accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ի՞նչն է առաջնահերթ Լոռու մարզում

0

«2013-ի պաշտոնական տվյալներով՝ Լոռու մարզում բնակվում է հաշմանդամություն ունեցող 17.061 մարդ, որոնցից շուրջ 300-ը սայլակով տեղաշարժվողներն են: Նրանց 1/3-ը վանաձորցիներ են»,- ասում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ով միաժամանակ նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղարն է: Համաձայն մարզի 2014-2017 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծի, որ ներկայացվել է կառավարությանը և դեռևս հաստատման փուլում է, մարզային իշխանությունները որպես ոլորտի առաջնահերթություն շեշտադրել են սոցիալական ներառումն ու, մասնավորապես, շրջակա միջավայրի մատչելիության ապահովումը՝ ելնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջներից: «Առաջիկա 4 տարվա կտրվածքով մարզային իշխանություններն ակնկալում են 7 մլն 300 հազար դրամ թեքահարթակների կառուցման համար»,- ասում է մարզի սոցիալական ոլորտի գլխավոր պատասխանատուն:

Նույն հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի խոսքով՝ անցյալ տարի մարզի տարբեր համայնքներում կառուցել են 5 թեքահարթակ՝ ելնելով համայնքների առաջարկներից: Նա հավաստում է, որ մարզպետարանի կառուցած թեքահարթակները հիմնականում համապատասխանում են չափորոշիչներին, սրան զուգահեռ, սակայն, բազմաթիվ են վայ-թեքահարթակները և այլ հին շենք- շինությունների մատչելիության հետ կապված խնդիրները: «Յուրաքանչյուր համայնք պարտավոր է վերահսկել, որ հատկապես նորակառույց շենք-շինությունների նախագծերը հաստատելիս մատչելիությունը հաշվի առնվի: Չթույլատրվեն առանց թեքահարթակի կամ չափորոշիչներին չհամապատասխանող թեքահարթակների կառուցումը»,- ասում է Ա. Ջանազյանը:

Քաղաքաշինական պետական տեսչության Լոռու մարզային կառույցի ղեկավարի հեռախոսն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին:

Լուսինե Սարգսյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply