accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Չի բացառվում, որ հայկական թաբլեթը հայերեն «խոսի»

0

Վերջերս ներկայացվեց առաջին հայկական թաբլեթը՝ Armtab-ը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Disabilityinfo.am-ը թաբլեթների արտադրության կազմակերպիչ Armtab Technolgies ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս նոր թաբլեթները «խոսող» ծրագրերի հնարավորություն կունենա՞ն: Ռաֆայելը մեզ հետ զրույցում ասաց, որ Android-ով աշխատող սարքերի համար կա Talkback ծրագիրը, սակայն այն հայերենի հնարավորություն չունի:

Այս ծրագրի հիմնական գործառույթն այն է, որ այն ձայնով տեղեկացնում է բոլոր այն գործողությունների մասին, որն իրականացնում է օգտատերը՝ միացնել, անջատել և այլն: Բացի այդ, հեռախոսի դեպքում ծրագիրը տեղեկացնում է ստացված SMS հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի մասին: Ծրագիրն օգնում է թույլ տեսողություն ունեցող մարդկանց ավելի հեշտ օգտվելու սարքերից:

Ռաֆայելն ասում է, որ եթե կարիք և հստակ պահանջներ լինեն, իրենք էլ կարող են ստեղծել պահանջվող ծրագրային փաթեթը, որ ծրագիրը նաև հայերեն «խոսի», դա տեխնիկապես բարդություն չի ներկայացնում, սակայն առայժմ արտադրության հարցերով են զբաղված: Մեր դիտարկմանը, որ չի՞ կարծում, որ եթե նույնիսկ թույլ տեսողություն ունեցող մեկ մարդ օգտվի իրենց թաբլեթներից, ապա պետք է այդ ծրագիրը ներդրված լինի, Ռաֆայելը պատասխանեց.

«Անչափ կարևորելով հասարակության բոլոր ներկայացուցիչների համար մեր պլանշետի հասանելիությունը, սակայն, պիտի նշեմ, որ դեռ չենք կարող խոսել առաջիկայում Talkback-ի հայերեն տարբերակի ներդրման մասին, քանի որ դա պահանջում է բավական մեծ ներդրում: Սակայն համապատասխան պատվերի դեպքում, դա տեխնիկապես իրագործելի է»,-նշեց նա:

Արտակ Բեգլարյանն օգտվում է iOS օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ից: Այն VoiceOver կոչվող ծրագիր ունի, որի միջոցով թույլ տեսողություն ունեցող մարդիկ կարողանում են «կառավարել» իրենց սարքը: Այն գրեթե նույն գործառույթներն ունի, ինչ Talkback-ը: Արտակն ասում է, որ այս ծրագրի ամենամեծ թերությունն այն է, որ ծրագիրը հայերեն չի կարդում:

«Հայկական պլանշետների համար էլ եմ հետաքրքրվել, իմացել եմ, որ դրանք Android-ով են աշխատելու, ենթադրում եմ, որ «խոսող» ծրագրերի հնարավորություն կունենան, քանի որ Android-ի համար նախատեսված ծրագիր էլ կա: Այստեղ միակ խնդիրը կարող է հայերենի հետ կապված լինել, քանի որ միայն Windows-ի համար նախատեսված հայերեն ձայն գիտեմ, իսկ այլ համակարգերում դեռ չեմ հանդիպել հայերեն խոսող ծրագիր»,- ասաց Արտակը:

Ամեն դեպքում, Ռաֆայել Ղասաբյանը չի բացառում, որ հայկական թաբլեթները հայերեն «խոսող» ծրագիր ունենան, ամեն ինչ կախված է նրանից, թե Armtab-ն ինչ հաջողություն կունենա շուկայում:

Արա Հարությունյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply