accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

3 քայլ պարզ գրելու համար

0

Տարբեր թեմաների մասին պարզ և հասկանալի գրելը դժվար է, բայց ոչ անհնար։ Միտքը, որ ձեր տեքստը պետք է հասկանալի լինի տարբեր մարդկանց, շարժառիթներից մեկը կարող է լինել։ Անկախ տարիքից, գիտելիքից կամ որևէ այլ կարողության՝ մարդիկ պարզ խոսքի կարիք ունեն։

Ինչպե՞ս պարզեցնել բովանդակությունը

Պարզ տեքստեր գրելու համար պետք է մի քանի փուլ անցնել՝

  • պլանավորումը և ուսումնասիրությունը,
  • գրելը,
  • գնահատումը և բարելավում։

Քայլ 1 – Պլանավորիր և ուսումնասիրիր

Հասկացեք, թե ում համար է այդ տեքստը։ Գրագիտության ի՞նչ աստիճան կպահանջվի հասկանալու համար, ի՞նչ մշակութային հենք պետք է ունենա ընթերցողը կամ ո՞ր տարիքային խմբից պետք է լինի նա։ Ձեր լսարանը հմտորեն կարդում և հասկանո՞ւմ է հայերեն բարդ տեքստեր։

  • Որոշեք, թե որն է ձեր լսարանը։ Ումի՞ց եք ակնկալում կարդալ ձեր նյութերը։
  • Ուսումնասիրեք ձեր լսարանը։ Օգտագործեք գործիքներ ձեր թիրախային խմբի կարիքներն ավելի լավ հասկանալու համար։ Այդ գործիքներից կարող են լինել տվյալների բազաները, ժողովրդագրական տեղեկությունները, հարցումները և հարցազրույցները։ Եթե չունեք ուսումնասիրության ռեսուրսներ, ժամանակ, փորձեք գտնել այլ մարդկանց կամ կազմակերպությունների, որոնք այդ խմբի հետ աշխատելու փորձ ունեն։
  • Ներառեք ձեր լսարանին ստեղծման աշխատանքներին։ Ձեր թիրախային խմբի ներկայացուցիչների մասնակցությունը պլանավորման և ստեղծման փուլում կարևոր է։ Նրանք կարող են արժեքավոր ներդրում ունենալ։
  • Հստակեցրեք նպատակները և այն արդյունքները, որ ակնկալում եք։ Ի՞նչ պետք է անի ձեր լսարանը այդ տեքստը կարդալուց հետո։ Օրինակ՝ եթե ձեր նպատակն է մարդկանց ցույց տալ, թե ինչպես պետք է օգտագործել ջերմաչափը, ապա ակնկալում եք, որ մարդիկ կսկսեն անվտանգ և նպատակային օգտագործել այն։ Ձեր նախադասությունը կարող է լինել այսպես․ «Եթե հետևեք ջերմաչափն օգտագործելու այս ուղեցույցին, կկարողանաք կարգավորել նաև ձեր ջերմությունը»։

Քայլ 2 – Պլանավորիր և գրիր

Երբ արդեն որոշել եք, թե որն է ձեր լսարանը, սկսեք զգուշությամբ գրելը։ Մշակութային, տարիքային և գենդերային տարբերությունները կարող են ազդեցություն ունենալ ձեր տեքստի վրա։ Օրինակ՝ բուկլետի բովանդակությունը, գրելաձևը և պատկերները կարող են տարբեր լինել, երբ այն նախատեսված է երեխաների համար։

Գրավեք ընթերցողի ուշադրությունը ամենասկզբից։ Առաջին նախադասությունները գրավիչ և պարզ դարձրեք։

Տեքստը կառուցեք տրամաբանորեն։ Ամենակարևոր բաները, որ պետք է մարդիկ իմանան, կարող եք ավելացնել սկզբում։ Հետո գրել հիմնական մասը, իսկ վերջում ամփոփեք և կրկին գրեք հիմնական կետերը։

Օրինակները և մարդկանց պատմությունները օգնում են ընթերցողներին։

Գրեք նախնական տարբերակը, վերանայեք և խմբագրեք մի քանի անգամ։ Հանեք բառեր, նախադասություններ, որոնք չեն օգնում կամ առանց դրանց էլ նյութը հասկանալի է։ Շատ բառեր պարունակող նախադասությունները կդժվարեցնեն ընթերցողի գործը։

Քայլ 3 – Գնահատիր և բարելավիր

Երբ արդեն ավարտել եք տեքստի մշակման աշխատանքները, գնահատեք ձեր աշխատանքը՝ դիտարկելով այն տարբեր մարդկանց աչքերով։ Հարցրեք այն մարդկանց, ում համար ստեղծել եք այդ նյութը։ Ի՞նչ փոփոխություններ կանեին տեքստում, ի՞նչ կավելացնեին։

Եթե ձեր նյութը «չհնացող» է, ապա ժամանակ գտեք և պարբերաբար վերանայեք այն։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.