accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

ՄԱԿ-ի կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել կանանց սեռական և վերարտադրողական առողջության մասին

0

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն և Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն համատեղ հայտարարություն օգոստոսի 29-ին համատեղ հայտարարություն են ընդունել կանանց, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց համար սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները երաշխավորելու վերաբերյալ․

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Կանանց նկատմամբ խտրականությունների բոլոր ձևերի վերացման կոմիտեի հետ համատեղ ողջունում են մասնակից պետությունների կողմից կանանց, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մատչելիությանը միտված շարունակական առաջընթացը։ Այնուամենայնիվ, կոմիտեները հայտնում են իրենց մտահոգությունն առ այն, որ մինչ օրս բոլոր տարածաշրջաններում առկա են զգալի բացեր հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում և կոչ են անում մեծացնել մասնակից պետությունների՝ այս ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Կոմիտեները նաև մտահոգ են մարդու իրավունքների միջազգային նորմերի նկատմամբ հարգանքի շարունակական նվազման և հետընթացի կապակցությամբ, ինչն իր հերթին վտանգում է կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց (որոնք շարունակաբար ենթարկվում են խտրականության հատվող ձևերի) սեռական և վերարտադրողական առողջության իրավունքը։

Կոմիտեները հիշեցնում են, որ գենդերային հավասարությունը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները փոխկապակցված հայեցակարգեր են և մասնակից պետությունները պետք է երաշխավորեն բոլորի, այդ թվում` հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները։ Որպես այդպիսին մասնակից պետությունները պարտավորվում են հարգել, պաշտպանել և ապահովել կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքը։ Պետությունները պետք է ապահովեն նրանց սեռական և վերարտադրողական առոջությունից և իրավունքներից օգտվելը՝ առանց խտրականության որևէ ձևի։ Օրինական և անվտանգ աբորտի, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը հանդիսանում են կանանց վերարտադրողական առողջության կարևորագույն հայեցակետեր և նախապայման՝ նրանց կյանքի, առողջության, օրենքի առաջ հավասարության և հավասար պաշտպանության, անխտրականության, տեղեկատվության, գաղտնիության, մարմնական ամբողջականության և խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից ազատության իրավունքների պաշտպանության գործում։

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն շեշտել է, որ կանանց սեռական և վերարտադրողական իրավունքի պաշտպանության համար անհրաժեշտ է, որ «բոլոր առողջապահական ծառայությունները […] համապատասխանեն կանանց, ներառյալ ինքնուրույնության, անձնական կյանքի, գաղտնիության, իրազեկ համաձայնության և ընտրության իրավունքներին»։ Մասնակից պետությունները՝ հարգելով կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց՝ իրենց սեռական և վերարտադրողական առողջության բարեկեցության հարցերում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը՝ պետք է բացառեն միջամտությունները (ներառյալ ոչ պետական սուբյեկտների կողմից)։ Սեռական և վերարտադրողական առողջության` մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումն ընդունում է, որ կանանց՝ իրենց մարմնին վերաբերող որոշումներն անձնական են և մասնավոր, և կնոջ ինքնուրույնությունը առանցքային է սեռական և վերարտադրողական առողջությանն առնչվող ծառայությունների և աբորտի հետ կապված խնամքի վերաբերյալ քաղաքականության և օրինաստեղծ գործունեության մեջ։ Պետությունները պարտավորվում են ընդունել արդյունավետ միջոցներ, որոնք թույլ կտան կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց, ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց սեռական և վերարտադորղական առողջության վերաբերյալ և պետք է ապահովեն, որ կանայք ունենան ապացույցների վրա հիմնված և անկողմնակալ տեղեկատվության մատչելիություն։ Նաև անչափ կարևոր է, որ այս որոշումները կայացվեն ազատ, և բոլոր կանայք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանայք, պաշտպանված լինեն պարտադրված աբորտներից, իրենց կամքին հակառակ կամ առանց իրազեկ համաձայնության հակաբեղմնավորիչների օգտագործումից կամ ամլացումից։ Կանայք նաև չպետք է խարանի ենթարկվեն ինքնակամ աբորտ իրականացնելու համար, չպետք է առանց իրենց կամքի կամ իրազեկ համաձայնության հարկադրված լինեն դիմելու աբորտի կամ ամլացման։

Մասնակից պետությունները պետք է իրականացնեն իրենց՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայով և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխանաբար, 5-րդ և 8-րդ հոդվածներով ստանձնած պարտավորությունները՝ վերացնելու կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության հիմնական պատճառները։ Սա ընդգրկում է խտրական վերաբերմունքի դեմ պայքարը, հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի խթանումը, ինչպես նաև այս կապակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին աջակցելը։ Առողջապահության քաղաքականությունները և աբորտի մասին օրենքները, որոնք հավերժացնում են արմատացած կարծրատիպերը և խարանը, վտանգում կանանց վերարտադրողական ինքնուրույնությունը և ընտրությունը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն, քանի որ խտրական են։

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ գենդերային հավասարությունը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները հարգելու համար մասնակից պետությունները պետք է ապաքրեականացնեն աբորտները բոլոր հանգամանքներումև օրինականացնեն այնպես, որ այն լիովին հարգի բոլոր կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց ինքնուրույնությունը։ Կոմիտեները մասնակից պետություններին՝ սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների (ներառյալ՝ անվտանգ և օրինական աբորտի հասանելիությունը) վերաբերյալ իրենց պարտավորությունների կատարման համար, կոչ են անում ընդունել մարդու իրավունքների մոտեցումը, որը կպաշտպանի կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական ընտրությունը և ինքնուրույնությունը»։

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն 23 անկախ փորձագետներից կազմված մարմին է, որը մշտադիտարկում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի իրականցումը։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 18 անկախ փորձագետներից կազմված մարմին է, որը մշտադիտարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացմումը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.