accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Disabilityinfo.am-ն ամփոփում է տարին

0

IMG_0068Disabilityinfo.am-ը Մարդու իրավունքների պաշտպանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդական Տաթևիկ Խաչատրյանի հետ ամփոփում է տարին: Եվ այսպես, ի՞նչ կարևոր քայլեր են կատարվել այս տարի հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լուծելու համար, և որքանո՞վ են դրանք արդյունավետ եղել:

ՀՀ կառավարությունը հրապարակեց իր առաջին զեկույցը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման վերաբերյալ, որից հետո «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինք» իրավաբանական անձանց միությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ մշակեցին և պատրաստեցին իրենց այլընտրանքային զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ:

«Այս զեկույցը, բնականաբար, էապես տարբերվում է այն գերազանց իրավիճակից, որ ներկայացրել է կառավարությունը, և փոխարենը մատնանշում է պետության թերացումները մի շարք ոլորտներում: Մյուս կողմից` տարին նշանավորվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի մի շարք քննարկումների կազմակերպմամբ ԱԺ-ում, ինչպես նաև հաշմանդամության սահմանման չափորոշիչների նոր համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ կատարված քայլերով: Այս քայլերը, թեև դեռևս ավարտին չհասցրած, սակայն առանցքային էին ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխման և կոնվենցիայի ստանդարտներին մոտեցնելու համատեքստում»,- ասում է Խաչատրյանը:

Խոսելով կրթության ոլորտում արված քայլերի մասին` նա նշում է, որ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է ավելացնել ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը, սակայն խնդիրը միայն դպրոցների քանակն ավելացնելը չէ, այլև դրանց բովանդակությունը:

«Մասնավորապես, շատ դպրոցների շենքեր շարունակում են անմատչելի մնալ այն աշակերտների համար, ովքեր պետք է սովորեն այնտեղ, մասնագետները դեռևս չունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր կարողություններն ու հմտությունները»,- նշում է Խաչատրյանը:

Նա այս իմաստով կարևորում է քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համատեղ աշխատանքը նման խնդիրների վերհանման ուղղությամբ:

Տաթևիկ Խաչատրյանի կարծիքով՝ համակարգային խնդիր է շարունակում մնալ մատչելիության հարցը հասարակական կյանքի մի շարք ոլորտներում: Տրանսպորտի հարմարեցման հարցը այդպես էլ չլուծվեց, մինչդեռ 2013-ի սկզբից Երևանի քաղաքապետարանը իր տարեկան ծրագրի մեջ ներառել էր 10 ավտոբուսների հարմարեցման հարցը, որի համար, ի դեպ, բյուջեից հատկացրել էր 25 մլն դրամ:

Նշենք, որ այժմ էլ քաղաքապետարանը խոստանում է 2014 -ին Երևանի ներքաղաքային 10-15 ավտոբուսներում հատուկ վերելակներ տեղադրել` դրանք հարմարեցնելու հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` մայրաքաղաքի բյուջեից կտրամադրվի գումար` տրանսպորտում հաշմանդամների հարմարավետությունն ապահովելու աշխատանքների համար:

«Այս տարի մայրաքաղաքում քաղաքային բյուջեի միջոցներով կառուցվել է 80 թեքահարթակ և 300-ը` փողոցների վերանորոգման ընթացքում: Կառուցվել են նաև 4 հարմարեցված այգիներ: Անելիքները շատ են: Մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Երևանի քաղաքապետը հանձնարարել էր ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել էր, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: Սա, անշուշտ, գնահատելի էր, բայց դա օրենքի պահանջ է դեռևս 2007-ից:

Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել էր նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար: Հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում քաղաքապետարանը կազմել է նաև 175 փողոցների ցուցակը, որոնք 2014-ի ընթացքում համայնքային բյուջեում նախատեսված 40 մլն դրամով կհարմարեցվեն:

Հասարակական կազմակերպությունների առաջարկով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է նաև վճարովի ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող վարորդների և նրանց տեղափոխողների համար հատուկ տեղերի առանձնացումը: 2014-ին մոտ 25 տեղ կհատկացվի գծանշված կայանատեղերում, որոնք զբաղեցնելու դեպքում այլ անձինք կենթարկվեն վարչական տույժի: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, կայանելու թույլտվության, ինչպես նաև տուգանքների կիրառման մեխանիզմները քննարկման և ճշտման փուլում են, և խնդիրը վերջնականապես լուծում կստանա 2014-ի սկզբին՝ ճանապարհային ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում:

Այսպիսին էր 2013-ը, Disabilityinfo.am-ը հաջորդ տարի նույնպես շարունակելու է հետևել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին:

Արա Հարությունյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply