accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Human Rights Watch-ը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրավիճակի մասին

0

«Փաշինյանը ժառանգել է կոռուպցիայից տառապող և մարդու իրավունքների անհամար խնդիրներ ունեցող մի երկիր», – նշում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ Անհամար խնդիրների շարքում կազմակերպությունը թվում է իրավապահ մարմինների կողմից չարաշահումների համար պատասխանատվության բացակայությունը, ընտանեկան բռնությունը, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդերներ անձանց նկատմամբ խտրականությունը և բռնությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ կրթության մատչելիության բացակայությունը և հոգեսոցիալական ու մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացումը:

Տարեկան զեկույցը բաղկացած է վեց բաժնից։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ» բաժնում կազմակերպությունը նշում է.

«Կառավարությունը շարունակում է երեխաների համար նախատեսված որոշ հաստատություններ վերափոխել համայնքային կենտրոնների և աջակցել ընտանիքահեն խնամքին, սակայն այս ծրագրերը մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով չեն ներառում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից և առկա չեն որոշումների կայացմանն աջակցող համակարգեր։ Արդյունքում հաշմանդամություն ունեցող որոշ անձինք անժամկետ մնում են հաստատություններում։

Հետամուտ լինելով 2017 թ. մայիսի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումներին՝ իշխանությունները կոմիտեին տեղեկացրել են, որ 2018 թ. պետական բյուջեում միջոցներ են հատկացվել 90 խնամատար ընտանիքներում 94 երեխայի խնամքի համար, սակայն չի նշել թե նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն:

Իշխանությունները շարունակում են իրականացնել մինչև 2025 թ. համընդհանուր ներառական կրթության անցնելու իրենց հանձնառությունը: Ներառական կրթությունը ենթադրում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համատեղ ուսուցումը համայնքային դպրոցներում: Չնայած առաջընթացին՝ հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բախվել մեկուսացմանը և խարանին, և միշտ չէ, որ ստանում են խելամիտ հարմարեցումներ դպրոցներում, ինչը նրանց հնարավորություն կտար սովորել այլ երեխաների հետ հավասար հիմունքներով»։ 

«Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն» բաժնում կազմակերպությունն արձանագրում է. «Բացահայտ նույնասեռական տղամարդիկ վախենում են զինվորական ծառայության ընթացքում իրենց ֆիզիկական անվտանգության համար, և ոմանք ձգտում են ազատվել բանակում ծառայելու պարտավորությունից: Սակայն, ազատումը պահանջում է բժշկական եզրակացություն, որով նրանք կհամարվեն ոչ պիտանի զինվորական ծառայության համար հոգեկան կամ մտավոր անհամապատասխանության հիմքով: Հայաստանում «հոգեկան կամ մտավոր խանգարման» արձանագրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ զբաղվածության հարցում կամ վարորդական վկայական ձեռք բերելու համար»։ Այսպիսով կազմակերպությունը ևս մեկ անգամ շեշտում է զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձ ընկալվող մարդկանց դժվարությունները և նրանց նկատմամբ խտրականությունը։

«Հիմնական միջազգային դերակատարներ» բաժնում կազմակերպությունը դիտարկել է Հայաստանը միջազգային հարաբերությունների տեսանկյունից, համաձայն որի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը առաջնային են դիտարկվել։ Human Rights Watch-ը անդրադարձել է հունիսին Եվրոպական միության հրապարակած ԵՄ-Հայաստան հարաբերությունների գնահատման զեկույցը, որում նշվում էր  հաշմանդամություն ունեցող երեխաների առավել մեծ թիվը խնամքի հաստատություններում:

ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի այցի մասին զեկույցում նշվում է, որ հանձնակատարը կոչ է արել կառավարությանը երաշխավորել գործունակությունը, դադարեցնել հաստատությունների գործունեությունը և ապահովել որակյալ, ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասի այցի մասին տարեկան զեկույցում նշվում է. «Ի թիվս այլ բաների, Դայնիուս Պուրասը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, մեծ հաստատությունների փոխարեն, ընտանիքներին աջակցելու նպատակով ներդնել համապարփակ ենթակառուցվածք` հաշմանդամություն ունեցող երեխաների առողջապահությունը կազմակերպելու համար: Նա նաև կոչ է արել իշխանություններին դադարեցնել խոշոր հոգեբուժական հիվանդանոցներում և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններում ներդրումներն առաջնահերթ դարձնելու մոտեցումը և ավելացնել ներդրումներն այլընտրանքային հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում»։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.