accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Արտաշես Հովհաննիսյան

Սյունակագիր, «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ

Աշխատանքային ճամփորդություն. ինչպե՞ս հաղթահարել տեղեկատվական մեկուսացումը Հայաստանում

0

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ապրում է լսողության խնդիրներ ունեցող 3,100 անձ։ Հարկ է նշել, որ այս տվյալները էականորեն տարբերվում են ոչ պաշտոնական տվյալներից. լսողության տարբեր բնույթի խնդիրներ ունեցող անձանց թիվն ավելի քան 16,000 է: Խնդիրներից մեկն է ճշգրտել վիճակագրությունը, այն պետք է դասակարգված լինի ըստ հաշմանդամության տեսակի, ծագման, տարիքի, սեռի կամ տարաբնույթ այլ հատկանիշների:

Վաղուց ժամանակն է համախմբվել և բարձրացնել մեր ձայնը, որ կարողանանք լուծում տալ մեզ վերաբերող գլոբալ խնդիրներին՝ անկախ լսողության տարատեսակից ու հաղորդակցական կարիքներից:

Ինչպես հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ, մենք ևս մեր առօրյա կյանքում բախվում ենք կրթության, զբաղվածության և ամենակարևորը՝ տեղեկատվության մատչելիության խոչընդոտներին: Ապրում ենք անհավասար սոցիալական իրականության մեջ։ Կամ փորձում ենք հաղթահարել խոչընդոտներն ինքնուրույն, կամ էլ մեկուսանում ենք՝ օտարվելով հասարակության լայն զանգվածներից:

Անկասկած, մենք կարող ենք ապրել անկախ կյանքով, քանի որ ինքնուրույն քաղաքացիներ ենք, իրավունք ունենք կրթություն ստանալ և աշխատել, ապրել լիարժեք  ու արժանապատիվ կյանքով:

Փորձառություն և ճամփորդություն

Միշտ էլ սիրել եմ ճամփորդել, մասնավորապես, երբ այն կրթական նշանակություն ունի: Բազմիցս մասնակցել եմ տարբեր դասընթացների թե՛ Հայաստանում, և թե՛ Եվրոպայում, որոնց օգնությամբ խանդավառվել ու փնտրել եմ ուղիներ, որ լսողության խնդիրներ ունեցող անձինք Հայաստանում էլ իրենց լիարժեք քաղաքացիներ զգան։

Հայաստանում ԵՄ դեսպանության պատվիրակության աջակցությամբ 2018 թվականի ամռանն առաջին անգամ մասնակցեցի երիտասարդական ամառային ճամբարի  Նիդերլանդներում: Թույլ լսող երիտասարդների միջազգային ֆեդերացիային անդամակցող SH-Jong հոլանդական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ճամբարը անցկացվում էր Վելդհովենում՝ մի գողտրիկ հեքիաթային քաղաքի բնության գրկում: Մասնակցում էին թույլ լսող 44 երիտասարդներ 17 երկրներից՝ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից: Սա էլ մի հետաքրքիր փորձառություն էր, որի ընթացքում ընկերացել ենք, բազմաբնույթ տրամաբանական և ակտիվ խաղերի միջոցով խառը խմբերով հաղորդակցվել բանավոր, ինչն էլ խթանել է մասնակիցների՝ անգլերենի իմացության զարգացումը։ Անշուշտ, տեղեկատվական և հաղորդակցական մատչելիությունը լիարժեքորեն ապահովված էր բրիտանացի սղագրողների կողմից (palantypists):

Բարձր եմ գնահատում փոխանակման նման ծրագրերը, որոնց ժամանակ խնդիրների վերհանումը, քննարկումները, առաջարկությունների ու հնարավոր լուծումների որոնումները մեծապես նպաստում են իրավիճակի ճիշտ գնահատմանը, սեփական ներուժի, ինքնագնահատականի բարձրացմանը, հմտությունների որակական աճին:

Աջակցող տեխնոլոգիան ժամանակակից պահանջ է

Ճամբարային օրերն ավարտելուց հետո մի քանի հանդիպումներ եմ ունեցել հոլանդական տարբեր կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սղագրության տեխնոլոգիայով: Այցելել եմ Tolknet և Velotype ընկերությունների գրասենյակներ, որտեղ ներկայացրել եմ մեր խնդիրները և պատմել հեռանկարների մասին:

Tolknet-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գործում է պետական հովանավորությամբ և զբաղվում է ժեստերի լեզվի և բանավոր խոսքի գրավոր փոխակերպման հարցերով, ինչպես նաև ծառայություն ու խորհրդատվություն է մատուցում:

Նիդերլանդներում և Եվրոպայում հայտնի սղագրական սարքի՝ Velotype-ի հիմնադիրներից Վիմ Գերբեքսի աջակցությամբ ծանոթացել ու հաջողությամբ փորձել եմ ստեղնաշարի աշխատանքը: Քննարկել ենք հայերենով այն ներդնելու հարցը:

Հիմա խնդիրը հայերենում առավել հաճախ հանդիպող բառերի որոնումն է, որը մայրենիով սղագրելու փորձի առաջին պայմանն է: Այս եղանակով ցանկացած միջոցառում՝ կոնֆերանս, սեմինար, դասընթաց, ինչպես նաև հեռահաղորդակցում, հասանելի կդառնա լսողության խնդիր ունեցող անձանց։ Հարկ եմ համարում նշել, որ Նիդերլանդներում պետական և մասնավոր հեռուստահաղորդումներն ուղեկցվում են լուսագրերով, որը պարտադիր է օրենքներով։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.