accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Երեխաների՞, թե՞ պարզապես անելու համար

0

Դեռևս անցյալ տարի Գյումրու Մուշ 2 նորակառույց թաղամասում շահագործման հանձնվեց հիմնովին նոր կառուցված 23-րդ դպրոցը, որը եթե ոչ Հայաստանում, ապա Շիրակի մարզում շենքային պայմանների առումով հավասարը չունեցող մի շենք է: 1080 աշակերտի համար նախատեսված այս դպրոցը 2013-2014 թթ. ուսումնական տարվանից ընդգրկվեց ներառական կրթություն իրականացնող դպրոցների շարքում:

23-րդ դպրոցի եռահարկ շենքն այսօր ապահովված է բոլոր պայմաններով` ջեռուցում, առարկայական լաբորատորիաներ ու դասարաններ, ճաշարան, հանդերձասրահ, առանձնացված են նաև տարրական և հիմնական օղակների ու հանդերձասրահի մուտք ու ելքերը: Դպրոց մուտք գործելու համար հաշմանդամություն և, մասնավորապես, սայլակով տեղաշարժվողների համար կա թեքահարթակ, երկրորդ և երրորդ հարկերում` առաձին զուգարան, բայց թե սայլակով տեղաշարժվող երեխան կամ առհասարակ որևէ մեկը ինչպե՞ս պետք է հասնի այդ հարկեր՝ խնդրի մասին շենքը կառուցապատողը չի մտածել:

Դպրոցի տնօրեն Արփինե Արաքչյանի տեղեկացմամբ՝ ներկայումս դպրոց է հաճախում 503 աշակերտ: Ներառական կրթության ծրագրով աշակերտների թիվը 22-ն է, որոնցից միայն երկուսն են տեղափոխվել կրթական այլ հաստատություններից: Ներառական ծրագրով դպրոց հաճախող երեխաների մեջ կան 2 հենաշարժական խնդիր ունեցող  երեխաներ:

photo2553- Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներին հատկացված զուգարաններ ունենք և´ առաջին, և´ երկրորդ հարկերում: Թեքահարթակներ շենքի ներսում չկան, երկրորդ կամ երրորդ հարկ բարձրանալու պարագայում անհրաժեշտ է լինում ծնողների, դասվարի, ուսուցչի, հոգեբանի կամ ինչ-որ մեկի օգնությունը,- նշում է Ա. Արաքչյանն ու ավելացնում, որ հենաշարժական խնդիր ունեցող երկու երեխաներն էլ տարրական օղակում են սովորում, նրանցից մեկի սայլակը մշտապես մնում է դպրոցում, երեխային մեքենայից գրկած հասցնում են մինչև դասարան և հակառակը, իսկ մյուս երեխան դպրոց է գալիս սայլակով:

Ներառական կրթության ծրագրով դպրոց հաճախելու ցանկություն ունեն թե´ հաշմանդամություն ունեցող երեխաները և թե´ նրանց ծնողները, նույն դասարանում նրանց հետ սովորելու ոչ մի առարկություն չունեն նաև մյուս երեխաներն ու նրանց ծնողները, նշում է Ա. Արաքչյանն ու հավելում, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին շատ են սիրում և շատ ուշադիր են նրանց նկատմամբ, դեպքեր չեն նկատվել, դժգոհություններ չեն եղել:

Այնուամենայնիվ, որքան էլ մեծ լինի տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ ուշադրությունը, նրանց չի հաջողվի բարդություներից խուսափել: Մի կողմ թողնելով մարդկայի գործոնը` ականատես ենք լինում ևս մեկ փաստի, երբ իրականում ոչինչ չի խանգարում դպրոցում բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելուն, հատկապես երբ այն հիմնովին նոր է կառուցվել և բավականին աշխատանքներ են կատարվել: Կրկին հարց է ծագում՝ անել երեխաների՞, թե՞ պարզապես անելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply