accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Ի՞նչ է առաջարկում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը

0

Դաշինքի նախընտրական ծրագրում ի՞նչ դրույթներ կան հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ։

Նախընտրական ծրագրում «հաշմանդամություն» բառը կիրառվել է մեկ անգամ «հաշմանդամության կանխարգելման» համատեքստում.

«Առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավումը բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման, նրանց շարունակական մասնագիտական կրթության, բժշկական կազմակերպությունների սարքավորումներով վերազինման և սկրինինգային հետազոտությունների ընդլայնման միջոցով հնարավորություն է տալու զարգացնել հիվանդությունների կանխարգելումը և ուժեղացնել դրանց վաղ հայտնաբերումը, ինչի շնորհիվ նվազելու է սիրտ-անոթային հիվանդություններով, քաղցկեղով և շաքարային դիաբետով պայմանավորված հիվանդացությունը և դրանցից վաղաժամ մահացությունը, ինչպես նաև հաշմանդամության առաջացումը»։

Հաջորդ դրույթը, որը ենթադրաբար վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, գաղափարական թեզերի հատվածում է. «Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է […] հատուկ կարիքներ ունեցող խմբերի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը»։

Դաշինքը նաև մշակել է 50 քայլ, որից մեկը «հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն ապահովող քաղաքականությունների» մշակումն է։

Ծրագրի կրթությանն առնչվող հատվածը կրում է «Ներառական, մրցունակ կրթական համակարգ և զարգացած գիտություն» անվանումը։ Դաշինքը խոստանում է ապահովել «ներառական կրթության ներդրման և իրականացման նոր որակ` կարևորելով ներառման միջոցով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը»:

Նախընտրական ծրագիրը համապատասխանո՞ւմ է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներին։

Դաշինքի ծրագիրը մասամբ չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներին։ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հիմնվել է հաշմանդամության բժշկական մոդելի վրա՝ խոսելով հաշմանդամության կանխարգելումից։

Հաշմանդամությունը «հիվանդության վերջին փուլը» չէ, այն սոցիալական, ոչ թե բժշկական երևույթ է։ Հաշմանդամությունն առողջական խնդիրների, միջավայրային և անհատական գործոնների փոխազդեցության արդյունք է, որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։

«Հաշմանդամության կանխարգելման» գաղափարի՝ մարդու իրավունքների սկզբունքներին հակասող լինելու մասին առավել մանրամասն կարող եք գտնել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ հարցուպատասխանում։

Չնայած վիճահարույց ձևակերպումներին (օրինակ՝ «հատուկ կարիքներ ունեցող անձինք» եզրը), կուսակցության կրթության և սոցիալական ներառման հռչակագրային դրույթները համապատասխանում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներին։

Նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը

Ամբողջական տարբերակը հրապարակվել է Pdf տարբերակով, որը կարող եք գտնել civilcontract.am/imqayl կայքէջում։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.