոր է լուծել հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույնության խնդիրը»,- ասում է Սուրեն Ավդալյանը:

Կազմակերպության խորհրդում ճարտարապետներ, շինարարներ ու փորձագետներ չկան, աջակցում են ծանոթների միջոցով գտած մասնագետները, ովքեր, հիմնականում «Էմիլի արեգակից» են:

Ծրագրերն իրականացվում են բացառապես դրամահավաքների, բարերարների փոխանցումների միջոցով: Թիմն այս մոտեցումն ընդունելի է համարում, Սուրենն էլ նեղսրտում է, որ բարերարները, հիմնականում, օտարերկրացի են:

«Հատուկ ենք ընտրել քրաուդֆանդինգը, որովհետև դա իր մեջ պարտադրանք չի պարունակում. մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը, և եթե մարդը հավանում է այն, կարող է, իր խղճի մտոք, աջակցություն տրամադրել, ոչ ոք չի պարտադրում։ Ուղղակի տեսնում են ֆեյսբուքյան էջը, գրում, գումար առաջարկում: Դոնոր գտնելը դժվար է, որովհետև պայմանագրով կամ ֆիքսված ծրագրով չենք աշխատում: Գուցե հետագայում մտածենք այդ մասին: Մեր նպատակը ոչ թե խոցելի խմբից գումար վերցնելն է, այլ խոցելի խմբի համար պայմաններ ապահովելը»:

Մեկ նախագծի համար հատկացվող միջին գումարը Սուրենը հստակ նշել չի կարողանում, հաջորդ նախագծի՝ Դաունի համախտանիշ ունեցող Միքայելի խոհանոցի հարմարեցումը միջինը 2 հազար եվրո կարժենա: Փորձառության արդյունքում հասկացել են, որ առանձնատների հարմարեցումն ավելի հեշտ ու պակաս խնդրահարույց է: Մեկ նախագծի իրականացման համար հստակ ժամանակահատված նշել ևս չեն կարող՝ կախված է ֆինանսական ներդրումներից:

Տեղական ինքնակառավարման մարմինների ու այլ պետական, քաղաքական կառույցների հետ համագործակցությունը Սուրենը գրեթե բացառում է: Ասում է, որ կհամագործակցեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում. «Բարձրաստիճան պաշտոնյաները թերանում են իրենց գործում, և քաղաքացիական սեկտորը փորձում է իր վրա վերցնել խնդիրների լուծումը, որոնք պետք է արդեն լուծված լինեին»,- նշում է Սուրենը:

Կարևորելով հաշմանդամության սեփական փորձառությունը՝ նա փաստում է, որ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձինք ոչ ակտիվ են, ոչ էլ նախաձեռնող: Այստեղ հաշմանդամության շարժում իրականացնելն անհնար է առաջին հերթին իրազեկության ցածր մակարդակի պատճառով. մարդիկ պարզապես չեն կարող մտածել այդ մասին:

«Ներսից՝ տներից, բնակարաններից ենք սկսել, բայց հետագայում մտադիր ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի, ինքնուրույնության բարձրացման համար իրազեկմամբ զբաղվել: Երբ հաշմանդամություն ունեցող ընկերդ հետաքրքրվում է քո առօրյայով, մտքովդ չի անցնում, որ վերջում ասելու է. «Երանքի քեզ, որ կարողանում ես տնից դուրս գալ»: Ինքս հաշմանդամություն ունենալով, Գյումրիում բնակվելով՝ չեմ մեղադրում մարդկանց, որովհետև, եթե փորձեն դուրս գալ, կնմանվեն «Մարիո» խաղի հերոսին»,- ամփոփում է Սուրենը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.