accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

Մենք սիրով ենք քննադատում

0

2013-ին իրականացավ իմ երազանքներից մեկը. «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ստեղծվեց disabilityinfo.am կայքը: Մենք երկար պատմություն չունենք դեռ, բայց հասցրել ենք փոքրիկ հաղթանակներ ունենալ, ամենակարևորը՝ փորձել ենք նոր մոտեցում ցուցաբերել հաշմանդամության խնդրի լուսաբանմանը` թեմային անդրադառնալով մարդու իրավունքների  տեսանկյունից և ներառական լուսաբանման սկզբունքով:

Ինձ համար ամենաթանկ գնահատականներից մեկը Արա Շիրինյանին էր, երբ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ մրցութային հանձնաժողովի քննարկմանը մեր նյութերից մեկի մասին նշեց՝ մեզ այսպիսի նյութեր են պետք, հիմնված իրավունքների իրացման վրա:

Իսկապես, մենք աշխատում ենք բոլոր գործընթացներում տեսնել հաշմանդամություն ունեցող մարդու կարիքը և համոզվել՝ հիշե՞լ են արդյոք նրանց մասին այս կամ այն ծրագիրն իրականացնելիս, այս կամ այն քաղաքականությունը մշակելիս:

Շատ ուրախալի էր նաև 174 դպրոցի մասին disabilityinfo.am-ի նյութի արձագանքը մեր գործընկեր լրատվամիջոցների և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Այս տեսակ համագործակցությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում, միավորում մեկ նպատակի շուրջ:

2013-ին հնարավորինս հետևել ենք մեր շուրջը կատարվող իրադարձություններին` դրանք դիտարկելով հաշմանդամություն ունեցող անձի տեսանկյունից: Նոր տարում՝ 2014-ին, շարունակելու ենք մեր գործունեությունը` նպաստելու, որ այն, ինչ արվում է մեր երկրում, արվի հավասարապես բոլորի համար` առանց խտրականության:

Մենք ոչ միայն բացասական հետևանքների, այլ նաև դրական արդյունքների ականատես ենք դառնում, բայց քանի որ թերությունների մասին խոսելն ավելի ցավոտ է, պետք է պատրաստ լինել դրան: Թեև մենք սիրով ենք քննադատում և դա անում ենք ոչ թե Ընդդեմ, այլ Հանուն:

Շնորհակալ եմ մեր թիմի անդամներին իրենց նվիրյալ աշխատանքի համար և, իհարկե,  Եվրասիա համագործակցության հիմնադրամին` մեզ վստահելու և ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply