accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

Նոր կազմակերպություն Վանաձորում

0

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վեր հանելու և լուծումներ տալու համար 2013 թ. հունիսին Վանաձոր քաղաքում ստեղծվել է «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպությունը, որն իր գործունեությունը իրականացնում է հենց Վանաձոր քաղաքում: «Կազմակերպությունը ստեղծված է ծառայելու և խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը` կրթության, զբաղվածության ապահովման, իրավական և հոգեբանական կարծրատիպերի հաղթահարման, իրազեկության բարձրացման, տրանսպորտի հարմարեցումների, բուժմանը նպաստող պայմանների, սպորտի և հանգստի, մշակութային միջոցառումների միջոցով: Նպատակ ունենք ֆիթնես ակումբի ծրագրով հանդես գալ, որը կնպաստի և´ սպորտի զարգացմանը, և´ առողջությանը»,- նշում է կազմակերպության ղեկավար Ֆիլետա Ներսիսյանը:

Կազմակերպությունը ստեղծվել է «Հույսի կամուրջ», «Սկարպ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցութամբ:

«ՄԱՆ»-ի աշխատանքներն իրականացվում են հենց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, ինչը հնարավորություն է տալիս բոլոր հարցերը ներսից դիտարկել և ավելի հետևողական, խորքային լուծումներ տալ: Իսկ թե որպես նորաստեղծ կազմակերպություն ի՞նչ խնդիրներ ունեն, տիկին Ֆիլետան հայտնեց. «Մեր ամենալուրջ խնդիրը գրասենյակ ձեռք բերելն է: Այդ խնդրով դիմել ենք քաղաքապետին: Ցավոք, տարածք ձեռք բերելու համար գումարները խիստ սահմանափակ են և տրվում են շատ կարճ ժամանակով` ընդամենը մեկ տարով: Մեզ լուրջ աջակցություն է պետք երկարաժամկետ անվճար տարածք ձեռք բերելու համար, մինչև կարողանանք սեփականն ունենալ»:

«Միասնության արևահամ նեկտար» ՀԿ-ն նորաստեղծ է և ունի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, սակայն դա նրանց չի խանգարել ձեռքբերումներ ունենալ. «Մեր աշխատակիցները մասնակցել են մի շարք դասընթացների Երևանում և Ծաղկաձորում: Պայմանագիր ենք կնքել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի  հետ, որի համաձայն` գերազանցությամբ ավարտած հաշմանդամություն ունեցող շրջանավարտները պետք է աշխատանքի ընդունվեն հենց ինստիտուտում: Նման պայմանագրեր ենք նախատեսում կնքել նաև արտակարգ իրավիճակների նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ»:

Կազմակերպության անվան ընտրության վերաբերյալ Ֆիլետա Ներսիսյանը այսպես է մեկնաբանում. «Միասնություն` որովհետև կարևորում ենք միասնությունը, կոլեկտիվ աշխատանքը, արևահամ` որովհետև դա մեր արևոտ տարածաշրջանն է, հենց մեր արևը։ Եվ նեկտար, որովհետև դա մեր աշխատանքի արդյունքն է, որ անհրաժեշտ համ ու հոտ ունի»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply