accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգում

0

Ներառական հասարակություն ունենալու համար պետք է հաշվի առնել աշխարհում ապրող մեկ միլիարդ մարդկանց, որոնք հաշմանդամություն ունեն։ Սա կլինի Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպման այս տարվա ուղերձներից մեկը։ Հանդիպումը կմեկնարկի հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում։ Այն կհամախմբի աշխարհի տարբեր երկրների շուրջ 3,000 մասնակցի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից, բիզնեսից, քաղաքացիական հասարակությունից, մեդիայից։ Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գլոբալացում 4.0. Ստեղծելով գլոբալ ճարտարապետություն չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարում» թեմայի ներքո մասնակիցները կկենտրոնանան գլոբալ ինտեգրացման ներառականության և կայունության վրա՝ փնտրելով նոր գաղափարներ և լուծումներ։

Տարեկան հանդիպման ընթացքում տեղի կունենա ACCESS+ABILITY մեծ ցուցահանդեսը։ Cooper Hewitt սմիթսոնյան թանգարանի հետ համագործակցությամբ կցուցադրվի դիզայներական աշխատանքներ, որոնք ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց հետ և նրանց կողմից։ Ցուցանմուշներից են առանց ձեռքերի հաղորդակցության սարքերը, ադապտիվ հագուստները, բրայլյան խելացի ժամացույցը և այլն։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովներից հանդիպմանը մասնակցելու են սոցիալական ձեռներեց Gina Badenoch-ը, Զբաղվածության և հաշմանդամության ինստիտուտի տնօրեն Susanne Bruyère-ը, գրող Sinéad Burke-ը, ակտիվիստ Caroline Casey-ը, իրավաբան Yetnebersh Nigussie-ը, Unilever-ի գլխավոր գործադիր տնօրեն Paul Polman-ը, պարալիմպիկ մարզիկ Susannah Rodgers-ը, սոցիալական ձեռներեց Thorkill Sonne-ը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցությունը բխում է բոլորի շահերից։ Միասին պետք է ստեղծենք ավելի ներառական աշխարհ, որը հոգ կտանի յուրաքանչյուրիս այսօրվա և վաղվա կարիքների մասին», – ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Արվեստի և մշակույթի պատասխանատու Նիկո Դիսվանին։

Ուղիղ հեռարձակումները՝ http://wef.ch/am19

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.