accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Պետք է վերջ դնել լրիվ անգործունակությանը․ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար

0

Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018 թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։

Ողջունելով իշխանությունների՝ հաշմանդամության ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման հստակ հանձնառությունը՝ հանձնակատարը միևնույն ժամանակ առաջարկել է պետական աջակցությունը կարգավորող վերանայված օրենսդրությամբ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը իրենց վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։ Մասնավորապես, նա կոչ է արել իշխանություններին վերջ դնել հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար լրիվ անգործունակությանը և անցում կատարել անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին․

«Իշխանությունները պետք է օգտագործեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական նախաձեռնության ընթացիկ վերանայման առիթը, որպեսզի վերջ դնեն հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ անգործունակությանը»։

Հանձնակատարը քաջալերել է կառավարությանը հասնել իր կողմից սահմանված, մինչև 2025 թ․-ը ամբողջ կրթական համակարգը ներառական դարձնելու նպատակին և առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել ներառական կրթության ապահովմանը նախադպրոցական մակարդակում, ինչպես նաև ձգտել ապաինստիտուցիոնալացման հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար հավասարապես․

«Հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոցական սեգրեգացիան նրանց՝ որակյալ կրթության հավասար մատչելիության իրավունքի խախտում է: Ավելին, այն զրկում է նրանց կարևոր սոցիալական և կյանքի հմտությունների զարգացման հնարավորություններից և խորացնում է նրանց մարգինալացումը»։

Նա նաև առաջարկել է, որ Հայաստանն ամրապնդի այս ոլորտում միջազգային չափորոշիչների նկատմամբ իր ստանձնած հանձնառությունը՝ ընդունելով Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի լրացուցիչ դրույթները և վավերացնելով անհատական և կոլեկտիվ բողոքների հնարավորություն ընձեռող գործիքները։

Հանձնակատարը ողջունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի ակտիվիստին վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակելը, և քաջալերել է կառավարությանը լրացուցիչ գործողություններ իրականացնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հանրային իրազեկության բարձրացման նպատակով։

Զեկույցի հայերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.