accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ուղեկցող շներ. ինչպես են վարժեցվում չտեսնող մարդկանց օգնականները

0

Շներն ընդհանուր առմամբ զարմանալի կենդանիներ են, սակայն ուղեկցող շներն ակնհայտորեն տարբերվում են մնացած ընտանի կենդանիներից, նույնիսկ՝ ծառայողականներից:Ուղեկցող շները հատուկ մեթոդներով վարժեցված կենդանիներ են, որոնք օգնում են չտեսնող կամ թույլ տեսնող մարդկանց տեղաշարժվել տարածության մեջ և խուսափել առկա խոչընդոտներից: Չտեսնող մարդկանց համար այսպիսի շներն իսկական ընկերներ և անփոխարինելի օգնականներ են: Ուղեկցողը ամենաբարդ և ինտելեկտուալ մասնագիտությունն է, որը երբևէ գոյություն է ունեցել և ունի շների համար:

Առաջին անգամ շներին՝ որպես չտեսնողների ուղեկցողներ վարժեցնելու փորձ արվել է Փարիզի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում 1780 թվականին:
Ուղեկցող շներ վարժեցնելն ու պատրաստելը շատ բարդ գործընթաց է:Զարմանալի չէ, որ ընտրված հարյուր շներից միայն մոտ 25-ը կարող են դառնալ ուղեկցող շուն: Առավել շատ վարժեցվում են գերմանական և շոտլանդական հովվաշները, բայց այսօր շատ այլ ցեղատեսակների շներ ևս ունակ են դառնալու «ուղեկցորդներ»:Այս շներն առանձնանում են իրենց մարդամոտությամբ, խելքով, հնազանդությամբ, հավատարմությամբ և նվիրվածությամբ, ամուր նյարդային համակարգով և մարդկանց նկատմամբ սիրով: Մարզիչները խոստովանում են, որ լաբրադոր, պուդել, կոլլի, բեքսեր, րոտվեյլեր, էրդելտերեր, դոբերման և շատ այլ ցեղատեսակների շները ևս կարող են դառնալ բավականին լավ ուղեկցորդներ: Շան չափերն ունեն շատ կարևոր նշանակություն, քանի որ նրա հասակը պետք է համապատասխանի տիրոջ հասակին: Այսօր շատ տարածված շուն ուղեկցորդ է համարվում լաբրադոր-րետրիվերը, քանի որ այն ունի կարճ մազածածկույթ, տարբեր չափեր և հանդարտ բնավորություն:

Մի շարք դպրոցներում ուղեկցող շներին վարժեցնում են ծնված օրից: Շանը կտրում են մորից և տալիս այն ընտանիքին, որտեղ նա պետք է ապրի: Սկզբնական 45 ամիսներին նրան վարժեցում է փորձառու մարզիչը: Այնուհետև մարզումներին մասնակցում է նաև չտեսնող կամ թույլ տեսնող անձը, ում հետագայում այդ շունը պետք է ուղեցի: Շունը սովորում է ուղեկցել, իսկ տիրոջը սովորեցնում են հաղորդակցվել, դիմել շանը, հոգ տանել նրա մասին: Այս գործընթացում զարգանում է խորը կապ շան և տիրոջ միջև: Ուղեկցող շներին վարժեցնելու գործընթացում նրանց երբեք ֆիզիկական պատժի չեն ենթարկում, քանի որ մասնագետները վստահ են, որ նրանց ցավ պատճառելով անհնար կլինի հաստատել իսկական, անկեղծ և բարյացկամ հարաբերություններ:Ուսուցման վերջում շունը հանձնում է քննություն. աչքերը կապված հրահանգչին ուղեկցում է արդեն իսկ նախօրոք սովորած ճանապարհներից որևէ մեկով: Եթե ճանապարհն անցնում են հաջողությամբ, շանը հանձնում են տիրոջը, սկսվում են հրահանգչի հետ ինքնուրույն պարապմունքները: Եթե տիրոջ և շան միջև հաստատվում են սերտ կապեր և փոխադարձ վստահություն, նշանակում է՝ ուղեկցող շունը համապատասխանում է տիրոջը: Ուսուցման կուրսի ավարտին ուղեկցող շանը տրվում է հատուկ հավաստագիր, որը նրան թույլատրում է այցելել հասարակական վայրեր: Երկրների մեծամասնությունը օրենսդրությամբ թույլատրում է ուղեկցող շներին տերերի հետ այցելել ցանկացած հասարակական վայր, որտեղ այլ չորքոտանիների մուտքն արգելված է: Որպեսզի շունը պահպանի իր աշխատանքային որակը և չմոռանա սովորած հմտությունները, չտեսնող տերը պետք է պահանջկոտ լինի նրա աշխատանքի նկատմամբ և հետևի այն բոլոր կանոններին, որոնց մասին տեղեկացվել է շանը ձեռք բերելու ժամանակ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.