accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Ներառական կրթությունը Չարենցավանում երազանք է

0

Եզրակացությունը չի պարտադրում ծնողին այս կամ այն դպրոցն ընտրելու, ոչ էլ պայման է հանդիսանում դպրոց ընդունվելու համար։ Եզրակացոթյունը կարող է որպես ուղեցույց ծառայել ծնողի և երեխայի հետ աշխատող մասնագետի համար:

Ներառական կրթության մասին վերջին տարիներին շատ են խոսում: Բայց այդ մասին դեռ լռում են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Այստեղ վեց դպրոց կա, որոնցից ոչ մեկը ներառական չէ: Ներառական կրթություն չկա, բայց կան հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք կա´մ զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքից, կա´մ այդ իրավունքը իրականացնում են Չարենցավանից դուրս: Քաղաքի մշակույթի և սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Արմինե Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Չարենցավանում  չկան ներառական կրթությամբ կամ ներառական ծրագրով դպրոցներ: Դպրոցները ինքնաֆինանսավորվող ՊՈԱԿ-ներ են և նրանց տնօրեններն են որոշում` օգտվել ներառական կրթություննից, թե ոչ: Եվ քանի որ դպրոցները հարմարեցված չեն հաշմանդամության խնդիր ունցող երեխաներին, դրա համար էլ այնտեղ չի ներառվում այդ կրթական համակարգը»:

Իսկ, թե ինչու դպրոցները հարմարեցված չեն հաշմանդամություն  ունեցող երեխաների համար, Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Խանսանամյանը պատասխանեց.
«Դպրոցների վերանորոգումները իրականացնում է մի շինարարական ընկերություն, որը շահել էր հենց այդ նպատակով անցկացված մրցույթում: Այդ ընկերությունը սկսել է վերանորոգման աշխատանքները: Նրանց նախագծերում չկան ո´չ թեքահարթակներ, ո´չ  այլ տիպի հարմարություններ: Այստեղ տնօրինությունը չի կարող ոչինչ անել, քանի որ ֆինանսավորումը մարզպետարանի կողմից է եղել: Իսկ ձևականորեն հայտարարել, թե մենք օգտվում ենք ներառական կրթությունից, բայց չունենալ հարմարություններ, մենք ուղղակի չենք կարող»:

Այս ամենի հետևանքով Չարենցավանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները ստիպված են լինում դուրս գալ քաղաքից: Նրանցից չորսը հաճախում են Երևանի և Աբովյանի հատուկ դպրոցներ: Մյուս երեխաները, ովքեր ունեն և´ մտավոր զարգացման խնդիրներ, և´ տեղաշարժման խնդիրներ, չեն կարողանում դպրոց գնալ:

Ութնամյա Նարեկ Պողոսյանն այն չորս երեխաներից մեկն է, ով կրթություն ստանալու համար ամեն օր ստիպված է լինում առավոտյան ժամը յոթին, ճանապարհ ընկնել դեպի Երևան: Նարեկն ունի և´ լսողության խնդիր` խուլ է, և´  տեղաշարժման խնդիր: Նա ամեն օր ստիպված է լինում հասնել մայրաքաղաք` հատուկ դպրոցում սովորելու համար: Նարեկի մոր` տիկին Սուսաննայի համար ներառական կրթությունը իրենց քաղաքում ուղղակի երազանք է. «Գոնե լիներ մեկ դպրոց, որ ես կարողանայի իմ տղային տանել: Ամեն օր մինչև հասնում ենք քաղաք, երեխան արդեն հոգնած է լինում, իսկ Չարենցավանում քոնե այդ խնդիրը չէր առաջանա»:

ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյան էլ ավելացրեց. «Կոտայքի մարզից մեզ երբեք հայտ չեն ներկայացրել, որպեսզի մենք էլ սկսենք մեր գործողությունները, և գնահատման կենտրոնը տա եզրակացություն: Բացի այդ, այս բացը գալիս է նաև և´ տնօրենների, և´ մարզպետարանի վերաբերմունքից: Որովհետև, եթե անգամ կա երկու երեխա, ապա նրանք պարտավոր են ստեղծել հարմարություն այդ երեխաների համար»:

Իսկ, թե ինչու մարզպետարանը չի անհանգստացել և ապահովվել տարրական հարմարավետություն իր մարզի ենթակայության տակ գտնվող քաղաքում ապրող հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար, ինչու՞ են գումարներ ծախսել և վերանորոգել դպրոցներ` ինչու դպրոցներում չկան թեքահարթակներ, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովհաննես Կոստանյանը պատասխանեց շատ կարճ և կտրուկ.
-Այսուհետ մենք դա ի նկատի կունենանք:

Փաստորեն, մինչդեռ մարզպետարանում հետայսու են որոշում ի նկատի ունենալ, և բոլոր պատասխանատու օղակներն էլ բերում են իրենց պատճառաբանությունները, հերթական ուսումնական տարին այլևս սկսված է, իսկ դպրոցի ճամփան շարունակում է անհասանելի մնալ Չարենցավանում ապրող հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply