accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Յուրահատուկ մերսման կենտրոն

0


«Տեսնող ձեռքեր»
մերսման կենտրոնը հնարավորություն է տալիս կույրերին դրսևորելու իրենց զգայական ունակությունները: Այս կենտրոնում մերսում կատարում են, չզարմանաք` կույր մերսողներ, ինչը այդ մարդկանց կարողությունների դրսևորման հրաշալի հնարավորություն  է:

«Կույր մարդկանց համար ձեռքերը կատարում են նույն դերը, ինչ աչքերը, քանի որ արտացոլում են մարդու ներքին էությունն ու մտքերը»,- ասում է կենտրոնի տնօրեն Մարիամ Դիլբանդյանը, ով մասնագիտությամբ հոգեբան է: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Կույրերի հետ երկար շփումն ինձ հնարավորություն տվեց առավել լավ հասկանալու և տեսնելու նրանց խնդիրները, փորձեցի նրանց օգնել ոչ թե բարեգործության միջոցով, այլ նրանց իրենց ունակությունները կիրառելու հնարավորություն ընձեռելով, քանի որ հայտնի փաստ է, որ եթե մարդ կորցնում է ինչ-որ զգայարան, ապա նրա մոտ ի հաշիվ այդ զգայարանի մյուս զգայարաններն ավելի  են զարգանում»:

Մարիամը որոշեց ստեղծել մի մերսման սրահ, որտեղ կաշխատեն միայն կույր մարդիկ: Այդ մտահղացումը կյանքի կոչելու համար նրան շատ է օգնել Լիանա Ավետյանը, ով Բոստոնում մասնագիտացել էր չինական բժշկության մեջ: Նա ստանձնեց աշխատակիցներին ուսուցանելու գործը, ովքեր ընտրվել էին հայտարարված մրցույթի արդյունքում: 7 ամիս ուսուցումից հետո, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, Մարիամը կարողացավ բացել սրահը, որն այժմ ունի 3 վարպետ մերսողներ: Պատվական Ռևազյանը նրանցից մեկն է: «Ես շատ դժվար վիճակում էի, աշխատանք չունեի, չէի կարողանում հոգալ ընտանիքիս ֆինանսական հարցերը: Այս կենտրոնն ինձ ոչ միայն աշխատելու և վաստակելու հնարավորություն է տալիս, այլև թույլ է տալիս ինձ լիարժեք մարդ զգալ: Ես մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը, քանի որ օգտակար եմ լինում մարդկանց և կարողանում եմ ինքս իմ հոգսերը հոգալ»:

Ինչպես սրահի ղեկավարներն են խոստովանում, սկզբնական շրջանում սրահը գործել է անձնական ֆինանսավորմամբ: Այդ ընթացքում հասցրեցին ուսումնասիրել շուկան, կարողացան մարդկանց ցույց տալ իրենց գործի կարևորությունն ու յուրահատկությունը: Հունվարին կվերաբացվի նոր սրահը, որտեղ բացի մերսման ծառայությունից, կկազմակերպվեն նաև վերապատրաստման դասընթացներ չտեսնող այլ անձանց համար:

Այս ամենով հանդերձ կենտրոնը դեռ դժվարություններ ունի և այժմ կանգնած է տարածքի հարցը լուծելու խնդրի առջև, գործունեությունը շարունակելու համար:

Արմինե Ավետիսյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply