accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Գտի՛ր քո ներսի կնոջը. զրույց սեքսոլոգի հետ (մաս 2)

0

Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի հոգեբանական կողմի մասին զրուցում ենք բժիշկ սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

– Հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ իրենց սեքսուալ, գրավիչ չեն համարում: Ինչպե՞ս ազատվել այդ բարդույթից:

– Շատ սխալ են անում: Եթե մեկ նախադասությամբ ասեմ, այսպես կձևակերպեմ. թող փորձեն չնույնանալ իրենց հաշմանդամության հետ: Այս կանայք պետք է հասկանան, որ իրենք ու իրենց հաշմանդամությունը երկու տարբեր բաներ են: Նրանք իրենց ֆիզիկական մարմինը չեն: Իսկ սրան հասնելը բարդ է, իհարկե: Սա լուրջ, թերապևտիկ աշխատանք է պահանջում, և եթե մեզ նման հարցով դիմեն, ապա 0,5-1 տարի բժիշկը կաշխատի այդ բարդույթից ազատելու համար: Յուրաքանչյուր դեպք անհատական է, և առանց խորքային պատճառներն ուսումնասիրելու խորհուրդ կամ ճանապարհ ցույց տալը պրոֆեսիոնալ չի լինի:

– Թյուր կարծիք կա, որ հաշմանդամություն ունեցող կնոջ մարմինն ամոթալի է կամ սեքսուալ, գեղեցիկ չէ: Եվ ընդհանրապես, ի՞նչ ասել է գեղեցիկ, սեքսուալ մարմին:

– Չկա սեքսուալ կամ գեղեցիկ մարմնի ձևաչափ: Գեղեցկությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է, իսկ սեքսուալ մարմինը՝ առավել ևս: Մարմնին սեքսուալություն հաղորդում է կինը, այն, թե ինչպես է ինքն ընկալում ու ներկայացնում իր մարմինը: Սեքսուալությունը կապ չունի ֆիզիկականի հետ, դա ներքին որակ է: Բոլոր կանայք ունեն այդ որակը, բայց չեն գիտակցում: Գիտակցելու համար պետք է գտնեն իրենց միջի կնոջը: Պետք է ներքին աճ ապրեն: Սեքսուալ ես, երբ գիտակցում ես քո կին լինելը ու դա ցույց ես տալիս նաև մյուսներին: Ֆիզիկականն էստեղ առաջնային դեր չունի, այն պետք է տասներորդական դեր ունենա: Սա չի նշանակում, թե չպետք է հոգ տանել մարմնի մասին, ո՛չ, պարզապես այն առաջնային չէ, ու սեքսուալ լինել՝ չի նշանակում գծված մարմին ունենալ: Ճիշտ է, տղամարդիկ առաջին հերթին վիզուալ գրգիռներից են սեռական գրգռում ունենում, բայց միայն դա չէ պայմանը: Եթե տղամարդը միայն վիզուալ գրգիռներով է առաջնորդվում, ուրեմն նրա մեջ է խնդիրը, ու կինն էստեղ կապ չունի: Առողջ տղամարդը, ով ոչ մի հոգեսեռական բարդույթ չունի, պետք է կարողանա դիմացի կնոջ հետ սեռական հաճույք ապրել: Սա էվոլյուցիայի պահպանման օրենքն է, սեռական բնազդ է: Սակայն պետք է հասկանալ, որ այստեղ հանել ենք սիրելու գործոնն ու խոսում ենք միայն ֆիզիկական մասի վերաբերյալ:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքով ապրելուն:

– Թերևս այն սխալ միտքը, թե իրենց հաշմանդամության պատճառով չեն կարող տղամարդկանց համար ցանկահարույց լինել: Դա պետք է ջնջել ու դադարել այդպես մտածելուց: Այդ միտքը նման է մոլախոտի, որ աճել է ու արմատներ գցել, տարածվել: Պետք է արմատախիլ անել ու նետել էդ միտքը: Դա վերաբերում է նաև տղամարդկանց, քանի որ կնոջն ընկալում են այնպիսին, ինչպիսին ինքն է ներկայանում: Սա բոլորին է վերաբերում, ու հաշմանդամություն ունեցող կանայք բացառություն չեն: Չես կարող հասարակությունը փոխել, պարզապես պետք է քո վերաբերմունքը փոխես հաշմանդամության ընկալման նկատմամբ: Իրականում բարդ է ճիշտ զուգընկեր ընտրել: Սա խնդիր է նաև հաշմանդամություն չունեցող կանանց համար: Պետք է պարզապես անտեսել հասարակության գործոնն ու հետևել, լսել մարմնի պահանջները, փորձել բավարարել դրանք:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.