accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

«Ձեր ձայնը կարևոր է». Իջևանի ավագանու անդամի թեկնածու

0

Իջևանցիները փետրվարի 17-ին կընտրեն ավագանու անդամներին։ 15 տեղի համար ինքնաառաջադրվել է 32 թեկնածու։ Մասնագիտությամբ իրավաբան Տաթևիկ Մինասյանը միակ կին թեկնածուն է։

Տաթևիկ Մինասյանն ավարտել է Եվրոպական տարածաշրջանային քոլեջի իրավագիտության ֆակուլտետը։ Ունի կամավորության ավելի քան 10 տարվա փորձ։ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության սաներից է։ Աշխատել է նույն կազմակերպության մեդիաթիմում, հիմա սոցիալական աշխատողն է։

Ինքնաառաջադրումը համարում է ևս մեկ քայլ հանուն Իջևանի։ Թեկնածուի կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ակտիվ մասնակցությանը խոչընդոտում է հասարակությունում առկա անվստահությունը։ Ուզում է օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող բոլոր երիտասարդների համար, որոնք շատ հաճախ կարծում են, թե չեն կարող իրենց մասնակցությունն ունենալ համայնքի ղեկավարմանը.

«Մենք միշտ կրկնում ենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ հասարակության լիիրավ անդամ է, ունի իրավունքներ։ Այո՛, նաև պարտավոր է նպաստել իր համայնքի զարգացմանը»:

Քաղաքի բազմաթիվ խնդիրներին անդրադառնալիս՝ ընդգծում է նաև այն ձեռքբերումները, որոնք համայնքի անդամները կարողացել են նվաճել։ Խոստանում է ուշադրության կենտրոնում պահել հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, օգնել տեր կանգնելու իրենց իրավունքներին:

Տաթևիկ Մինասյանի նախընտրական բուկլետը սկսվում է «Ձեր ձայնը կարևոր է» կարգախոսով, ավարտվում՝ համագործակցության առաջարկով. «Նոր ծրագրերի և գաղափարների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլ. հասցեով՝ tatevikminasyan1990@gmail.com»։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.