accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Հավասար հնարավորություններ «Թումո» կենտրոնում

0

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր սովորում են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 12 երեխաներ: «Թումոյի» գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նշում է, որ շինարարության հենց սկզբում խնդիր կար հարմարություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որպեսզի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մատչելի լինի բոլորի համար:

«Մենք սկզբից նպատակ էինք դրել այնպիսի մթնոլորտ ստեղծելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաների և մյուսների միջև ինչ-որ տարբերություն, խտրականության դրսևորումներ չլինեն: Մենք այնպես ենք պատրաստել մուտքի դռները, որ սայլակով երեխան կարողանա հեշտորեն անցնել: Հատուկ վերելակներ ունենք, իսկ զուգարաններում երկաթե բռնակներ են տեղադրված: Կարծեմ՝ ոչինչ չենք մոռացել»,- մեզ հետ զրույցում նշեց տնօրենը:

Տեսողության խնդիրներ ունեցող և կույր անձանց համար «Թումո» կենտրոնում դեռևս հատուկ համակարգիչներ չկան: Կենտրոնի ղեկավարները տեղեկացնում են՝ քանի որ այժմ կույրերի համակարգչային կենտրոն է գործում Երևանում, և այնտեղ նման պարագաներ կան, իրենք որոշել են դեռ սպասել, սակայն Մարի Լուն ցանկություն ունի մի օր էլ այդ նախագիծն իրականացնել:

Խոսելով «Թումո» հաճախող երեխաների մասին՝ գործադիր տնօրենը փաստեց, որ դիսլեքսիա ունեցող պատանիներն ավելի շատ սիրում են նկարահանումներ կատարել, երաժշտությունից էլ շատ լավ արդյունքների են հասնում:

«Մենք հպարտ կլինենք, եթե կարողանանք բոլորին օգնել և ավելի լավ միջավայր ստեղծել նրանց համար: Երեխաները պետք է զգան, որ իրենք հասարակության մաս են կազմում: Նկատել եմ, որ Հայաստանի դպրոցներում խնդիրներ ունեցող շատ քիչ երեխաներ են սովորում, և դա ինձ ցավ է պատճառում: Գիտեմ, որ կան հատուկ դպրոցներ՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցողների համար, բայց դրանք կարծես մեկուսացված են հասարակությունից»,- իր ափսոսանքն է հայտնում Մարի Լու Փափազյանը:

Տնօրենը հուսով է, որ «Թումոյի» հարմարեցվածության օրինակը վարակիչ կլինի բոլորի համար:

Սիրանուշ Պապյանը «Թումոյի» սաներից է, այստեղ է եկել նախորդ աշնանը՝ իր ծննդյան օրը: Շաբաթական 4 օր մասնակցում է կենտրոնի դասընթացներին և հանձնարարությունները լավ կատարելու համար մշտապես սմայլիկներ (ժպիտներ) է ստանում: Ունի հենաշարժական և սովորելու դժվարություններ, սակայն աղջկա մայրը՝ Մերի Մարտիրոսյանը, նշում է, որ երեխայի ուղեղը սկսել է զարգանալ մտածելու և խոսելու շնորհիվ:
«Ամբողջ ամառ գալիս ենք այստեղ և մասնակցում «Թումոյի» դասընթացներին: Երեխան լիարժեք կյանք է վարում, մասնակցում կենտրոնի առօրյային: Սկսել է սեփական անձի նկատմամբ ուշադիր լինել: Կարևորն այն է, որ մանկավարժները նրա մեջ հիվանդի չեն տեսնում, նրան հավասարի պես են վերաբերվում: Հիմա նույնիսկ չի ուզում դուրս գալ սայլակից, պայքարում ենք, որ վեր կենա, որովհետև քայլելու հնարավորություններ կան»,-հպարտությամբ փաստում է Մերի Մարտիրոսյանը:

«Թումոյում» հաճելի է և հարմար: Երեխաներն ուզում են ինչ-որ բան սովորել: Լավ պայմաններ կան, շատ եմ սիրում հատկապես բուֆետը»,- անկեղծանում է Սիրանուշը, ով կենտրոնում արդեն շատ ընկերներ ունի, ում հետ միասին սովորում են iPad-ի միջոցով երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծել:

Ռոզա Գրիգորյան

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կոնտակտային տվյալներն են՝
Հասցեն` Հայաստան, Երևան 0038, Հալաբյան 16
Հեռախոս` +374(10) 398-413

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply