accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Դեպի կյանք վերադարձնելով

0

Gracia4Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատում են 22-28 տարեկան երիտասարդ թերապիստներ: Նրանցից յուրաքանչյուրն օրական բազմազան ֆիզիկական պարապմունքներ է անցկացնում տարբեր տարիքի 10-15 տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ:

Հենց այս երիտասարդների ջանքերի շնորհիվ է, որ ժամանակավոր կամ մշտական հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ որոշակի ֆիզիկական առաջընթաց են ապրում, նորից սկսում են քայլել կամ առավելագույնին հասցնել իրենց շարժումները:

«Երրորդ կուրսում էի սովորում, երբ այստեղ պրակտիկայի եկա։ Մինչ այդ չէի պատկերացնում, թե ի´նչ է մասնագիտությունս, որովհետև ինստիտուտում այդ մասին բավարար ինֆորմացիա չկար, իսկ սովորողները սպորտային բժշկություն ասելով պատկերացնում էին միայն մերսում և վերջ: Գալով այստեղ` որոշեցի նաև մասնագիտանալ ու անցա մասնագիտացման իննամսյա կուրս, որի ավարտին հանձնեցի տեսական և գործնական գիտելիքների քննություն, ու ինձ աշխատանքի ընդունեցին»,- պատմում է Կարեն Ղարիբյանը, ով չորս տարվա աշխատանքային փորձ ունի այս կենտրոնում:

Աշխատանքի մեթոդները կատարելագործում են` ինտերնետի միջոցով ուսումնասիրելով նաև այլ երկրների փորձը․ չկան պարբերաբար վերապատրաստվելու նյութական միջոցներ։ «Մենք ավելի շատ ինքներս ենք մեզ վրա աշխատում: Չեմ կարծում, որ այսօր Հայաստանի հիվանդանոցներից որևէ մեկն ի վիճակի է գումար վճարել և իր մասնագետին վերապատրաստել լուրջ ֆիզիոթերապիա ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը, Գերմանիան և ԱՄՆ-ը, իսկ Հայաստանի պայմաններում ոչ մի անհատ չունի նման միջոցներ` ինքն իր մասնագիտացումը ապահովելու համար»,- փաստում է Կարենը:

Ֆիզիոթերապիստները միջազգային վերականգնողական կենտրոնում ստանում են նվազագույն աշխատավարձ՝ 45.000 դրամ․«Բոլորին էլ հայտնի է, որ առողջապահության ոլորտի մասնագետները (չեմ ուզում ֆիզիոթերապևտներին առանձնացնել) քիչ են վարձատրվում, և գիտեն նաև, թե ինչպես են օրվա հաց վաստակում մասնավոր աշխատանքով: Մեր դեպքում մասնավոր պարապմունքները շարունակական չեն, կարող են մեկ ամիս լինել, չորս ամիս՝ չլինել»:

Մասնավոր պարապմունքի վճարը կախված է հիվանդի վիճակից, տարվող աշխատանքի բնույթից, նվազագույնը այն սկսվում է 5000 դրամից: Ցավոք, ավելի լավ աշխատանքային պայմաններ որոնելու նպատակով հայաստանցի ֆիզիոթերապևտներից շատերը լքում են երկիրը` տեղափոխվելով նախկին ԽՍՀՄ երկրներ:

«Չնայած բարձր վարձատրությանը՝ արտասահմանում, մասնավորապես, Եվրոպայում և ԱՄՆ-ում, աշխատանքի անցնելը շատ բարդ է. կա աշխատանքային ուղեգրի խնդիր, դրա համար էլ մեր ֆիզիոթերապևտները հիմնականում աշխատում են նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում: Այնտեղ էլ նույն մեթոդով են աշխատում, քանի որ հայաստանյան մեթոդը եթե այնտեղինից բարձր չէ, ապա ցածրէլ չէ: Ես ինքս կարճ ժամանակ Մոսկվայում եմ աշխատել, եղել եմ մի քանի կլինիկաներում և մեթոդների տարբերություն չեմ տեսել: Մյուս երկրների հետ համեմատած Հայաստանի միակ խնդիրը կապված է սարքավորումների բացակայության հետ»:

Կարենը և գործընկերները, չնայած դժվարություններին, սիրում են իրենց աշխատանքը: Ուրախանալու առիթներ էլ նրանց համար նույնն են՝ երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը:

Թերապիստներից Ալինա Ռուբինյանը նշում է. «Իմ աշխատանքի ընթացքում եղել է երկու դեպք, երբ մկանային թուլությամբ և ողնաշարի կոտրվածքով մարդը թերապիայի արդյունքում սկսել է քայլել. դա ես ձեռքբերում եմ համարում: Իհարկե լավ կլիներ, եթե հաշմանդամության խնդիրը չլիներ ընդհանրապես, և մենք աշխատեինք ուղղակի որպես մարզիչ որևէ ֆիթնես ակումբում»:

«Լավ կլինի, որ ուշադիր լինեն հատկապես վարորդները, որովհետև մեր հիվանդների մեծ մասը այստեղ է գալիս ավտովթարից հետո, երբ ստիպված է լինում արդեն սայլակով տեղաշարժվել»,- ավելացնում է Կարենը:

Իսկ երիտասարդների մասնագիտական երազանքը մեկն է. «Ցանկացած մարդու համար էլ իր երկրից լավը չկա: Լավ կլինի, որ մենք նորմալ վարձատրվենք մեր երկրում, որ մեր աչքը դրսի ճանապարհին չլինի»,- նշում են միաձայն:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.